Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության հաղթանակների համար նրան անհրաժեշտ են նոր թշնամիներ եւ նոր մերժողականություն

Սեպտեմբեր 19,2018 23:23

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՐՈՑԿԻԶՄ

Թավշյա հեղափոխությունը մտել է նոր փուլ, որի հայտարարված նպատակը Երեւանի ավագանու ընտրություններում հեղափոխության ներկայացուցչին հաղթանակ ապահովելն է։ Միաժամանակ շատ թույլ փորձեր են արվում Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակը ներկայացնել որպես մայրաքաղաքի խնդիրները լուծելու միջոց, ավելի հստակ է ուրվագծվում հաղթանակի նպատակ ներկայացնել այն, որ հեղափոխությունը պետք է շարունակվի։

Առաջին փուլում հեղափոխությունը հաղթեց, վերցնելով գործադիր իշխանությունը։ Ընդ որում, թեեւ այդ ժամանակ կար հնարավորություն, սակայն հեղափոխությունը չդրեց խորհրդարանը ցրելու պահանջ։ Անգամ բացատրություններ չեղան, թե ինչու հեղափոխությունը կանգ առավ այս փուլի վրա։

Հաջորդ փուլում հեղափոխությունը սկսեց օլիգարխների ձերբակալել։ Կրկին բացատրություններ չկան, թե ինչու այժմ, ըստ էության, չկան բանտարկվածներ, չկան կոնֆիսկացված փողեր, եւ երկրի տնտեսությունը թռիչք չի ապրում այդ փողերով։ Հիմա էլ ավագանու ընտրություններն են դարձել հեղափոխության փուլ։ Հեղափոխության հաջորդ փուլը, ակներեւաբար, լինելու են Ազգային Ժողովի նոր ընտրությունները։ Ամենայն հավանականությամբ, Ազգային Ժողովը արդեն չի ինքնալուծարվի, ուրեմն հեղափոխության նպատակ է հայտարարվելու հասնել խորհրդարանի դեմ հաղթանակի։ Դա արդեն հեղափոխության համար երկարատեւ գործ է ապահովելու։

Ի դեպ, մինչ այժմ դեռևս Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությունը որեւէ ռեֆորմատորական օրենքի նախագծով չի մտել Ազգային Ժողով, որպեսզի հակահեղափոխական խորհրդարանականները մերժեն տնտեսական զարգացում ապահովող նախաձեռնությունը, եւ լրացուցիչ հիմք տան իրենց հակաժողովրդական հայտարարելու։ Սակայն սա էական չէ, հայտարարված է, որ հեղափոխության հաղթանակի համար անհրաժեշտ է գնալ խորհրդարանի լուծարման, եւ հեղափոխությունը կգնա դրան։

Հեղափոխության նպատակները դեռեւս հայտնի չեն, անգամ ժողովրդավարության հաստատումը չի հռչակվել նպատակ, Նիկոլ Փաշինյանը ավելի է նախընտրում «ժողովրդի իշխանություն» տերմինը, լավ հասկանալով, որ ժողովրդավարությունը ենթադրում է ինստիտուտներ, պրոցեսներ եւ պատասխանատվություն, մինչդեռ ժողովրդի իշխանությունը ընդամենը պահանջում է միայն հրապարակ եւ բարձրախոս։

Ներկա նախընտրական պրոցեսն էլ ցույց տվեց, որ ավելի կարեւոր է համարվում հրապարակի ակտիվությունը մշտական դարձնելը։ Այս նպատակին են լծվել ինչպես իրական լրատվամիջոցները, այնպես էլ գեներացված բազմահազարանոց ֆեյքերը, նույնիսկ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Հեղափոխությունն իր հաղթանակի համար օգտագործում է այն բոլոր միջոցները, որոնք նա հայտարարել է թույլատրելի հեղափոխության համար, եւ առաջին հերթին դա զանգվածների մոբիլիզացիան է։

