Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական վերահսկողական ծառայությունը կանխել է. հիվանդ երեխային բանակ էին տանում

Օգոստոս 08,2018 20:02 Share

Օրեր առաջ հասարակության համար հերթական սկանդալային բացահայտումը տեղի ունեցավ: Պարզվեց՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները զինվորական ծառայությունից ազատվել են հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով: Բժշկական հանձնաժողովը, որը Խաչատրյանի որդիներին այդպիսի «ախտորոշում» էր տվել, մեկ վայրկյան անգամ չէր վարանել` կնքել ու ստորագրել էր, որ նրանք պիտանի չեն ծառայության:

Արամ Դավոյանն ի ծնե ունի մի շարք հիվանդություններ. լուրջ խնդիրներ ունի գլխուղեղի ֆունկցիայի, որն արտահայտվում է տկարամտությամբ, գիտակցելու ու հասկանալու ունակության բացակայությամբ, խախտված է խոսակցական ակտը, ի վիճակի չէ որեւէ բան բացատրելու կամ նկարագրելու, ունի գիշերամիզություն, նյարդային համակարգի, տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ, վերջույթները կապտում են, ընկնում է նյարդային ցնցումների մեջ, որի ժամանակ քթից արյունահոսում է, սիրտը եւ բրոնխները նույնպես առողջ չեն: Առողջական այս բոլոր հիվանդություններով հանդերձ, սակայն, այս տարվա գարնանը հետազոտություններ անցած Արամը բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ծառայության համար պիտանի: Եվ որքան էլ ծնողը՝ որդու հիվանդության պատմության փաստաթղթերը ձեռքին, չինովնիկների դռներն է ընկել, որպեսզի համոզի ու ապացուցի, որ որդին պիտանի չէ ծառայության համար, որ այդպիսի խնդիրներով երեխան ոչ թե օգուտ կբերի, այլ մի բան էլ պատուհաս կդառնա բանակի գլխին, որ կենթարկվի բանակային ընկերների ծաղրուծանակին, եւ այդ ամենը ողբերգական հետեւանքների կհանգեցնի, միեւնույն է՝ որեւէ մեկը նրան չի լսել: Արամին ծանուցագիր են ուղարկել եւ պահանջել, որ հուլիսի 26-ին ներկայանա զինվորական կենտրոնական հավաքակայան:

Արամն արդեն օրեր առաջ, այդ բոլոր առողջական խնդիրներով հանդերձ, պետք է մեկնած լիներ ծառայության, եթե հայրը` Գարի Դավոյանը, չդիմեր Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին` ներկայացնելով որդու հիվանդությունների պատմությունը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում Արամի հայրը պատմեց, վերահսկողական ծառայությունը դիմումին օպերատիվ` 24 ժամվա ընթացքում արձագանքել է եւ գործը վերցրել է իր հսկողության ներքո: Գարի Դավոյանի խոսքով՝ որդու գործով զբաղվել է վերահսկողական ծառայության ղեկավարի խորհրդական Աշոտ Վանյանը, որը սկզբից մինչեւ վերջ հետեւել է գործի ընթացքին, հետեւել գլխավոր հանձնաժողովի գործելաոճին, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի սահմաններում, անգամ անկախ փորձագետների ներգրավել, որպեսզի մի քանի մասնագետի կարծիք լինի:

Արամ Դավոյանը կրկնակի հետազոտությունների ենթարկվելուց հետո, պարզվել է, որ այդ հոգեվիճակում եւ այդպիսի հիվանդություններով չի կարող մեկնել ծառայության: Արամը նախ` հետազոտություն է անցել Ավանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ բժշկական եզրակացությամբ հաստատվել է, որ ունի մտավոր հետամնացություն, վարքային այլ խանգարումներ:

Արամի հայրը՝ Գարի Դավոյանը, պատմեց, որ մինչ որդին կրկին կանցներ բժշկական փորձաքննությունը, հուլիսի 26-ին Տաշիրի զինկոմիսարիատից զանգել են սպառնացել, որ եթե Արամը չներկայանա, հետախուզում կհայտարարեն: Այդ մասին լսելով՝ Արամը վախից ցնցումների մեջ է ընկել ու ուշագնաց եղել: Ինչպես մեզ հետ զրույցում Արամի հայրը պատմեց, շտապօգնություն են կանչել, եւ մինչեւ չեն սրսկել, որդին ուշքի չի եկել:

