Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՊ-ն խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամում թերացումներ եւ անարդյունավետ ծախսեր է արձանագրել

Ապրիլ 09,2018 21:21

Վերահսկիչ պալատն ուսումնասիրություն է կատարել գյուղատնտեսության նախարարությունում, եւ մի շարք ուղղություններով թերացումներ եւ ոչ արդյունավետ ծախսեր արձանագրել:

ՎՊ-ն իր ուսումնասիրության վերաբերյալ հաշվետվությունը չի հանրայնացրել եւ չի էլ հանրայնացնելու, սակայն Aravot.am-ի ձեռքի տակ են հայտնվել այդ ուսումնասիրության արդյունքների մասին որոշ փաստաթղթեր: Ընդ որում, այս հաշվետվությունում որպես ծանուցում գրված է՝ «Սույն փաստաթուղթը «Վերահսկիչ պալատի» մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով ներառում է վերահսկողության ընթացքում արձանագրված փաստեր, հանդիսանում է հետագայում կազմվող ընթացիկ հաշվետվության հիմք եւ հրապարակման ենթակա չէ»:

Այս անգամ հաշվետվությունն ու ուսումնասիրությունը վերաբերում են նախարարությանը ենթակա խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին:

Այս հիմնադրամը ստեղծվել է 2016-ին: Հիմնադրամի հաշվին 2016-17 թվականներին մուտքագրվել է 348,8 միլիոն դրամ եւ 43 միլիոն էլ՝ որպես այլ մուտքեր:

2017-ին հիմնադրամը, ըստ ՎՊ-ի, իր բյուջեի 348,8 միլիոն դրամից ծախսել է 332 միլիոնը:

Նույն տարում հիմնադրամի ծախսերն են՝ աշխատավարձ՝ առանց եկամտահարկի եւ սոցվճարների՝ 59,3 միլիոն դրամ, ծառայությունների ձեռքբերում՝ 29,3 միլիոն դրամ, հիմնական միջոցների ձեռքբերում (այդ թվում՝ 15 միլիոն դրամով մեկ ավտոմեքենա)` 28,4 միլիոն դրամ, ծրագրային ծախսեր (հայկական գինիների ներկայացում)՝ 176,9 միլիոն դրամ, այլ ծախսեր՝ ներառյալ հարկերը, տուրքերը եւ այլ վճարները՝ 38 միլիոն դրամ:

Վերահսկիչ պալատը նշել է. «Հիմնադրամի հաստիքացուցակում առկա է 12 հաստիք, որից խաղողագործության բնագավառի մասնագետները 3-ն են, ինչն էլ որոշ չափով բացատրում է այդ բնագավառում կատարված աշխատանքների ցածր մակարդակը: Մասնավորապես, անցած ժամանակահատվածում հիմնադրամը չի զբաղվել կանոնադրությամբ սահմանված՝ Հայաստանի տարածքում աճեցվող խաղողի սորտերի գույքագրմամբ, ինչը կարեւոր նշանակություն ունի մրցունակ գինու տեսակների արտադրության ներուժի գնահատման, այգետարածքներում խաղողի գինեմետ սորտերի աճեցման տեսանկյունից»:

Բացի այս, ՎՊ-ն արձանագրել է, որ հիմնադրամը 2017-ի հունիսին փորձել է 200 համայնքների 3796 ֆերմերների շրջանում կատարել հարցում՝ խաղողագործության ոլորտի խնդիրների բացահայտման, ստացվող խաղողի սորտերի ու քանակի, եւ այլ հարցերի շուրջ, սակայն չի կատարել: Մասնավորապես, ըստ ՎՊ-ի, այդ միջոցառումն արդյունք չի տվել, հարցմանը մասնացել է ընդամենը 415 ֆերմեր, իսկ հարցման արդյունքները չեն ամփոփվել:

