Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետն առաջարկում է՝ հարկերից խուսափողներին դատի տալ

Դեկտեմբեր 14,2018 21:21

Հարկերի հավաքման գծով Լոռու մարզի մի շարք համայնքներ թերանում են: Շուրջ 14 համայնքում սեփական եկամուտների հավաքագրումը 80 տոկոսից պակաս է: Մարզի սեփական եկամուտների հավաքագրման պլանը 100 տոկոսով կատարելու համար պակասում է 407 մլն դրամ: Հավաքագրումների նման ցուցանիշի պատճառները պարզելու նպատակով Լոռու մարզպետը նշված համայնքների ղեկավարներին հրավիրել էր խորհրդակցության:

Գուգարքի տարածաշրջանում գտնվող Ձորագյուղ համայնքը մարզում միակն է, որն ունի նաեւ աշխատավարձի պարտք. «Կան խնդիրներ, որոնց արդյունքում կուտակվում են պարտքերը: Խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ մահանում են, իսկ իրենց ժառանգները հողերը չեն սեփականաշնորհում: Այսինքն, մեր բազայում մնում է, որի արդյունքում էլ կուտակվում է: Իսկ հիմա, որ սկսենք բազան մաքրել նաեւ այդ հարցերը կլուծվի»,- վստահեցրեց Ձորագյուղի ղեկավար Արշակ Ռամազյանն ու քիչ հետո ավելացրեց. «Կլինի՞ մի անգամ էլ հավաքվենք եւ խոսենք ոչ թե հարկերից, այլ գյուղի խնդիրները ներկայացնենք»:

«Կլինի»,- հնչեց պատասխանն ու շարունակեցին թվել ցածր ցուցանիշ ունեցող համայնքների շարքը: Նշված համայնքների մեջ է նաեւ Շնողը: Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ցածր ցուցանիշը բացատրեց «Թեղուտ» գործարանի փակմամբ. «Եթե «Թեղուտն» աշխատեր, մարդիկ աշխատավարձ ստանային, ես համոզված եմ, որ 100 տոկոս կհավաքագրվեր: Հարցի լուծումը հավաքագրվել է՝ մենք գիտենք դրանով զբաղվում ենք»:

-Հիմա մենք համայնք ունենք, որ «Թեղուտ» չունի, դա հարցի լուծում չէ: Այսինքն, եթե այսօր մարդուն ազատում են աշխատանքից, դա նշանակում է, որ ինքն իր հողի հարկը պետք է չմուծի՞: Իր սեփական հողն օգտագործելու արդյունքում ինքը պետք է ստանա որոշակի եկամուտ, եւ դրանից պետք է հարկ մուծի,- հարցին ի պատասխան ասաց ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ` Արտավազդ Բեջանյանը:

-Հնարավոր է, որ չմուծի, որովհետեւ, եթե մարդն աշխատանքից ազատվում է, իր երեխայի համար չի կարողանում հաց առնի, հողի հարկն էլ չի մուծում: Շատ սիրուն ասում եք, բայց ամեն մարդ չի, որ հողից կարող է եկամուտ ստանա: Մենք 180 հա հողատարածք ունենք, որ ընդհանրապես չի էլ ջրվում, ո՞նց ստանա մարդը եկամուտ,- առարկեց համայնքի ղեկավարը:

Հավաքագրման ցածր ցուցանիշ արձանագրած որոշ համայնքների ղեկավարներ էլ նշեցին, որ բնակիչները հարկերը չեն մուծում, քանի որ հեղափոխությունից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե որոշ հարկատեսակներ պետք է զրոյացվեն: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ համայնքապետերին հորդորեց՝ հարկերից խուսափողներին դատի տալ. «Հաջորդ տարի իրար հետ փոխհարաբերվելու ենք նաեւ այս ցուցանիշների հիման վրա: Եթե դուք չեք կարողանում ձեր համայնքում ձեր գործերը կազմակերպել, ինչի՞պետք է մենք շահագրգռված լինենք ձեր համայնքում գանք ձեր փոխարեն աշխատենք, չի լինելու նման բան»:

Դատի է տվել, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել Թումանյան խոշորացված համայնքում. «Շատ ունենք, 500-ից ավելի, բայց 4 հոգու դատի ենք տվել: Որ իրենց գումարները գանձվեն մնացած առաջ կշարժվեն: Բայց մինչեւ հիմա, արդեն 2-րդ տարին է, դատարանն այդ հարցերը չի լսում»

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31