Այս անընդհատ, պերմանենտ հեղափոխության դաշտում, որտեղ հեղափոխության նպատակ է հռչակվել հեղափոխությունը, կարեւորագույն գործիք է հրապարակը։ Շատ կարեւոր է հրապարակի մշտարթունությունը, քանի որ սահմանադրական խնդիրները հաղթահարելու եւ հեղափոխությունը շարունակելու համար նա է մշտապես լեգիտիմացնելու իշխանությանը։

Իր հերթին, հրապարակը ձեւավորվեց «Մերժիր Սերժին» ժխտողական, բայց շատ արդյունավետ կարգախոսով։ Հիմա հեղափոխության հաղթանակների համար նրան անհրաժեշտ են նոր թշնամիներ եւ նոր մերժողականություն։ Այս տեսանկյունից, իհարկե, արագ խորհրդարանական ընտրություններ պետք չեն հեղափոխությանը, քանի դեռ հաջորդ թշնամու կերպարը չի ձեւավորվել։

Հրապարակին չի կարելի թույլ տալ շրջվել դեպի պոզիտիվ գաղափարները, քանի որ այստեղ արդյունքներ գրանցելը շատ ավելի դժվար է։ Ավելի լավ է առաջնորդվել՝ «հո մի քանի ամսում չի կառուցի տասնամյակներով ավերածը» լոզունգով, եւ չանել կառուցողական քայլեր։ Իհարկե, այստեղ կարող են առաջանալ խնդիրներ պատերազմի, տնտեսական կոլապսի, թեկուզ՝ գազի գնի հետ կապված։ Ուրեմն, առավել եւս անհրաժեշտ է շուտափույթ ձեւավորել նոր թշնամուն։

Ներկա աշխարհաքաղաքական բնական թշնամին, այս դեպքում չի աշխատի, քանի որ հեղափոխության շարունակականության համար նրան անհրաժեշտ են թեկուզ փոքրիկ, թեկուզ PR-ային, բայց հաղթանակներ։ Ադրբեջանի դեպքում դա շատ դժվար կաշխատի։ Ի դեպ, որպես պերմանենտ հեղափոխության աբսուրդի արտահայտություն արդեն կարելի է հանդիպել տրոցկիստական հոդվածների այն ոգով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները իրար թշնամի չեն, այլ միասին թշնամի են այդ երկրներում իշխող օլիգարխներին։ Ավելին, որպես հեռանկարային խնդիր է դրվում Ադրբեջանում հեղափոխության գեներացիան։ Բնական է, որ Նիկոլ Փաշինյանից առաջ ընկնող պարծենկոտ ստատուսագիրները՝ տարված պերմանենտ հեղափոխության տեսլականով, խորացնելու են հեղափոխության էքսպորտի գաղափարը եւ հայտարարեն, որ Ռուսաստանն էլ պետք է հետեւի մեր հեղափոխական օրինակին եւ պայքարի իր օլիգարխների դեմ։

Այս դեպքում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հակասություններն իսկապես կխորանան։

 

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Հեղափոխության նպատակները դեռեւս հայտնի չեն…». նպատակը մեկն է՝ հին իշխանությունը փոխարինել նորով՝ սեփականով, իսկ մնացած ամեն ինչը՝ հընթացս՝ այնքանով, որքանով:

  2. Artur says:

    Ճիշտն ասած ձեր սարկազմն անհասկանալի է: Ձեր հոդվածներն ավելի շատ նպատակ ունեն ինքնաբավարարվելու. որ տեսեք, ես էլ կարող եմ մի բան ասել: Սակայն ինչն է ձեզ խանգարում ակտիվորեն աջակցելու հեղափոխությանը? Իսկ գուցե ձեր նպատակն այլ է? Անսխալական ոչ ոք չի կարող լինել, ուրեմն մի շտապեք վարկաբեկել: Նաև պետք չէ կապել այս ամենը տրոցկիզմի կամ այլ ռուսական որևէ նեգատիվ երևույթի հետ: Հայկական իրավիճակն ուրիշ է, միանշանակ ամեն ինչ իր տեղը կընկնի: Իմ կարծիքով ձեր վերլուծությունը ավելի շատ միտում ունի պախարակել, կոտրել ժողովրդի վերջապես նորից ձեռք բերված ինքնավստահությունը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930