Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարությունը «մկաններ ցուցադրեց». (Տեսանյութ)

Հունիս 06,2018 22:33 Share

«Նման իրավիճակներում, նոր ձեւավորված կառավարությունները, որպես կանոն, հանրությանն իրենց վճռականությունը դրսեւորելու, կոշտ եւ սկզբունքային հարցերում դիրքորոշումը ակնհայտ դարձնելու ձգտում ունեն: Եվ դա բնական է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով հարությունյանն`անդրադառնալով «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում ԱԱԾ-ի գործողություններին:

Հիշեցնենք, ավելի ուշ թե ֆինանսների նախարարը, թե ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը փաստեցին, որ գործարարները գործել են որոշակի պայմանավորվածությունների արդյունքում`գյուղմթերքի գները կայուն պահելու եւ տեղական արտադրությունը խթանելու նկատառումներից ելնելով: Պարզվեց, որ այդ սխեմայով գործել է ոչ միայն «Երեւան սիթիների» ցանցը: 11 ցանց է այդ սխեմայով աշխատել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործարարները կշարունակեն նույն կերպ աշխատել, մինչեւ լուծումներ գտնվեն հարցին:

Այս ամենը Խոսրով Հարությունյանը ենթադրում է նոր կառավարության`կոռուպցիայի դեմ պայքարի վճռականության դրսեւորման համատեքստում է, առավել եվս, որ կառավարությունը նաեւ իր ծրագրում է պատրաստակամություն հայտնել`գիծ քաշելու եւ այլեւս խստագույնս հետեւելու օրենքներով սահմանված խաղի կանոններին:

Հիշեցնում է վարչապետի հայտարարությունը`բոլորն իրենց վրա կզգան ջախջախիչ օրինականության հարվածը, եթե չհետեւեն օրենքի տառին եւ ոգուն:

«Կառավարությանը կամ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանրության մոտ, պայքարի առումով վճռականի եւ կոշտի կերպարը ձեւավորել: Հույս ունեմ, որ նպատակը գործարարներին վախեցնելը չէ: Այն, որ հռչակվել է`չի լինելու տնտեսական վենդետա, կհետեւեն այդ թեզին: Այլապես, եթե սկսեցին ինչ-ինչ նկատառումներից ելնելով ետ նայել, վախենում եմ, որ այդ ձնագնդին այնպիսի թափ կհավաքի, որ հնարավոր չի լինի կանգնեցնել: Ավելին, դրանից բիզնես- միջավայրը կտուժի, շատերը կխուսափեն գործարարությամբ զբաղվել»:

Հարցին`ինչո՞ւ թիրախ ընտրվեց հենց Սամվել Ալեքսանյանը, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Միգուցե նա հարմար էր: Ամենաազդեցիկ գործարարներից մեկն է, եթե նրան կարող ենք «կարմիր գորգի» վրա հրավիրել, ապա մնացածը թող իրենց հաշիվներն անեն: Շատ հարմար ֆիգուր է Սամվել Ալեքսանյանն այս առումով»:

Բայց, Խոսրով Հարությունյանը ուշադրության է հրավիրում այն հանգամանքին, որ Սամվել Ալեքսանյանն իր գործունեության արդյունքում բազմահազար աշխատատեղեր է ստեղծում. «Սա պետք է ըստ արժանվույն գնահատենք: Հիմա նոր արտադրական հզորություններ է նախատեսում գործարկել`6000 աշխատատեղով:

«Երեւան սիթի»-ների համակարգում, դեղատների, տեքստիլի, առողջապահության… հազարավոր աշխատատեղեր են: Կարծում եմ, կլինեն պայմանավորվածություններ`օրենքի շրջանակներում գործելու, առանց շոուների»:

Այլ մանրամասները`տեսանյութում  

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Թորոսյան says:

    Երևում է, որ ՀՀԿ-ում շատերն են վախենում այդ “ձնագնդից”:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930