Լրահոս
Օրվա լրահոսը

Օջախիս երկրաշարժը

Դեկտեմբեր 18,2018 16:30

(հատված վիպակից)

Ցավալին այն է, որ մեզանից հեռացածների մասին հիշողությունն էլ է մեզանից հեռանում…

…Մոտակա գյուղի ճանապարհից Սպիտակի մայրուղի մտնելու պահին կարծես մեքենայի ղեկը խլեն ձեռքիցս: Մեքենայի առաջամասն անկանոն վերուվար արեց, այս ու այն կողմ ճոճվեց: Ես մտածեցի՝ անվադողերը փախան մեքենայի տակից: Չհասկանալով ի՞նչ է կատարվում, ստիպված արգելակեցի և դուրս եկա մեքենայից… Եվ…, տե՜ր իմ Աստված, չեմ կարողանում ոտքիս վրա մնալ:

Մայրուղու աջ ու ձախ կողմերի ժայռերից մեծ-մեծ ժայռաբեկորներ են պոկվում, ու ճարճատյունով թռչում տարբեր ուղղություններով: Կարծես ռմբահարում են լերկ ժայռերը: Իսկ մայրուղի՜ն…

Մայրուղին փախչում էր ոտքերիս տակից՝… ալիքաձև: Ակոսվում էր ասֆալտը, ճաքճքում էր ու տեղ-տեղ հեռանում իրարից: Հետ նայեցի դեպի գյուղ, որտեղից եկել էի: Հեռվում պարզ երևում էր իրար ետևից արագորեն փլվող տները… Աչք գցեցի Սպիտակի կողմը… Սև ամպ էր չոքել Սպիտակի գլխավերևում… Խավարել էր արևն իմ Ոստանի…

Կողքիս նստած ընկերս գոռում է.

-Հրաբո՜ւխ է…

-Չէ, ախպերս, երկրաշարժ է…

Դեռևս չզգալով կատարվածի սարսափելի հետևանքները, մեքենան ուղղում եմ դեպի…, դեպի… անորոշություն, դեպի անհայտություն…

…Որդուս գտա դպրոցի փլատակների տակ: Ես ճանաչեցի արյան ցեխով շաղախված նրա դեմքը: Աչքերը սոսկալի, դժոխային տեսարանից չռվել ու կարծես դատարկվել էին: Ու լուռ ինձ էր նայում… Դատարկ էին նրա աչքերը, այո՛: Երևի նրա ապրած վեց տարիների կյանքում միակ անգամ: …Առաջին հարկի առաստաղն ընկել էր հատակին ու նա, Աստծո ողորմածությամբ, հայտնվել էր դատարկ մնացած պատի գլխին: Իրանը կախված էր մնացել պատի մի կողմից, ոտքերը՝ մյուս: Բետոնի հսկա կտորներն ընկել էին որդուս իրար փաթաթված ոտքերին: Ես չկարողացա ազատել նրան բետոնե կապանքներից ու սկսեցի ոչ մարդկային ձայնով գոռալ, օգնություն կանչել: Սակայն, չհասկացա, ձայնս դո՞ւրս եկավ, կամ հասավ որևէ մեկին:

