Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտից փակել ԱԺ տանող փողոցները, խաթարել մետրոյի աշխատանքը». ցուցարարների վաղվա անելիքները

Ապրիլ 16,2018 20:21 Share

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, որտեղ փշալարերի մի կողմում ոստիկաններն են, մյուսում՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանդես եկող ցուցարարները, քիչ առաջ պետք է հանրահավաք մեկնարկեր, սակայն «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քանի որ տեխնիկական միջոցները չեն կարող պողոտա բերել, կիջնեն Ֆրանսիայի հրապարակ: «Ես Օսիպյանի հետ խոսել եմ, նա խոստացել է, որ այդ ընթացքում փշալարերն առաջ չեն տալու, դրանք մնալու են իրենց տեղում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Արդեն Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանն ամփոփելով իրավիճակը՝ հայտարարեց. «Այսօր մենք բեկում մտցրեցինք եւ փակեցինք նրանց բերանները, որոնք ասում էին, թե ՀՀ-ի ժողովուրդը տանը նստած-համակերպված է ամեն ինչի հետ: Այս շարժումը տասնյակ հազարավոր քաղաքացիների համակրանքն է վայելում: Այդպես է, որովհետեւ սա անկեղծ ու արդար շարժում է: Սա շարժում է՝ հանուն քաղաքացու հաղթանակի»:

Ինչ վերաբերում է վաղվա անելիքին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետք է խոչընդոտել ժամը 12-ին նախանշված ԱԺ նիստի կայացումը, որպեսզի պատգամավորները Սերժ Սարգսյանին չընտրեն որպես վարչապետ: Այդ նպատակով, ինչպես Փաշինյանը հայտնեց, առավոտյան ժամը ութից պետք է արգելափակել փողոցները, հատկապես ԱԺ տանողները՝ Դեմիրճյանը, Պռոշյանը, Սարյանը:

«Փակեք ամեն ինչով՝ «կամազներ»-ով, «կռազներ»-ով, վրաններով, աղբամաններով, ինչով պատահի: Փակեք միջպետական եւ միջհամայնքային ճանապարհները, իսկ ով կարող է՝ մեքենայով թող հասնի Երեւան»,-քաղաքացիներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա` ցուցարարներին եւս մեկ կոչ հղեց. «Նստեցրեք ոստիկանական «էվակուատորների» անիվները: Հիմիկվանից, եթե տեսնում եք, թսկացրեք, ոչ թե ծակեք՝ ձեւը գիտեք: Վաղը եւս խաթարեք մետրոյի աշխատանքը, որպեսզի ոստիկանները մետրոյով տեղաշարժվել չկարողացան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բա, օդակայա՞նը խի չեն փակում… չնայած, այս գեղեցիկ պատկերներով որ ողողեցին Համացանցը, արդէն նորմալ երկիրներից շատ զբօսաշրջիկներ չեն երթալու այդ կողմերը… կը գոհանաք պարսիկներով…

Պատասխանել