Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատվիրակները պաշտպանում են Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ

Հոկտեմբեր 10,2018 17:27 Share

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Վեհաժողովում մանդատների ու քվեարկության հետ կապված որոշումների ընդունման գործընթացի ամրապնդման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովն առաջարկեց, որ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխարեն կամ հանձնաժողովին զուգահեռ ԵԽԽՎ-ում ստեղծվի նաև ԵԽ անդամ երկրների և ԵԽ-ի միջև հաշտեցման հանձնաժողով: Այս համատեքստում ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց, թե հաշտեցման հանձնաժողովը հատկապես կարևոր է այն տեսանկյունից, որ մի շարք անդամ երկրներ ունեն միմյանց հետ, ինչպես նաև ԵԽ-ի հետ խնդիրներ: Սամադ Սեյիդովն առիթը բաց չթողեց հայտարարելու, որ, օրինակ, Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները, Ուկրաինան ունի իր խնդիրները, Մոլդովոն, Վրաստանը, Ռուսաստանը՝ իրենցը:

Ադրբեջանցի մեկ այլ պատվիրակ Սևինջ Ֆաթալիևան հայտարարեց, թե պետք է հասկանալ, որ խաղն ավարտվել է և այլևս ընդունելի չէ այն, որ օկուպանտների հետ ենք նստում նույն սրահում. «Բավական է տասնամյակներ նույն վեհաժողովում գտնվենք օկուպանտ երկրների հետ, ինչպես Լեռնային Ղարաբաղի պարագայում Հայաստանն է և իր գործողություններով չի համապատասխանում 2005-ին ընդունված բանաձևին, սակայն երբևէ պատժամիջոցների չի ենթարկվել»:

Դառնալով անդամ երկրների պատժամիջոցներին՝ Ֆաթալիևան հայտարարեց. «Ավելի լավ է Վեհաժողովը գնա անդամ երկրների հետ խնդիրները լուծելու ճանապարհով, քան նրան մեկուսացնելու»:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր ձայների 99 «կողմ», 79 «դեմ», 16 «ձեռնպահ» հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում Վեհաժողովում մանդատների ու քվեարկության հետ կապված որոշումների ընդունման գործընթացի ամրապնդման վերաբերյալ զեկույցը հետ ուղարկվեց հանձնաժողով լրացուցիչ քննարկման համար: Նշենք, որ եթե վեհաժողովն ընդուներ այս զեկույցը, ու թեև զեկույցում ոչ մի խոսք չկար Ռուսաստանի մասին, Ռուսաստանը վերադառնալու էր ԵԽԽՎ: Իսկ այս քվեարկության արդյունքում զեկույցը կրկին կքննարկվի հանձնաժողովում, ԵԽԽՎ նախագահը կորոշի առաջիկա նստաշրջաններից որ մեկում այն դնի քննարկման. ամենայն հավանականությամբ հունվարին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031