Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «Թիվ 19 պոլիկլինիկայում հանցագործության մասին հաղորդում եմ տալու դատախազություն». (Տեսանյութ)

Մայիս 29,2018 19:50

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը մայրաքաղաքի թիվ 19 պոլիկլինիկայի մի խումբ աշխատակիցներից բողոքներ են ստացել: Այսօր այս խմբակցության 4 անդամներ՝ Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանը լրագրողների հետ այցելել էին նշված պոլիկլինիկա՝ տեղում խնդիրը բացահայտելու:

Դավիթ Խաժակյանի ներկայացմամբ եւ ըստ բողոքների, պոլիկլինիկայի տնօրինությունը բուժանձնակազմի աշխատավարձերից անհասկանալի «պահումներ է» կատարում՝ կոմունալները վճարելու համար: Բացի այս, պոլիկլինիկանի մամոգրաֆիայի սարքավորումը չի աշխատում, սակայն Դավիթ Խաժակյանը ցուցադրեց ՀԴՄ կտրոններ, որոնք փաստում են՝ 10 հազար դրամ վճարում է կատարվել մամոգրաֆիայի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Մամոգրաֆիայի բժշկուհին վստահեցրեց՝ սարքն աշխատում է, բայց այսպես ասած՝ «պրայավկան» չի աշխատում: Իսկ առանց այդ «պրայավկայի», որը հետազոտության արդյունքներն է այսպես ասած՝ լուսապատճենում, չի աշխատում: եւ ինչպես մամոգրաֆիայի բաժնի բժշկուհի Արմինե Ղազարյանն ասաց, առանց այդ լուսապատճենման սարքի աշխատանքն ու հետազոտությունն անիմաստ է դառնում: Բժշկուհին ավագանու անդամների եւ լրագրողների հարցերին ի պատասխան, թե երբ է եղել այդ սարքով վերջին հետազոտությունը, նշեց՝ «մի 20 օր առաջ»:

Մինչդեռ, Դավիթ Խաժակյանը պնդեց՝ «Այս սարքը երբեւէ չի աշխատել»: Թեհմինա Վարդանյանն էլ տեղում ստուգեց մամոգրաֆիայի բաժնի գրանցամատյանը եւ հայտարարեց՝«Վերջին անգամ գրանցում է կատարվել 13.06.2017 թվականին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ավագանու անդամները պոլիկլինիկայի «կաբինետներով» անցնում էին ու տարբեր հարցեր տալիս բուժաշխատողներին. Բոլորը հերքում էին, թե աշխատավարձերից պահումներ են կատարվում: Ապա ավագանու անդամները բուժ.գծվ փոխտնօրեն Նալչաջյանի կաբինետ մտան. Վերջինս ընդհանրապես տեղյակ չէր, որ մամոգրաֆիայի սարքը չի աշխատում:

Մանրամասները՝ տեսնայութում

Թիվ 19 պոլիկլինիկայի մի քանի աշխատակիցներից հետաքրքրվեցինք՝ արդյոք պոլիկլինիկայի կոմունալների վճարման համար իրենց աշխատավարձերից պահումներ կատարվել են: Մի քանիսը մեր հացերին ի պատասխան նշեցին, որ տեղյակ չեն, ամեն ամիս տարբեր չափի աշխատավարձ են ստանում, ու չգիտեն՝ դա պահում է, թե այլ խնդիր: Եվ միայն ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը տեսախցիկների առջեւ վստահ հայտարարեց՝ «Իմ աշխատավարձերից պահումներ են արել:

Բազմիցս փորձել եմ հաշվապահությունից ճշտել իմ աշխատավարձի կոնկրետ չափը, կամ ժամանակ առ ժամանակ տատանումների հետ կապված, ինձ պատասխանել են, հատկապես ձմռան ամիսներին որոշակի պահումներ են անում 10%-ի չափով: Ես մենակ չեմ, մենք ոչ մեկս հստակ մեր աշխատավարձի թիվը չենք իմացել: Ձմռան ամիսներին պրոգրեսիվ ձեւով իջնում էր աշխատավարձս»: Բժշկուհու պնդմամբ՝ պատահել է, որ աշխատավարձից 20-25 հազար դրամ պահումներ են կատարել կոմունալների համար. «Ես ժամանակ առ ժամանակ աշխատում եմ 2 բժշկի փոխարեն եւ դրա դիմաց փոխհատուցում չեմ ստանում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բժշկուհու ներկայացմամբ՝ մի խումբ բժիշկներով նույնիսկ տնօրենին են դիմել, որպեսզի պարզեն խնդիրը, սակայն տնօրենն ասել ՝ ձեր հարցերը հաշվապահի հետ լուծեք: Ի դեպ, լրագրողներն ու ավագանու անդամները փորձեցին հաշվապահին հանդիպել, վերջինս, ինչպես վստահեցրին, անհապաղ արձակուրդ է գնացել:

Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թիվ 19 պոլիկլինիկան 2014 թվականին տրվել է հավատարմային կառավարման նախկին տնօրեն Սամվել Սարգսյանին պատկանող ընկերությանը, եւ սա միակ նման պոլիկլինիկան է:

Aravot.am-ի՝ կառավարման վերաբերյալ հարցերին տնօրենը հրաժարվեց պատասխանել, բայց չհերքեց, որ ստեղծել է մի ընկերություն, որպեսզի նախկինում իր ղեկավարած հիմնարկը վերցնի կառավարման:

Ինչ վերաբերում է, ինչպես ավագանու անդամներն էին պնդում «ատկատներին», մամոգրաֆիայի սարքի չաշխատելուն, բայց դրա ծառայության համար կատարված վճարումներին, արձակուրդ գնալու համար տնօրենին «մաղարիչ» անելուն եւ այլ խնդիրներին, տնօրենը վստահեցնում էր՝ նման բան չկա: «Աշխատավարձերից պահումները օրենքի սահմաններում է. կա կառավարության որոշում»,-ասաց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Խաժակյանը լրագրողներին վստահեցրեց՝ թիվ 19 պոլիկլինիկայում հնարավոր չարաշահումների խնդրով դիմելու են ՀՀ գլխավոր դատախազություն. «Ես կներկայացնեմ հաղորդում հանցագործության մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031