Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը զուտ Հայաստան-ԵՄ հարաբերության տեսանկյունից զգալիորեն կորցրել է իր քաղաքական բովանդակության կշիռը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո. «Ժամանակ»

Հոկտեմբեր 10,2018 12:41 Share

Հայաստան-Եվրամիություն հարաբերության համար ներկայումս ստեղծված է առանձնահատուկ մի իրավիճակ: Բանն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որ ստորագրվել էր դեռևս նախորդ տարի նոյեմբերի 24-ին, լինելով շատ մեծ իրադարձություն նույնիսկ ռեգիոնալ մասշտաբով՝ միջազգային որոշակի ընդգրկումով, իրականում զուտ Հայաստան-ԵՄ հարաբերության տեսանկյունից զգալիորեն կորցրել է իր քաղաքական բովանդակության կշիռը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո:

Բանն այն է, որ համաձայնագիրը զուտ բովանդակային իմաստով արժեքավոր էր նախկին համակարգի բնույթի պայմաններում, որը բնորոշվում էր կոռուպցիայով և ընտրական ու քաղաքական մրցակցության բացակայությամբ: Այդպիսի համակարգի հետ գործ ունենալիս Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստանում է իսկապես հույժ կարևոր նշանակություն, հատկապես 2013-ի համաձայնագրի տապալումից հետո: Ներկայումս, սակայն, Հայաստանում տեղի են ունենում ներքին վերափոխումներ և ձևավորվում է նոր քաղաքական իրականություն, որտեղ արդեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի բովանդակության մի զգալի մասը ստացել է ընթացիկ աշխատանքի, առօրյայի կարգավիճակ կամ այլ կերպ ասած՝ դարձել է արդեն զգալիորեն Հայաստանի ներքին օրակարգ:

Ըստ այդմ՝ ակնառու է Հայաստան-ԵՄ օրակարգի, այսպես ասած, վերախմբագրումը կամ վերանայումը: Անշուշտ, դա որևէ դեպքում չպետք է տեղի ունենա Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերանայման տեսքով: Նախ՝ համաձայնագրի վերանայումը կնշանակի բավականին բարդ և անգամ տարիների գործընթաց, ըստ էության՝ զրոյից սկսելու գործընթաց, ինչը բացի ժամանակի կորստից և նոր բարդություններից՝ չի տա ոչինչ: Համաձայնագրին պետք չէ ձեռք տալ, կամ ձեռք տալ պետք է միայն ու միայն ԵՄ անդամ երկրներում վավերացման գործընթացի տեսքով: Բայց Հայաստան-ԵՄ համաձայնագիրն արդեն Հայաստան-Եվրամիություն հարաբերության, այսպես ասած, ոչ թե առավելագույն շեմը պետք է լինի, ինչպես էր 2017 թվականի նոյեմբերի 24-ին, երբ այն ստորագրվում էր, այլ պետք է լինի նվազագույն շեմը:

Համաձայնագրին ձեռք չտալով՝ Հայաստանն ու Եվրամիությունը պետք է սկսեն մի գործընթաց, որը միտված պետք է լինի ավելիին: Սակայն դա նաև պետք է լինի նվազագույն շեմն ամբողջացնելու միջոցով, ինչը նշանակում է հնարավորինս արագ վավերացում բոլոր երկրներում ու Եվրախորհրդարանում՝ նկատի ունենալով այն, որ 2019 թվականը ներկայիս Եվրախորհրդարանի վերջին տարին է և արդեն սկսելու է գերիշխել, այսպես ասած, նախընտրական մթնոլորտը, երբ եվրոպացի գործիչների համար արդեն առաջնային են դառնալու ընտրության խնդիրները, և տևական ժամանակ Եվրամիությունը կընկղմվի այդ գործընթացի մեջ՝ մի կողմ թողնելով Հայաստանի հետ համաձայնագրի վավերացումը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031