Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցնել բռնությունները լրագրողների նկատմամբ և պատժել մեղավորներին. հայտարարություն

Ապրիլ 22,2018 19:56

Վերահաստատելով ստորեւ բերված ս.թ. ապրիլի 19-ի մեր հայտարարության գնահատականները եւ պահանջները, ներկայացնում ենք ապրիլի 20-ին ու 21-ին և 22- ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը:

Ապրիլի 21-ի առավոտյան Երեւանի Նորքի 7-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից իրականացվող երթի ընթացքում ծագած հրմշտոցի արդյունքում վնասվել է Factor.TV-ի տեսախցիկը։

Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում գործեցին քաղաքացիական հագուստով անձինք, պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չարեցին՝ բռնությունը կանխելու համար:

Նույն օրը Ավան թաղամասում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  առանձնատան մոտ հարձակման է ենթարկվել Սիվիլնեթի լրագրող Անի Գրիգորյանը: Քաղաքացիական հագուստով անձի դժգոհությունն էր առաջացրել լրագրողի հարցը, ինչով է պայմանավորված բողոքի ցույցերում չմասնակցող մարդկանց կուտակումը այդ վայրում: Ընդհանրապես պետք է արձանագրել, որ քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից բռնությունները ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բավականին տարածված երեւույթ են դառնում: Եվ ամենայն հավանականությամբ քաղաքապետի առանձատան մոտ հավաքվածները հենց այդպիսի խմբերից մեկն էին:

Ապրիլի 21-ին Սիվիլնեթի եւս երկու լրագրողներ ընդհարումներ ունեցան ոստիկանների հետ: Թաթուլ Հակոբյանին ուժի կիրառմամբ խոչընդոտել են նկարահանումներ իրականացնել այն պահին, երբ ենթադրաբար փորձ էր արվել մեկուսացնել եւ բերման ենթարկել ԱԺ պատգամավոր ու «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին»: Իսկ Ալինա Նիկողոսյանին «կարմիր բերետավորներից» մեկը ուժեղ հարվածել է մեջքին, երբ լրագրողը նկարահանում էր Մաշտոցի պողոտաի ու Ամիրյան փողոցի խաչմերուկում ցուցարարներին բերման ենթարկելը:

Նախորդ օրը Երևան-Աբովյան մայրուղու վրայից բերման ենթարկվեց Sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը: Թեեւ նա կրում էր բեյջ եւ ներկայանում որպես լրագրող, նրան բռնի ուժով նստեցրեցին ոստիկանական մեքենա ու միայն որոշ ժամանակ անց վերադարձրեցին նույն վայր, որտեղից տարել էին։

Նոր Նորքի խաչմերուկում ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառող քաղաքացիական հագուստով անձանցից մեկը, տեսնելով, որ lragur.am֊ի լրագրող Թեհմինե Ենոքյանը նկարահանում է իրենց գործողությունները հարվածեց նրա գլխին: Իսկ այնտեղ հայտնված կանանցից մեկը քաշեց մազերից, իսկ մյուսը` պոկեց պայուսակիս քուղը: Էստ, Թեհմինե Ենոքյանի, ականատես քաղաքացիներն ասացին, որ բռնություն կիրառողները մինչ այդ ներկայացել էին որպես թաղապետարանի աշխատակիցներ, որոնք սերտ շփվում են ավելի ուշ ժամանեց ոստիկանների հետ:

Մաշտոցի պուրակի մոտակայքում, երբ ցուցարարներն Ամիրյան փողոցից շարժվել էին դեպի Մաշտոցի պողոտա, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ցուցարարների դեմ իրենց գործողությունները լուսաբանող News.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին: Թեպետ, և այս, եւ նախորդ նկարագրված դեպքերում, ըստ լրագրողների, նրանց շփոթել էին ցուցարարների հետ:

Բռնությունները լրագրողների նկատմամբ շարունակվել են նաև ապրիլի 22-ին։

Գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։

«Ազատության» փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիազարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում, ուժ գործադրելով, ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը։ Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, 6-7 ոստիկաններ հարձակվել են Եղիազարյանի վրա՝ չնայած նա կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և այն հստակ ցուցադրել է, մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է։

«Ռադիոլուրի» թղթակից Լիանա Եղիազարյանը Արցախ-Էրեբունի խաչմերուկում ցուցարարների դեմ գործողությունների ընթացքում հատուկ միջոցների կիրառումից վնասվածք է ստացել։ Ըստ Armradio.am կայքի տեղեկության, նա կարողացել է հասնել հանրային ռադիոյի շենք, որտեղ և շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։

Shantnews.am-ի թղթակից Արտակ Խուլյանը, որը Էրեբունի համայնքում լուսաբանում էր բողոքի ակցիաները, հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:

Երևանի Հանրապետության հրապարակում սև դիմակով ոստիկանը շպրտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկը՝ թույլ չտալով նրան նկարահանում իրականացնել։ Ուղիղ եթերում պարզ երևում էին այն կադրերը, թե ինչպես էին ոստիկանները վազում և այդ ընթացքում լրագրողի տեսախցիկը հայտնվում է գետնին՝ կադրեր գրանցելով։

Լրագրողի հարցերի ի պատասխան Օսիպյանը ասել է․ «Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, այնպիսի հատվածում եղեք, որ կամերաները չվնասվեն»։

Ոստիկանների կողմից խոչընդոտվել է նաև Media.am-ի լրագրող  Գայանե Ասրյանի աշխատանքը։  Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ նա հարված է ստացել սև դիմակով ոստիկանից։

Նա ականատես է եղել նրան, որ ցուցարարների վրա ոստիկանները լուսային նռնակներ էին շպրտում, ծեծում ու հրում նրանց։

Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, արձանագրել լրագրողների նկատմամբ բոլոր ոտնձգությունները և վերահաստատում ենք մեր պահանջը դադարեցնել  բռնությունները և պատժել մեղավորներին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30