Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ուզում իմ որոշ տպավորությունները բարձրաձայնել». Արմեն Ռուստամյանը` ԸՕ-ի փոփոխությունների քննարկումների մասին

Հուլիս 11,2018 17:38

Բոլոր հեղինակավոր կառույցները, այդ թվում Եվրոպայի խորհուրդը, պահանջում են, որ փոփոխությունները կատարենք համախոհությամբ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ սկսված քննարկումներին:

«Մեզ համար անհասկանալի է եւ խնդիր է մնում` մենք ի վերջո մե՞կ, թե՞ երկու նախագծով ենք ներկայանալու: Մենք դեմ չենք երկու տարբերակին էլ, երկուսն էլ ընդունելի է, եթե երկու տարբերակով ենք ներկայանալու, բանավեճը տեղափոխվելու է ԱԺ: Դրա անպատեհությունն այն է, որ հայտնի չէ` ի վերջո ինչ ելք կունենա այդ քննարկումը: Բացի դրանից` մի քիչ անհասկանալի է դառնում: Եթե կառավարությունն ինքնուրույն նախագիծ է բերում, բայց չէ՞ որ կառավարությունը հիմնվում է այն քաղաքական ուժերի վրա, որոնք հենց նույն այդ քննարկումն են անում այլ ձևաչափով: Մի քիչ անհասկանալի է այս նախագծի քաղաքական պատվերը որտեղի՞ց է գալիս: Քաղաքական ուժերը, որ ԱԺ-ում կան, բացի Հանրապետականից, արտացոլված են կառավարության մեջ, հիմա նույն մեր կուսակցության կառավարության ներկայացուցիչներն ի՞նչ պետք է անեն»,- իր մտահոգությունները բարձրաձայնեց Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, երեկ ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումներին առաջին անգամ ներկայացել էր կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, որն ասաց, թե կառավարությունը կներկայացնի իր առաջարկները, խորհրդարանական ուժերի առաջարկները եթե այդ տրամաբանության մեջ տեղավորվեն`կընդունեն:

Արմեն Ռուստամյանը հայտարարում է` եթե կառավարությունը փորձելու է իր նախագիծը ներկայացնել, ՀՅԴ-ն պաշտպանելու է իր թեզերը, որոնք իրենց համար սկզբունքային են. «Նորից կառաջանա խնդիր, որ կառավարությունը քվեարկությամբ պետք է որոշման գա: Մենք չենք ուզում այդ վիճակն առաջանա, մենք ասում ենք` բոլորս մինչ այդ ինչ ունենք ասելու համադրենք այդ մեր ասածները եւ հանգենք կոնսենսուսային նախագծի»:

Aravot.am-ի հարցին`սա նշանակո՞ւմ է, որ վարչապետն իր նախկին հայտարարություններից, որոնցում խոսում էր քաղաքական ուժերի հետ քննարկումների եւ համախոհության մասին, փորձում է շրջանցել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես այդպիսի վաղաժամ գնահատական չէի տա, մենք առայժմ սա վերագրում ենք պարոն Իոաննիսյանի տեսակետներին, ինքը շատ տեղերում պարզապես իր կարծիքն էր ներկայացնում, մենք այսօր դրա հիման վրա չենք կարող ասել, որ կա պաշտոնական կառավարության մոտեցում: Մենք դիտում ենք, որ մասնագիտական խումբը ինչ-որ աշխատանք է տարել, որը օգտակար ենք համարում: Դանիելը չէր կարող ներկայացնել կառավարությունը, կառավարությունը կարող է ներկայացնել վարչապետը, առնվազն իր բացակայությամբ՝ առաջին փոխվարչապետը»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Կառավարության առաջարկները ՀՅԴ-ական գործչի համար նույնպես քննարկելի են:

Արմեն Ռուստամյանը չի բացառում նաեւ իրավիճակ, երբ կառավարությունն իսկապես ցանկանա առանձին նախագիծ ներկայացնել: Այդ դեպքում ՀՅԴ-ի դիրքորոշումը կլինի այսպիսին. «Մենք ինքնանպատակ որեւէ նախագիծ չենք պաշտպանելու, պաշտպանելու ենք այն նախագիծը, որտեղ հնարավորինս ընդգրկված են մեր առաջարկները, որովհետեւ համարում ենք, որ մեր առաջարկները սկզբունքային նշանակություն ունեցող են, բայց պատրաստ ենք հղկել, մշակել, համադրելի դարձնել, եթե այդ մոտեցմանը կհամապատասխանի կառավարության առաջարկը: Մենք խնդիր չունենք նաեւ կառավարության առաջարկը պաշտպանել այդ պարագայում»:

Հարցին`ինքը տպավորություն ունի՞, որ կառավարությունը չի ցանկանում հաշվի նստել խորհրդարանական ուժերի հետ, հաշվի չի առնելու նրանց որոշումները, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում իմ որոշ տպավորություններ բարձրաձայնել, ես իսկապես կոչ կանեի, որ որեւէ մեկը չփորձեր այսպես ասած` սեփականացնել ճշմարտությունը եւ պարտադրեր իր տեսակետը: Դա մեզ երբեք լավ տեղ չի տարել: Այդ ճանապարհով անցել ենք եւ այդ ճանապարհով լավ տեղ չես հասնում: Միշտ պետք է փոխզիջումների ճանապարհ ունենալ, անզիջում, կոշտ դիրքորոշումները խափանում են համաձայնությունները: Անզիջում պահվածքը խափանում է քաղաքական զարգացումները եւ կոնսենսուսի հնարավորությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031