Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես առաջ, այնպես էլ այս ընտրություններով մեկ մարդ է միայն խորհրդարան ձեւավորում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2018 11:40 Share

Արդյոք, գաղտնի՞ք բացահայտած կլինենք, եթե ասենք, որ իրավապահ համակարգից զատ Փաշինյանի նախընտրական շտաբի ենթակայության տակ էր հայտնվել նաեւ պետական ողջ ռեսուրսը։ Եթե ոչ, ապա որտեղի՞ց այն գումարները, որ այդ շտաբը ծախսել է այս օրերին։ Խոսքն այն մի քանի հազար դոլարի մասին չէ, որ հայտարարվում է պաշտոնապես (կես միլիոն դոլարից մի քիչ ավելի), այլ այն գումարների, որոնք զարտուղի ճանապարհներով են դրվել քարոզչական «շրջանառության» մեջ, եւ չի բացառվում, նաեւ ընտրակաշառքի ձեւով հայտնվել «Իմ քայլ»-ի ընտրողների գրպանում։

Իսկ որ ընտրակաշառք տրվել է, այն էլ խայտառակ չափերի, մենք համոզված ենք, որովհետեւ մեր աչքերով ենք տեսել թե՛ մարդկանց՝ թանկարժեք ավտոմեքենաներով եւ տաքսիներով ընտրության բերելը, թե՛ ընտրատեղամասերում ստեպ-ստեպ գոյացող կուտակումները, թե՛ հանձնաժողովների որոշ անդամների կողմից, ընտրության կարգը բացատրելու պատրվակով, քաղաքացիներին ուղղորդելը, թե՛ «օգնողի» արջի ծառայությունները եւ թե՛ այլ կոպիտ միջամտություններ, որ մեզ հայտնի են դեռ նախկին ընտրություններից։ Ի՞նչ փակ, գաղտնի ընտրության մասին է խոսքը, երբ ընտրողը քվեախցի հետեւից դուրս է գալիս 4-րդ համարի թերթիկով եւ դիմում հանձնաժողովի անդամներին՝ «հըմի սա ի՞նչ պըտի անեմ»…

«Իրավիճակ է փոխվել» արտահայտությունը, կարելի է ասել, արդեն թեւավոր խոսք է դարձել։ Բայց իրավիճակի ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, երբ, ինչպես առաջ, այնպես էլ այս ընտրություններով մեկ մարդ է միայն խորհրդարան ձեւավորում։ Առաջ այդ մարդը Սերժ Սարգսյանն էր, այսօր՝ Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ է փոխվել Հայաստանում, երբ 30 տարի շարունակ ընտրակաշառք վերցրած նույն կոնտինգենտը (մեզ նաեւ այդ կոնտինգենտն է քաջ հայտնի) այս անգամ քվեարկում է մեկ ուրիշի օգտին, եւ մենք ունենում ենք գրեթե նույն պատկերը, ինչ առաջ։

Միջանկյալ կարգով նշենք, որ, դիցուք՝ Ավանում (թիվ 1 ընտրատարածք) նախկին ու ներկա իշխանություններն իսկական կինո ցուցադրեցին։ Առնվազն Ավանի ընտրազանգվածին հրաշալի գիտենք։ Ասում է՝ գյուղ տեղ է, բոլորն իրար ճանաչում են։ Դեկտեմբերի 9-ը, սակայն, Ավանում «մեծ ուրացումի» օր էր, ոչ թե այն պատճառով, որ հեղափոխություն էր տեղի ունեցել, եւ իրավիճակ էր փոխվել, այլ այն, որ իմ հարեւան Շմավոնին ու բոլոր շմավոններին Ավանի «ջոջակազմն» այլ ուղղորդում էր տվել՝ քվեարկել 4-րդի օգտին։ Ընտրակաշառք տվողի ձեռքը կոտրելու մասին Փաշինյանի հոխորտանքը շատ ծիծաղելի է Ավանի պարագայում, քանզի իմ հարեւան Շմավոնին ու նրա նմաններին հենց այնպես ընտրության չես տանի։ Մարդկանց ազատ թողեք, պարոնայք, եւ մենք վերջնականապես կկարողանանք խուսափել ամեն անգամ «արմենբաշի» ընտրելու այս տգեղ իրողությունից։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31