Անգամ այդ վիճակում զինկոմիսարիատից պահանջել են, որ մեքենա դնեն ու Արամին տանեն. «Ես ասում եմ՝ նոր է շտապօգնությունը գնացել, երեխային սրսկել են, ցնցումների մեջ է, ասում են` ոչինչ, դրեք տաքսի` բերեք Մասիվի վայենկոմատ` կոմիսիա թող անցնի: Ասում եմ՝ հնարավոր չէ այդ վիճակում, ինձ պատասխանում են` բա կարո՞ղ է ձեր երեխայի համար ամեն օր վայենկոմը գնա ու գա»:

Արամին, սակայն, այդ օրը ծնողներն այդպես էլ չեն տարել եւ միայն հաջորդ օրն են տարել, որտեղ վաղ առավոտից մինչեւ ժամը 2-3-ը երեխային սպասեցնել են տվել:

Այդուհանդերձ, Արամի ծառայությունը մեկ տարով հետաձգվել է, բուժում է նշանակվել, որպեսզի եկող տարի կրկին հետազոտություն անցնի: Սակայն, ինչպես ծնողներն են ասում, 18 տարի տղայի մոտ որեւէ առաջընթաց չի գրանցվել, եւ անգամ անզեն աչքով երեւում է նրա մտավոր խնդիրը, մեկ տարում ինչպես պետք է բուժվի` չգիտեն:

Արամի գործերով որպես լիազորված անձ զբաղվում է նաեւ Իրինա Ղազարյանը, որի որդին ութ տարի առաջ խաղաղ պայմաններում զոհվել է:

Տիկին Ղազարյանը ամեն կերպ փորձել է օգնել, որպեսզի Արամի հարցը հնչեղություն ստանա, եւ ինչպես ինքն է ասում` մի առողջի փոխարեն նրան դեմ չտան ծառայության` ինչպես տարիներ ի վեր եղել է: Նա այդպիսի խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին կոչ է անում դիմել նոր իշխանություններին` վստահեցնելով, որ բողոքներն անարձագանք չեն մնալու: Իրինա Ղազարյանի որդուն ողջ-առողջ զորակոչել են բանակ, սակայն որոշ ժամանակ անց հանձնել որդու դին` պատճառաբանելով, որ գլխում, երկու կիսագնդի արանքում ուռուցք կա: Սակայն դատաբժշկական փորձաքննության մեջ ոչ մի ուռուցքի մասին խոսք չի գնացել: Ութ տարի է՝ տիկին Ղազարյանը պայքարում է որդու գործը, որը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ փակված է ու կարճված, բացվի, հանցագործները պատժվեն, քանի որ վստահ է, որ ոչ թե ուռուցքի պատճառով է որդին մահացել, այլ սպանել են: Բոլոր ատյաններում որդու գործը բողոքարկել է, սակայն ոչ մի արդյունքի չի հասել: Ասում է` երբ որդուն բերել են Երեւանի հոսպիտալ, շորերն արյան մեջ են եղել, գլխին՝ հարվածների հետքեր, աչքերը՝ չորացած, եւ պատմություն են հորինել, թե գլխում ուռուցք է եղել, որպեսզի գործն այդ ուղղությամբ տանեն: Իրինա Ղազարյանի խոսքով՝ որդին հետախույզ է եղել եւ որոշ գաղտնիքների է տիրապետել, ինչն էլ նրա վրա թանկ է նստել:

Տիկին Ղազարյանն ասաց, որ Պետական վերահսկողական ծառայությունը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ այս տարվա հունիսի 23-ին գործը կարճումից հանել է, ութ տարի պայքարելուց հետո կարճված գործը բացել է:

«Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, իմ երեխայի կարճված գործը չէր բացվի»,- նա հույս ունի, որ արդարությունը ջրի երես դուրս կգա, եւ մեղավորները կպատժվեն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

08.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031