Լրահոս
Օրվա լրահոսը

290 օր  ուշացումով…(ԽԱՊԿ մի հրապարակման կապակցությամբ)

Օգոստոս 07,2018 20:23

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» (ԽԱՊԿ) հասարակական կազմակերպությունը ս.թ. հուլիսի 31-ին զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին մի հրապարակում էր ուղարկել, որում քննադատել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) 2017 թ. հոկտեմբերի 10-ին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխության կապակցությամբ:

Հիշեցնենք, որ համաձայն վերոհիշյալ օրենքի Հայաստանում, բացի հանրային թվային մուլտիպլեքսից, պետք է կազմավորվի նաեւ հանրապետական սփռում ունեցող մասնավոր մուլտիպլեքս, որի գործարկումը կազատականացնի թվային հեռարձակման ոլորտը: 2016 եւ 2017 թ. ՀՌՀ կողմից հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի՝ մուլտիպլեքսի կառուցման եւ կառավարման ընկերության ընտրության մրցույթին որեւէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել: Անցյալ տարվա հոկտեմբերին մրցույթի հայտերի ընդունման 3 ամսյա ժամկետը ԱԺ-ն փոխարինեց 6 ամսյա ժամկետով: Եվ ահա այս հավելյալ 3 ամիսը հրապարակման հեղինակները սպառնալիք եւ մարտահրավեր են համարում խոսքի ազատությանը: Այդպես կարծելը, անշուշտ, հրապարակման հեղինակների իրավունքն է: Բայց

քանի որ ԽԱՊԿ-ի հրապարակման տեքստում տեղ են գտել անհիմն մեղադրանքներ ՀՌՀ հասցեին եւ ակնհայտ փաստերի խեղաթյուրում, հարկ ենք համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել հանրությանը:

1.Զարմանալի է այն փաստը, որ օրենքում փոփոխություն կատարելուց միայն 290 օր հետո «հեռարձակման ոլորտի խնդիրները մշտապես ուսումնասիրողների» կազմակերպությունը «շատ պատահական է» նկատում (մեջբերումները ԽԱՊԿ-ի հրապարակումից են) օրենքում կատարված փոփոխությունը: Նույնիսկ շատ զարմանալի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԽԱՊԿ-ի ղեկավար Ա. Մելիքյանը օրենքի ընդունումից հետո իր հրապարակային ելույթներում, ՀՌՀ հասցեագրված նամակներում, մեզ հետ քննարկումների ժամանակ մշտապես բարձրացրել է մասնավոր մուլտիպլեքսի խնդիրը: Ստացվում է, որ 290 օր շարունակ պարոն Մելիքյանը անդրադարձել է մի խնդրին, որի մասին չունի ամբողջական պատկերացում:

2.ԽԱՊԿ-ի ղեկավարը, որպես մասնագիտացված կառույցի ղեկավար, պարտավոր է իմանալ, որ ՀՌՀ-ն չունի օրենսդրական նախաձեռնությունների իրավունք, ուստի օրենքում փոփոխություններ կատարելու լիազորություններ եւս չունի: Ինչպես եւ հասարակական կազմակերպությունները, ՀՌՀ իրավասու է առաջարկներ ներկայացնել, որոնք կամ ընդունվում են, կամ ոչ:

3.ԽԱՊԿ ղեկավարը ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները «մշակվել են փակ դռների հետևում եւ օրինագծերի պատրաստման փուլում ՀԿ-ներին ներգրավելն առհասարակ բացառվել է»: ԽԱՊԿ-ի ղեկավարը հաճախ է հրավիրվել համապատասխան պետական գերատեսչություններ (երբեմն ավելի հաճախ, քան ՀՌՀ ներկայացուցիչները) օրինագծերի քննարկմանը (դա փաստում են քննարկումների արձանագրությունները): Ուստի, հայտարարել սեփական անտեղյակության մասին եւ մեղադրել ՀՌՀ-ին այն բանի համար, որ ԽԱՊԿ-ի առաջարկած փոփոխությունները տեղ չեն գտել ԱԺ ընդունված օրենքում, առնվազն, կոռեկտ չի:

4.Անդրադառնալով մարզերում կամ համայնքներում տեղական մուլտիպլեքսներ գործարկելու խնդրին, պարոն Ա.Մելիքյանը վկայակոչում է Վրաստանի օրինակը, որտեղ կառուցվել են մարզային մուլտիպլեքսներ: Սակայն դա թերի ճշմարտություն է, ինչը մանիպուլյացիայի դասական հնարք է համարվում: Իրականում Վրաստանում բացի հանրային մուլտիպլեքսից գործում են 3 (երեք) հանրապետական սփռում ունեցող մուլտիպլեքսներ: Այստեղ հարկ է նաեւ նշել, որ միայն հանրապետական սփռում ունեցող մասնավոր մուլտիպլեքսը կարող է մրցակցություն ապահովել այդ ոլորտում: Առաջ քաշելով փոքր մարզային մուլտիպլեքսների գաղափարը, ԽԱՊԿ-ը ցանկանում է հավերժացնել պետական մուլտիպլեքսի մենաշնորհը, ինչը տարօրինակ մոտեցում է խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության համար:

5.Հրապարակման մեջ նշվում են «մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերություններ, որոնք դուրս են մնացել թվայնացման գործընթացից և հայտնվել ծանր վիճակում», եւ այդ «ծանր վիճակի» պատասխանատուներից մեկը նշվում է ՀՌՀ-ն: Այստեղ ցանկանում ենք հիշեցնել պարոն Ա. Մելիքյանին, որ այդ «10-ից ավելի» հեռուստաընկերությունները հանրային թվային մուլտիպլեքսի գործարկելուց հետո համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը: Եվ միայն ՀՌՀ-ի ակտիվ միջամտության եւ հիմնավոր առարկություններից հետո փոփոխություններ կատարվեցին օրենքում, ինչը թույլ տվեց այդ հեռուստաընկերություններին շարունակել հեռարձակումը անալոգային տիրույթում: Ավելին, պարոն Մելիքյանը տեղյակ է (քանի որ մասնակցել է քննարկումներին), որ ՀՌՀ-ն կապի եւ տրանսպորտի նախարարության հետ համատեղ մշակել էին տեխնիկական եւ իրավական հիմնավորումները, որոնք թույլ կտային այդ հեռուստաընկերություններին գործել հանրային թվային տիրույթում: Սակայն տարբեր պատճառաբանություններով, նաեւ օբյեկտիվ պատճառներով այդ հեռուստաընկերությունները չցանկացան կամ չկարողացան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Ցանկանում ենք նաեւ տեղեկացնել պարոն Ա.Մելիքյանին, որ ՀՌՀ-ն մշտական կապի մեջ է մարզային եւ համայնքային հեռուստատեսությունների հետ, շատ լավ ծանոթ է նրանց խնդիրներին եւ արագ արձագանքել է նրանց առաջարկներին եւ խնդրանքներին:

Եվ որպես վերջաբան: Միայն շատ հարուստ երեւակայություն ունեցող անձը կարող է պնդել, որ մրցույթին հայտ ներկայացնելու ժամկետը 3 ամսով երկարացնելը կարող է սպառնալ խոսքի ազատությանը: ԽԱՊԿ-ի եւ այս հրապարակումից, եւ պարոն Ա. Մելիքյանի վերջին ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ նա արհեստական առիթներ է փնտրում իր գլխավորած կառույցը հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Մեզ համար շատ պարզ նպատակներով, որոնց հետ խոսքի ազատության պաշտպանությունը որեւէ առնչություն չունի:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031