ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանը ընտրություններից առաջ հայտարարեց, որ մեր երկրում արդարադատություն գոյություն չունի, արդարադատությունը Նիկոլ Փաշինյանի գործադիր օրգանի է վերածվել: Ըստ Դավիթ Շահնազարյանի, դրա մասին է փաստում նաեւ գաղտնալսումների երկրորդ մասը, որից հետո Փաշինյանին չեն կանչել հարցաքննության: Aravot.am-ի հետ զրույցում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, որ համաձայն չէ, դա քաղաքական բառապաշար է՝ նախընտրական շրջանի համար: Ըստ նրա, մենք չպետք է գաղտնալսումների բովանդակությունը քննարկենք, որովհետեւ եթե քննարկենք, կստացվի, որ գաղտնալսողները իրենց նպատակին են հասնում, բացի այդ, ըստ Զեյնալյանի, մենք դրանով անձի անձնական գաղտնիության առանց այդ էլ փխրուն իրավունքը հարվածի տակ ենք դնում:
Հանրապետականները հայտարարում են «Մերժիր Նիկոլին» շարժումը ստեղծելու մասին: Թե ի՞նչ հեռանկար ունի այդ շարժումը մեր երկրում, Արտակ Զեյնալյանն ասաց. «Անձինք ազատ են արտահայտել իրենց տեսակետները եւ օգտագործել այն գործիքակազմը, որն օգտագործում էր քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքական ուժերը մինչեւ հեղափոխությունը: Կարծում եմ, ժամանակն է, որ այդ գործիքակազմին տիրապետեն նախկին հեռացված իշխանությունները»:
Միջազգային դիտորդները ընտրությունների դիտարկման արդյունքները ներկայացնելիս խոսել էին ՀՀ-ում դատական համակարգի բարեփոխումների մասին: Արտակ Զեյնալյանն այս առնչությամբ ասաց, որ մեր դատավորները գերծանրաբեռնված են, դրանով պայմանավորված՝ ժամկետները գործերի քննության բավականին ձգձգվում են:
Երբ արդարադատության նախկին նախարարներից Դավիթ Հարությունյանին լրագրողներն ասում էին, որ խորը անվստահություն կա դատական համակարգի նկատմամբ, նա պատճառաբանում էր, որ դա հանրային ընկալումն է, որը օբյեկտիվ իրականության հետ կարող է չհամընկնել: Ուստի պարոն Զեյնալյանին հարցրեցինք՝ հեղափոխությունից հետո էլ վստահությունը դատական համակարգի նկատմամբ մեծ չէ, էլի ընկալմա՞ն խնդիր է, թե՞ ոչ: Նա պատասխանեց, որ այնպես չէ, որ տարբեր ծրագրեր արդյունք չեն տվել, որպես օրինակ, մի շարք դատական գործեր մեջբերեց, որտեղ հաղթել են:
Ավելին, պարոն Զեյնալյանը Վարչական դատարանի մի քանի վճիռների հետ կապված ասաց, որ անգամ միջազգային հարթակում զարմացած են, որովհետեւ այդ վճիռներում կիրառում են ՄԻԵԴ վերջին ամենաթարմ որոշումները: Ըստ պարոն Զեյնալյանի, լրագրողներին համոզելու խնդիր ունեն, որովհետեւ երբեմն լրագրողները դրականը չեն ուզում լուսաբանել: Բացի այդ, երբ փաստաբանները դատական վիճաբանության մեջ են մտնում, պարտվելու դեպքում չեն ուզում ընդունել, որ վճիռն արդար է եղել: Եթե ի սկզբանե այն կանխավարկածով են շարժվում, որ հենց ես պարտվեցի դատարանում, ուրեմն արդար չէ, այդ մոտեցումը ճիշտ չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