ՎՊ-ն նաեւ նշել է, որ հիմնադրամի համար առաջնային գործառույթը եղել է Մունդուս գինու (Mundus vini) մրցանակաբաշխությունը, Prodexpo, Prowin, ProwinChina ցուցահանդեսներին մասնակցելն ու տարբեր երկրներից Հայաստան բլոգերների այցերի կազմակերպելը, եւ այս ամեն համար ծախսվել է 176,9 միլիոն դրամ:

Հանուն արդարության նշենք, որ 2017-ին Mundus vini մրցանակաբաշխության ժամանակ հայկական մի շարք գինիներ արժանացան 23 մեդալների՝ 10–ը՝ ոսկի եւ 13-ը արծաթ:

Ըստ ՎՊ-ի, հիմնադրամն իր կանոնադրության 23 գործառույթներից 14-ի իրականացումը չի ապահովել, եւ ինչպես ՎՊ-ն է նշել, գործառույթների գերակշռող մասը հստակ չէ (աջակցել, մասնակցել, խթանել, նպաստել եւ այլն), ինչը հնարավորություն չի ընձեռում գնահատելու նաեւ մնացած գործառույթների իրականացման արդյունավետությունը:

Ներկայացնենք հիմնադրամի գործառույթներից որոշները, որոնք, ըստ ՎՊ-ի, հիմնադրամն իր կանոնադրության համաձայն պարտադիր պետք է կատարեր, սակայն չի իրականացրել:

Հիմնադրամի գործառույթներից է՝

1.Գինու արտադրության համար ներուժ ունեցող տեղական եւ միջազգային ճանաչում ունեցող խաղողի սորտերի ընտրությանն ու բազմացմանն աջակցելը: Ըստ ՎՊ-ի, այս ուղղությամբ աշխատանք չի կատարվել:

2.Այգետարածքների մշակման, խաղողահումքի որակի բարելավման եւ խնամքի ընդլայնմանն ուղղված ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը մասնակցելը. աշխատանքը չի կատարվել:

3.Գինու արտադրության հումք հանդիսացող խաղողի վնասատուների եւ հիվանդությունների դեմ կանխարգելիչ եւ պայքարի ուղղությամբ տարվող միջոցառումների իրականացմանը մասնակցելը. աշխատանք չի կատարվել:

4.Արտադրող-խաղողագործ քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորմանն աջակցելը՝ ուշադրություն դարձնելով գյուղացիական փոքր տնտեսությունների եւ մթերող կազմակերպությունների միջեւ երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերություններին. աշխատանք չի կատարվել:

5.Հիմնական շուկաների գործարար շրջանակների վերլուծություններ իրականացնող կազմակերպությունների հետ կապեր հաստատելը: Ըստ ՎՊ-ի, այս ուղղությամբ 2017-ի հունիսին մշակվել է գինեգործության ոլորտում գործող ընկերությունների մարկետինգային հնարավորությունների գնահատման հետազոտություն, որը չի կատարվել:

6.Խաղողագործներին աջակցելը՝ խորհրդատվություն տրամադրման հարցում. աշխատանքը չի կատարվել:

7.Խաղողագործության եւ գինեգործության ոլորտների տնտեսվարողների տեխնիկական, տեխնոլոգիական զարգացմանն աջակցելը. աշխատանք չի կատարվել:

8.Հայաստանում գինու սպառման մշակույթ զարգացումը խթանելը՝ բարձրացնելով բնակչության տեղեկացվածությունը գինու վերաբերյալ, եւ հայրենական որակյալ գինու պահանջարկ ձեւավորելը. Ըստ ՎՊ-ի, այս ուղղությամբ պատրաստվել են 28 եւ 32 րոպեանոց հաղորդումներ՝ 13.5 միլիոն դրամով:

9.Գինեգործության մարքեթինգային եւ գովազդային գործունեություն իրականացնելը. աշխատանք չի կատարվել:

Հիմնադրամի՝ ՎՊ-ի հայտնաբերած մեկ այլ խախտման մասին կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Իսկ գյուղատնտեսության նախարարության պարզաբանումը Վերահսկիչ պալատի արձանագրած թերացումների մասին, կներկայացնենք առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30