Shamshyan.com-ի տեղեկացմամբ, այսօր ժամը 01․40-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի վրա գտնվող «Դվին» հարսանյաց սրահում։ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության վայրում տագնապ է միացել վերոհիշյալ հարսանյաց սրահից, «Մուշ» բաժնի ոստիկանները, մեկնելով դեպքի վայր, այնտեղ հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա քաղաքացի, 102-րդ ռազմաբազայում որպես ջոկի հրամանատար աշխատող Վասիլի Իչետովկինին, որը հասցրել էր վնասել հարսանյաց սրահի ողջ գույքը՝ դռան ապակիները ծաղկամանները, օդորակիչը և այլն։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ոստիկանության «Մուշ» բաժնում նյութեր են նախապատրաստվում, սթափության փորձաքննություն է անցկացվել, պարզվել է, որ ռուս զինծառայողը գտնվում է ոչ սթափ վիճակում։ Նրան, ըստ դատախազի, դեռ չեն հարցաքննել ոչ սթափ լինելու պատճառով։ Նա հարսանյաց սրահ մուտք է գործել պատուհանի ապակին կոտրելու եղանակով ու վնասել է գույքը։
Մեր հարցին՝ «Դվին» հարսանյաց սրահի տերը՝ Հովհաննես Գրքիկյանը (վերջինս Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա է, Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցնում էր բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնը, Ա․Ն) հաշվարկե՞լ է, թե ինչքան վնաս է պատճառել ռուս զինծառայողը, դատախազն ասաց, որ պատճառած վնասի չափը պարզելու համար ապրանքագիտական փորձաքննություն է նշանակվել։
«Հանձնարարել եմ, որ նախապատրաստվող նյութերը վաղը ոստիկանության բաժնից ուղարկեն ինձ։ Ես կուղարկեմ մեր տեղի կայազորի զինվորական դատախազին՝ ի նկատի ունենալով այն, որ ենթադրյալ հանցանք կատարած անձը հանդիսանում է զինծառայող»,- ասաց Կարեն Գաբրիելյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