… Հա, հիշում եմ, որ նրան ուսիս գցած, իրանը դեպի մեջքս, ոտքերը՝ կրծքիս կողմը, ինչպես պատի վրա էր, տանում էի դեպի մեքենան: Տանում էի ուժասպառված, ֆիզիկապես ու հոգեպես «բնաջնջված», թուլացած: Տանում էի ծնկներս ծալվելով՝ մերթ վազեվազ, մերթ չորեքթաթ, մեկ-մեկ էլ՝ ընկնել-բարձրանալով: Միայն օրեր անց չորեքթաթը պիտի հասկանայի սրունքներիս ու ծնկներիս ցավոտ վերքերից… Դպրոցից-մեքենա հիսուն մետր ճանապարհը ժամեր թվացին, անսահման երկար ժամեր: Նրան մեքենայի մեջ պառկեցնելով շարժվեցի մեր տան կողմը: Շարժվում եմ առաջ աչքերիս չհավատալով: Ոչ էլ հասկանալով, թե որտե՞ղ եմ: Երկնակամարը կարծես գետնին էր ընկել, ամեն ինչ գլխիվայր դարձրել, ամեն բան խառնել ու խճճել: Մարդկային աչքին անսովոր կիսաքանդ, քանդվել շարունակվող շենքեր, շենքեր… Դրանց արանքից նայում եմ մեր շենքի կողմը: Ես ջանում եմ լայն բացել աչքերս ու գտնել մեր տունը: Չկա՜… Գետնին է հավասարվել: Ինձ համոզում եմ չհավատալ աչքերիս: Չէ՛, չի կարող այդպիսի բան պատահել: Ինչպե՞ս կարող է քաղաքի ամենամեծ շենքերից մեկը քարակույտի վերածվել: Փլատակ կոչվող քարակույտից դեռ փոշի էր բարձրանում: Դեռ տնքում էր հողը, խուլ ոռնում էր անտանելի ցավից: Ու ծուխ էր բարձրանում, ծո՜ւխ… Ինձ խեղդում են տագնապն ու ցավը, անողոք եղելությունը… Մարդ Աստծո, այստեղից ոչ մեկը չի կարող կենդանի մնալ… Բոլորը տանն էին: Չորսն էլ տանն էին… Ես ի՞նչ եմ անելու, Աստվա՜ծ իմ…

…Մեքենայով շարժվեցի դեպի հիվանդանոց: …Իզո՜ւր… Առանց այն էլ՝ չորսբոլորս դժոխքի տեսարաններ էին… Եվ նորի՞ց դժոխք: Սպիտակ խալաթներն արյան ցեխի ու շաղախի հետ խառնված, հիշեցնում էին հեքիաթներում նկարագրված իսկական դժոխքը… Դիակներն անճանաչելի էին, այլակերպված ու զազրելի տեսքերով: Հազիվ հասկացա, որ ումից օգնություն էի ակնկալում, հենց նրանց էր օգնություն հարկավոր…

…Կիրովականի կեսճամփին որդուս ցավերից սպիտակած շուրթերից սկսեց սպիտակ փրփուր հոսել: Նույն պահին մի սարսափազդու գոռոց հասավ ականջիս: Ես արգելակեցի մեքենան: Նայում եմ շուրջս, մարդկային ոչ մի շունչ: Քիչ անց զգում եմ, որ այն ձայնը շատ նման էր իմ ձայնին…

…Որդուս բերանից շարունակում էր դանդաղորեն հոսել սպիտակ փրփուրը: …Ամեն ինչ վերջացա՜վ: Աշխարհի վերջը հենց սա է, որ կա… Հեռվից, կարծես խավարի միջից, նշմարում եմ դեպի իմ կողմն ընթացող մի մեծ ավտոբուս: Եթե ամեն ինչի վերջը եկել է, ապա ես ինչո՞ւ եմ ապրելու, ո՞ւմ համար: Միայն անասելի տառապանքների՞… Ուրեմն… Ուրեմն՝ Աստված ինձ փրկելու համար է ուղարկել այս ավտոբուսը: Հիմա ես կնետվեմ նրա անվադողերի տակ ու «կփրկվեմ»… Մի վերջին հայացք եմ գցում որդուս վրա: Նույն վայրկյանին վճռում եմ, որ ես անպայման փրկելու եմ նրան:

…Չգիտեմ, Կիրովականի ո՞ր հիվանդանոցում ենք: Որդուս զույգ ոտքերին բժիշկը շինա է դնում: Ներարկվող հեղուկի շիշն ինձ է տալիս, որ բարձր պահեմ: Դեղորայքի ու բուժգործիքների սով է սկսվում…

-Աղիները լվանալու և ախտահանելու հեղուկ չկա: Մաքրիր աղիներն ու վերքերը կեղտից, աղիներն զգույշ ներս լցրու, փորիկը թանզիֆով ծածկիր, թող շտապ Երևան տեղափոխեն: Գուցե այնտեղ փրկեն փոքրիկին: Բուժքույրը իրանով ծածկում է դեմս, որ չտեսնեմ տղայիս պատառոտված փորի սոսկալի պատկերը:

…Սպիտակով Երևան մեկնելու ճանապարհին մի անգամ ևս աչք գցեցի մեր շենքի կողմն ու… էլի չհավատացի ինքս ինձ: Այս փլատակներից ոչ մեկը փրկվելու մազաչափ հույս անգամ չի փայփայի…

…Երևանի այն ո՞ր հիվանդանոցում էր, որ գիշերը վիրահատարան մտցրեցին որդուս: Բուժանձնակազմը, նրանց օգնության եկած բոլոր ներկաներ անխտիր վազքի մեջ էին: Պատգարակներով, մրրիկի արագությամբ ջարդ ու խուրդ եղած վիրավորներ էին բերում ու բերում:

Վիրահատարան, վիրահատարան, վիրահատարան…

Հանկարծ ականջիս է հասնում, որ մի փոքրիկ տղայի ոտքերից մեկը պատրաստվում են հեռացնել՝ հետագա բուժման անհնարինության պատճառով: …Մտնում եմ վիրահատարան, սաստիկ ոռնոցով շրջում եմ ամեն բան՝ սեղանը, գործիքները… Առավոտյան բարեկամս պատմեց, որ Մերձբալթիկայից օգնության ժամանած բժիշկները համոզել ու հանգստացրել էին ինձ, որից հետո հայտնեց թե՝ որդուս զույգ ոտքերի տասնյակ կոտրվածքներն Էլիզբարովի ապարատով միահյուսել-միակցել են և շուտով դուրս կբերեն վիրահատարանից:

…Շարժամահճակալի վրա ես նրան տեսա սարսափներից փոքր-ինչ հանդարտված աչքերով: Թվում էր, աչքերով օգնություն է հայցում: Շուրթերը չորացել էին ու ավելի սպիտակել: Խավար աչքերը դժվարությամբ բացելով ձեռքը հա ինձ էր մեկնում՝ անկանոն ու անիմաստ: Հաճախ ջուր էր խնդրում: «Դու ի՞նչ մարդ ես, որ որդուդ ջուր չես կամենում »,- հանդիմանում էր ինձ տարիքավոր մարդու պես: Երկու ժամ անց ջուր տվեցի նրան: Ավելի վաղ չէր կարելի: Կարծես փոքր-ինչ հանգիստ առավ: Մշուշը ցրվեց աչքերից: Ապա, անսպասելի լարվեց.

-Պապ, որտե՞ղ ես ալյուրոտել մազերդ,- զարմացած հարցնում է ինձ: Իսկ ես՝ մտածեցի, թե՝ զառանցում է… Ցնորվելու չափ ցնցվեցի հոգեպես: Աշխատում էի, որ նա չնկատի ծանր հոգեվիճակս: Անկենդան ժպտում էի ու ժպտում: Թվում էր, թե ժպտալով հույս եմ ներարկելու, ապրելու հավատ ամրացնելու մատաղ հոգու մեջ:

-Բալես, գիշերը, երբ մեր ալրաղաց կոմբինատի մոտով անցնում էինք, այն էլ փլվեց: Երևի այնտեղ է ալյուրոտվել…

Նույն պահին անիծում եմ ինձ՝ ստելու համար: Հետո հասկանում եմ, որ այդ ստով կյանք եմ փրկում… Իմ անմե՜ղ բալես, ի՞նչ իմանայի, որ դու չես զառանցում: Ի՞նչ իմանայի, որ երկրաշարժի սև քառասունքի օրը սափրվելիս, միայն հայելու մեջ պիտի նկատեմ ճերմակած մազերս: Եվ, ի՞նչ իմանայի, որ ամիսներ անց, սև սաթի նման քո խիտ մազերի մեջ էլ պիտի սպիտակած փնջեր տեսնեի… Ու ցավ պիտի ապրեի, որ մեր մազերն սպիտակել են մի գիշերվա մեջ, վայրկենաբար՝ սարսափների, արյան տհաճ հոտի, մարդկային աչքին ու սրտին անսովոր, անտանելի տեսարանների արդյունքում, որոնց դժբախտ ականատեսներն ենք եղել միասին… Սակայն…

-Պապ, մեր տունն է՞լ է քանդվել…

-Չէ, բալես,- նորից ստում եմ ես:

