Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ջնջել բոլոր հայհոյանքները

Հոկտեմբեր 09,2018 10:00

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը որոշել է անարձագանք չթողնել համացանցում տեղ գտած հայհոյանքները եւ այդ երեւույթին իրավական ընթացք տալ: Ինչ խոսք, ինքնին երեւույթը գարշելի է՝ մարդիկ, հավանաբար, իրենց անձը կարեւորելու, այս կյանքում ինքնահաստատվելու եւ իրենց «ժողովրդի մասնիկ» զգալու նպատակով անպատկառ բառեր են գրում ֆեյսբուքյան կամ յութուբյան մեկնաբանություններում: Ցավալին այն է, որ դա չի դատապարտվում եւ անգամ խրախուսվում է իրավապաշտպան, այդ թվում՝ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից՝ «դե ինչ անենք՝ ժողովրդի  ձայնն է»: Ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում մեր հ/կ-ներից շատերն առաջնորդվում են ոչ թե իրենց կանոնադրություններով եւ հայտարարագրված սկզբունքներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ինչն անխուսափելիորեն բերում է երկակի ստանդարտների:

Տեխնիկական առումով, սակայն, խնդիրը, գոնե ինձ համար, այնքան էլ պարզ չէ: Ամեն օր Aravot.am կայքում հրապարակվում է 100-200 նյութ, որոնցից, ենթադրենք, 5-10-ը այսպես թե այնպես վերաբերում է ՀՀԿ-ին կամ ՀՀԿ-ականներին: Այդ 5-10 նյութերի տակ գրվում է 50-300 մեկնաբանություն, որոնց 90 տոկոսը հայհոյանքներ են: (Թիրախների շարքին կարող են ավելանալ նաեւ դաշնակցականները՝ կախված նրանից, իրենց «խելոք կպահեն», թե չէ. եթե վարչապետը կրկին պնդի, որ նրանք հակահեղափոխական են, եւ նրանց տեղն աղբանոցում է՝  որոշ նյութերի  տակ եւս կհայտնվեն մի քանի տասնյակ հայհոյանքներ): Ֆեյսբուքյան էջում այդ հարյուրավոր հայհոյանքները ջնջելն ինքնին տիտանական աշխատանք է: Բայց ենթադրենք, դա հաջողվում է անել: Բայց ջնջելը «մեկանգամյա ակցիա» չէ: «Ժողովրդի ներկայացուցիչները» կարող են շարունակել հայհոյանքներ գրել նյութի հայտնվելուց հետո օրեր եւ նույնիսկ շաբաթներ անց: Հետեւաբար այդ նյութերին պետք է կրկին ու կրկին անդրադառնալ: Ավելին՝ ենթադրենք, նույն Արփինե Հովհաննիսյանը (որին, ի դեպ, անկախ նրա քաղաքական թիմի բազմաթիվ մեղքերից՝ ես անձնապես հարգում եմ) երեկոյան ժամը 22-ին զանգահարում է խմբագրություն եւ խնդրում իր հասցեին գրված հայհոյանքները ջնջել: Մենք դա անում ենք, բայց մինչեւ հաջորդ առավոտ եւս մի 20 «պայքարող տեսակ» գրում է իր հայհոյական «արժեքավոր» մտքերը: Հաջորդ օրն առավոտյան հիմքեր կա՞ն մեզ դատի տալու:

Դրա համար է ինձ թվում, որ գրված օրենքների կողքին պետք է գործեն  չգրվածները: Այսինքն՝ հասարակությունը պետք է այսպես թե այնպես ինքնակարգավորվի: Նախ՝ վարչապետը պետք է հրապարակավ եւ շատ խիստ դատապարտի «ատելության խոսքը», քանի որ նման խոսքը ոչ միայն անբարոյական է, այլեւ անօրինական:

