Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Մենք էստեղ, եթե փռելու ենք, միայն ասֆալտ, եթե ծեփելու ենք, միայն գաջ». Պետրոս Ղազարյան

Սեպտեմբեր 18,2018 21:12

«Մենք էստեղ, եթե փռելու ենք, միայն ասֆալտ, եթե ծեփելու ենք, միայն գաջ: Երեւանում փռելու եւ ծեփելու այլ բան չունենք»,- այսօր մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ավագանու առաջիկա ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը: Նա պատասխանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը երեկ խոսեց «պատերին տալու» մասին: Իսկ մինչ այդ, խոսել էր «ասֆալտին պառկեցնելու» մասին:

Պետրոս Ղազարյանը հայտարարեց`բոլորը մեր գործընկերներն են` Արտակ Զեյնալյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայկ Մարությանը, Անահիտ Թարխանյանը, Մհեր Շահգելդյանն էլ է մեր ընկերը. «Այլ կերպ հնարավոր չի, այլ մթնոլորտում չենք կարող զարգանալ, 25 տարի է Հայաստանում քաղաքական պայքարը «սամասուդի» է վերածվում, 25 տարի է ուժեղները վերցնում են ամեն ինչ, մյուսներին չթողնելով ոչինչ: Այդպես չի կարելի: Մենք պետք է Երեւանը մաքրենք այդ 25 տարվա աղբից»:

Քանի որ Աջափնյակը բնակֆոնդի առումով ամենաանմխիթարն է` 120 երրորդ կարգի վթարային, 5 շենք`չորրորդ կարգի վթարային շենքեր, Պետրոս Ղազարյանը ներկայացրեց ԲՀԿ-ի ծրագրի սոցիալական բնակարանաշինության մասը:

ԲՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվող Արման Աբովյանն էլ ասաց. «Մեր թեկնածուն ունի պատիվ, վճռականություն եւ իրական դուխ`դզել, շտկելու բոլոր հարցերը: Մենք հայտարարում ենք պատերազմ`աղբին, հուսահատությանը եւ այն ամենին, ինչը մեզ բերեց այսօրվա օրին»:

«Ուզում ե՞նք ուժեղ քաղաքապետ ունենալ»,- ընտրողներին հարցրեց ԲՀԿ եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ու հայտարարեց. «Դա կարող է լինել Նաիրա Զոհրաբյանը: Քաղաքապետը հզոր, բարձրագույն քաղաքական պաշտոն է»:

Նա կարեւոր է համարում, որ եթե այսուհետ, բոլոր քաղաքական պաշտոնյաները Հայաստանում ընտրվելու են պառլամենտի կողմից, քաղաքապետն իր թիմով ընտրվելու է երեւանցիների կողմից: Միքայել Մելքումյանը թավշյա հեղափոխությունից հետո արդարություն է ակնկալում. «Անցած ամիսներին երկիր ներդրումներ չեն եկել, քանի որ խաղի կանոնները հստակ պետք է լինեն: Նաիրա Զոհրաբյանը հստակ խաղի կանոններ է սահմանելու, ինչի արդյունքում աղքատ երեւանցի չի լինելու»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930