-Բա ինչո՞ւ մեր տան մոտով անցնելիս գոռացիր ու երկու ձեռքով խփեցիր գլխիդ, հը՞… Ինչո՞ւ, ինչո՜ւ…

Տե՜ր Աստված, նորից զառանցում է…

-Պապ, ո՞ւր են մերոնք: Բա Սիրանուշ քույրիկս ինչո՞ւ չի գալիս այստեղ: Ինչո՞ւ մաման, տատիկն ու պապիկը չեն գալիս ինձ մոտ…

-Նրանք շենքի փլատակներից հարևաններին են դուրս բերում…

Տեսնես մինչև ե՞րբ եմ ստելու…

-Ջո՜ւր, ջուր եմ ուզում… Ես սթափվում եմ: Ջուր եմ տալիս նրան: Մթնած աչքերը նշմարող են դառնում:

-Պապ, ես բախտ ունեմ, չէ՞… Հա՛, ես բախտ ունեմ: …Մեր դասարանից միայն ես փրկվեցի: Այս ի՞նչ կատարվեց, պապ, այս ի՜նչ կատարվե՜՜ց… Մեր դասարանում, հանկարծ անդունդ բացվեց: Ողջ դասարանը խորխորատն ընկավ… Պապ, ինչո՞ւ, մեր ո՞ր մեղքի համար, պա՜՜պ…

Նրա դողդոջուն շուրթերն սկսեցին ավելի դողալ: Կարծես շունչ էր հավաքում զայրույթն ահագնացնելու համար…

-Ինչո՞ւ մենակ ես փրկվեցի, ինչո՜ւ… Գոռում էր, երևի առ Աստված: Պատասխան էր պահանջում անիրավ Աստծուց:

Աչքերը հաճախ էին սառում, անշարժանում ու խոշորանում: Այդ պահերին սրտիս վրա քարեր էին ծանրանում: Խաղաղվելու և սիրտս հանգստացնելու համար արտասվել էր պետք, թաքուն մի անկյուն էր հարկավոր: Մենակություն էր պետք արտասվելու, գոռալու, ճչալու համար: Մտքիս թելը կտրվում է: Որդիս սկսում է սնքրթալ: Լացում է նա՝ աղիողորմ ու հորդ արցունքներով: Ապա.

-Ընկեր Չոբանյանի գլխին գրատախտակն ընկավ: Այն ո՞նց ընկա՜վ… Չհասցրեց ձեռքերով պաշտպանել գլուխը… Նրան էլ խորխորատը տարավ, լսո՞ւմ ես, պապ, տարա՜վ… Ու ճչում է նորից ու նորից…
…Ամեն մի վերք իր դեղն ունի, ամեն ցավ՝ իր դարմանը: Իմ ցավերն ու վերքերը երկար, անսահմանորեն երկար ապաքինում էին պահանջելու: Մինչ սրտիս պատերը դիմանում էին միայն որդուս տառապանքները կրելու մորմոքին, մտովի մազերս էի փետտում փլատակների տակ մնացած ընտանիքիս չորս անդամների համար, որոնց ճակատագրի մասին դեռևս տեղեկություն չունեի:

Անհանգիստ վախով պարուրված, չէի ցանկանում արհավիրքի ահագնացող բոթը ժամ առաջ իմանալ: Ու, քանի դեռ բանականությունը ուղեղիս մտածելու հրաման էր տալիս, աշխատում էի հույս տալ որդուս, ծիծաղել ու նույնիսկ՝ կատակել: Հաճախ էլ ոգևորել նրան, ասելով, որ ինքն այն տղամարդն է, որի «կեսը եթե կտրեն, օ՜ֆ անելու իրավունք չունի»…

Երկու օր անց, բժիշկները հավաստիացրեցին, որ որդուս կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Որքան էլ ուրախալի էին բժիշկների հուսադրումները, սակայն ինչ-որ մի ներքին ձայն արգելակում էր Սպիտակ վերադառնալու ցանկությանս, քանզի ինձ սպասում էին հսկայածավալ ավերակներն ու ընտանիքիս անդամների, հարազատ-բարեկամներիս անդառնալի կորուստները…

ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31