Այսօր վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել՝ ՏԻՄ մարմինների ձևավորման կարգավորումների վերաբերյալ առաջարկներ և տեսակետներ հավաքագրելու նպատակով:

Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Դավիթ Գեւորգյանն ասաց, որ կիսում է ՔՊ-ի վարչության նիստում կայացրած որոշումը, որ պետք չի հապշտապ որոշում կայացնել, միանգամից կտրուկ փոփոխություններ կատարել. «Մենք խնդիր ունենք, նոր ԱԺ-ն պետք է իրականում զբաղվի այս փոփոխություններով: Պետք է քաղաքական դաշտը որոշակի տեսք ստանա, այսինքն` հին գործող կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ ինչ-որ տրամաբանությամբ են գործել, ընտրություններին մասնակցել են ինչ-որ տրամաբանությամբ, ակնհայտ է, որ նոր իրողությունների պայմաններում նրանք նախկին գործելաոճը չեն կարող ունենան: Արդեն մենք տեսնում ենք, որ այդ կուսակցություններում որոշակի փոփոխությունների տենդենց կա: Իրենք նոր դեմքերով են փորձելու հանդես կան, նոր մոտեցումներով: Ակնհայտ է, որ նոր ընտրություններին, իսկ դա միանշանակ այդպես է լինելու, ընտրակաշառքը, կլանային շահերը, ձայներ հավաքելը տեղ չի ունենալու, մենք ունենալու ենք նոր իրավիճակ, նոր արդյունքներ: Այսինքն, եթե մի մոդել նախկին քաղաքական պայմաններում չի գործել, դա չի նշանակում, որ այդ մոդելը վատն է: Իհարկե, թերություններ կան, փոփոխություններ պետք է լինեն, բայց մենք պետք է հասկանանք՝ եղած մոդելները նոր իրողության պայմաններում ո՞նց են աշխատում, որ նոր մենք գնանք փոփոխությունների: Նաեւ պետք է հասկանանք նոր ստեղծվող կուսակցությունները որոնք են, ինչ փոփոխություններ են ի վերջո լինելու, որ նոր կարողանանք առաջ գնանք: Ինչ վերաբերում է կուսակցություններին, դաշինքներին, քաղաքացիական նախաձեռնություններին իհարկե, պետք է մաքսիմում շատ հնարավորություն տալ մասնակցության համար, բայց, օրինակ, նոր իրողության պայմաններում ինչ տենդենց ենք մենք տեսնում. շատ կուսակցություններ փորձում են ազատվել օդիոզ դեմքերից, հայտնի կլանների ներկայացուցիչներից, այսինքն, քաղաքական նոր իրողությունը ստիպում է կուսակցություններին հրաժարվել այդ մարդկանցից: Մենք այսպես ասած փակում ենք մի դուռը: Եթե մենք կլանային ներկայացուցիչների մի դուռը փակում ենք, այնպես չլինի, որ հետո մի ուրիշ դուռ բացենք նրանց առաջ: Տարբեր քննարկումներ կան, որ ստորագրահավաքի եւ այլ մեթոդերով նախաձեռնություններ կարողանան մասնակցել,, այդ դեպքում Գյումրիում, Վանաձորում կամ մեկ ուրիշ տեղ շատ հանգիստ, եթե օրինակ ինչ-որ կուսակցություն չի ուզում այդ մարդուն վերցնել իր մոտ, այդ մարդը կարող է քաղաքացիական նախաձեռնություն սկսի»:
Քննարկվեց համամասնական ընտրակարգի հարցը՝ ՏԻՄ-ի ընտրությունների դեպքում: Փոխնախարարն ասաց՝ պե՞տք է ամեն համայնք իր ներկայացուցիչն ունենա, թե՞ ոչ. «Մենք ունենք խոշորացված համայնքներ, որտեղ 30 համայնք կա, եթե ամեն համայնքից գոնե 1-2 ներկայացուցիչ լինի, մի հատ ԱԺ կդառնա»:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