Երկրորդ՝ մենք բոլորս՝ գրողներս, խոսողներս, ներառյալ հ/կ-ները, պետք է խիստ սահմանազատենք Մարդուն նրա եւ առավել եւս՝ նրա կուսակցության կատարած հանցանքներից: Անհանդուրժելի է հանցանքը, իսկ Մարդու անձնական արժանապատվությունը մշտապես հարգանքի է արժանի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Քֆուրի դեմ հիիին ու փորձված մեթոդ կա: Հիշողանց ես պահում ու թեթև զեմլյա տալիս: Անցնում կորում ա:

  2. Լավատես says:

    Բնական է, եթե իրենց հռչակում են մի բան, իսկ իրականում գործում են դրա հակառակը, չհայհոյող մարդն էլ չի դիմանա, կհայհոյի, մարդու զզվանքը գալիս է նման անսկզբունքայնությունից ու խաբեությունից, թող վերադառնան իրենց սկզբունքներին ու կուսակցական գաղափարախոսությանը, այդ ժամանակ միայն դրսի հեռուստակայանները նրանց կհայհոյեն, որը կնշանակի, որ նրանք ճիշտ ուղու վրա են:

  3. Հ.Շ. says:

    Այդ անձերու պարագային որոնք իրենց հայհոյանքներն ու սպառնալիքները նոյն համակարքիչէն կամ մի քանի նոյն գործիքներով կը ջանան տեղադրել տուեալ կայքէջում, IP համարի միջոցաւ, կայքէջի վարչութիւնը կարող է զանոնք հրատարակման միջոցէն զրկել: Մինչեւ իսկ մուտքը արգիլել կայքէջում: Նախապէս ազդարարութիւն մը տալէ ետք, որպէսզի յանցաւորին առիթը տրուի վարքագիծը սրբագրելու, քաղաքակիրթ դառնալու:

    Իսկ յատկապէս այս թերթի պարագային, չհասկցայ… Մէկնաբանութիւնը արդէն երբեք ուղղակիօրէն, անմիջապէս ու ինքնաբերաբար, չի երեւում: Նախ անցնում է ուրեմն ստուգման, վերանայումի փուլէ մը: Այդ հանգրուանին եթէ տեղի ունենայ զտումը, մաքրագործումը, ո՞ւր է խնդիրը…

    (Ամէն դէպքում, ես եթէ Տիկին Յովհաննիսյանին եւ իր նման, իր մակարդակով, կրթութեամբ, որակով ու վաստակով, այժմ ընդդիմադիր դարձած ԱԺ պատմագամաւորների տեղը լինէի, հանդարտօրէն ու ժպիտը դէմքիս՝ մանդատս վար կը դնէի, սիրտս հանգիստ տուն կ’երթայի: Եւ յաջորդող «ընտրութիւններուն» ալ կը մնայի անշուշտ տունս: Նոյնիսկ աւելի լաւ կ’ընեն մի քիչ երկրէն դուրս երթալու, նորմալ երկիր մը, արժանի արձակուրդ մը վայելելու: Իրենց ղեկավարի հրաժարականէն ետք, անիմաստ ու ապարդիւն է որեւէ դիմադրութիւն: Borg-երի գերիշխանութեան ժամանակն է հիմա, «resistance is futile». )

  4. Ruben says:

    Հիմնական մեղավորը մարդակերպ պաշտոնյան է, ոչ թե պետական համակարգի կառուցվածքը: Բազկաթոռ գրկելը եւ ոչինչ չանելը պետության օգտին եւ համար՝ դարձել է հատկանիշ:
    Հայաստանի Հանրապետությունը կորցրեց բազմամիլիարդանոց ներդրումներ ստանալու հնարավորությունը՝ վարչապետի շնորհիվ (ով չի կարողանում կարդալ քաղաքացիների նամակները), ազգային անվտանգության ծառայության շնորհիվ (որը չգիտի, թե ինչ է կատարվում երկրում) եւ վաշխառուներ համակարգի շնորհիվ (որոնք աշխատում են «на дядю»:
    Ինչպե՞ս չհայհոյել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031