Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր, քրիստոնյա երկիր՝ շրջապատված գերազանցապես ոչ քրիստոնյա հարևաններով. CNN-ը` Հայաստանի մասին

Մայիս 21,2018 21:45

Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումը նվիրված է եղել Հայաստանին: Ամերիկացի հայտնի հաղորդավար, շեֆ-խոհարար, հաղորդավար Էնթոնի Բուրդենը Հայաստան է այցելել System of a Down խմբի մենակատար, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ուղեկցությամբ:

Հոլովակի հենց սկզբում հեղինակը նշում է, որ Սերժը հայ է, և ինչպես հայերից շատերը, Հայաստանում չի ծնվել և հավելում․ «Հայաստանը փոքր, քրիստոնյա երկիր է՝ շրջապատված գերազանցապես ոչ քրիստոնյա հարևաններով՝ Ադրբեջան, Իրան, Թուրքիա»: Հեղինակը շեշտում է, որ վերջինիս հետ Հայաստանը շատ բարդ հարաբերություններ ունի, իսկ անդրադառնալով 103 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությանը, Բուրդենն ասում է՝ Թուրքիան հերքում է այդ փաստը՝ ասելով, որ կատարվածը պատերազմի հետևանք է:

«Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, շուրջ 1 միլիոն մարդու քաղաք, իսկ հեռվում մշտապես վեր խոյացող Արարատ լեռը մշտական հիշեցումն է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դրա հակառակ կողմում»:

Հայաստանում բնակվում է շուրջ 3 միլիոն մարդ, ևս 8 միլիոն՝ աշխարհի տարբեր մասերում՝ փաստում է Բորդենը և առանձնացնում երեք կարևոր իրադարձություններ՝ 1988թ. երկրաշարժը, 1991թ. ԽՍՀՄ-ի փլուզումը և 1992թ. Ադրբեջանի հետ պատերազմը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը և Բուդրենը զրուցում են Կասկադ համալիրի աստիճանների վրա նստած՝ խոսելով Հայոց ցեղասպանության, սերունդների վրա դրա ազդեցության, ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Հայաստան. երկիր, որն ունի ազգային հաց». այսպես Բուրդենը բնորոշում հայկական լավաշը՝ ընդգծելով, որ այն ցանկացած հայկական սեղանի անբաժան մասն է, իսկ լավաշի պատրաստման ավանդույթը փոխանցվում է սերնդից սերունդ: Այցելելով քաղաքի կենտրոնում գտնվող «Գումի» շուկա, հաղորդավարը նշում է, որ դեռևս խորհրդային ժամանակներից գործող շուկան շարունակում է մնալ Հայաստանի տարբեր սերունդների սիրելի վայրը:

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է գտնվում հայկական խոհանոցը: Էնթոնի Բուրդենը և Սերժ Թանկյանը փորձում են հայկական խոհանոցի տարբեր ուտեստներ` տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ, ինչպես նաև ղափամա, որը համտեսում են Թանկյանի ընկերների՝ Մարիամ Մովսիսյանի և Նազարեթ Սեֆերյանի տանը, որտեղ հյուրերը զրուցում են ընտանիքի անդամների հետ, խոսում նրանց արմատների, խորհրդային ժամանակների, հայկական ավանդույթների մասին:
Հեղինակն անդրադառնում է նաև հայկական արտադրության տարբեր ալկոհոլային խմիչքներին: Հայ արտադրողները սիրով պատմում են ալկոհոլային խմիչքների պատրաստման գործընթացի, սեղանի շուրջ կենացներ ասելու ավանդույթի մասին:

Հեղինակը պատմում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին՝ նշելով, որ Հայաստանի տարբեր շրջաններում գործող կենտրոններում ներգրավված է 14 հազար հայ երեխա՝ ընդգծելով, որ այստեղ կրթությունն անվճար է:

Բուրդենն այցելել է նաև Արցախ, ինչի կապակցությամբ պաշտոնական Բաքուն մեծ աղմուկ է բարձրացրել: «Այս տարածաշրջան այցելությունը շարունակում է շատ զգայուն հարց լինել, մասնավորապես ադրբեջանցիների համար: Միայն այստեղ այցելելով ես, ինչպես ավելի ուշ կարդացի թերթերում, պաշտոնապես դարձա «պերսոնա նոն գրատա» Ադրբեջանում»,- նշում է Բուրդենը՝ պատմելով հայ-ադրբեջանական հակամարտության, Ռուսաստանի դերակատարման մասին, որը զինում է հակամարտող երկու կողմերին:

Այստեղ ամերիկացի հաղորդավարը համտեսում է ժենգյալով հաց, խորոված և մի շարք այլ ազգային ճաշատեսակներ՝ զրուցելով տեղի բնակիչների հետ: «Ղարաբաղ և Հայաստան, երկու տարբեր բաներ են, թե նույնն են»,-հարցադրում է անում Բուրդենը: «Կարծում եմ Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետության… մենք նույնն ենք»,-ասում է լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ հավելելով, որ 1994թ. ի վեր հայկական և արցախյան կողմերը հակամարտությունում կորցրել են շուրջ 3000 զինվոր:

Բուրդենը եղել է նաև Գյումրիում: Նա նշում է, որ մեծությամբ երկրորդ Հայաստանի այս քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր 1988թ. երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի 25 հազար մարդ: «Քաղաքի ճանապարհին գտնվող գերեզմանատունը հիշեցում է այն մասին, թե քանի մարդ է մահացել. մի գերեզմանաքարը հաջորդում է մյուսին, բոլորի վրա մահվան նույն տարեթվին է»: Այստեղ ամերիկացի հաղորդավարը հանդիպում և զրուցում է գյումրեցի տարբեր մասնագիտություններ ունեցող երեք երիտասարդ կանանց հետ:

Թանկյանը և Բուրդենը ուղևորվում են նաև Դիլիջան՝ «Վոլգա» մակնիշի խորհրդային ավտոմեքենայով: Դիլիջանը բնութագրվում է որպես «հայկական Շվեյցարիա», որտեղ համտեսում են խաշ, ինչպես նաև խմում Հայաստանի, հյուրերի և խաշ պատրաստողի կենացը: Բացի այդ Բուրդենին սովորեցնում են՝ ինչպես պետք է խաշ ուտել:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Ամերիկացի հայտնի հաղորդավար, շեֆ-խոհարար, հաղորդավար Էնթոնի Բուրդենը ???????

  2. Ara Shahbazian says:

    հայկական և արցախյան կողմերը – հայաստանյան և արցախյան կողմերը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031