Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի պաշտպան. «Մտքումս ասում էի՝ Արսեն, չանես, սադրանքի չտրվես»

Հունվար 14,2019 19:55

ՀՀ փաստաբանների պալատում այսօր կառույցի խորհրդի անդամները քննարկում են վերջին շրջանում մի շարք փաստաբանների հանդեպ հանրային բացասական վերաբերմունքի, ցուցարարների կողմից վիրավորանքների եւ սպառնալիքների հարցը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր գործընկերներին տեղեկացրեց, որ քննարկման արդյունքում ՀՀ իշխանություններին կներկայացնեն առաջարկներ՝ փաստաբանների գործունեության խոչընդոտման դեպքերը բացառելու նպատակով:

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը, որի մեքենայի վրա երեկ թքել էր Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարներից մեկը, դիմելով գործընկերներին՝ ասաց՝ «ես ձեր ցավը տանեմ», ապա արձանագրեց, որ իր գործընկերներն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեցին այդ միջադեպից հետո:

«Այդ ժամանակ մտածում է, որ հունից դուրս չգամ, հանկարծ սադրանքներին չտրվեմ: Մտքումս ասում էի՝ Արսեն, չանես, սադրանքի չտրվես…հասկանում էի, որ ինձ սադրում են»,-դառնալով միջադեպին՝ ասաց Արսեն Մկրտչյանը: Ապա` համոզմունք հայտնեց, որ փաստաբանների պաշտպանության տեսանկյունից ՀՀ քրեական օրենսգիրքը կաղում է:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ իր հերթին հայտարարեց. «Փաստաբանների համայնքն ուժեղ է. պահանջում ենք լեգիտիմ իշխանություններին, որպեսզի աջակցություն ստանանք: Հասկանում եմ, որ հասարակությունը դեմ է առնելու ուժեղ հակակշռի՝ ի դեմս փաստաբանների պալատի: Մյուս կողմից՝ մի անգամ էլ փաստենք, որ մենք էլ ենք հասարակության անդամ եւ հասարակությունից չենք կարող հեռու գնալ կամ տարբերվել: Չպետք է տպավորություն ստեղծվի, թե հակադրվելու ենք հասարակությանը:  Հակադրվելու ենք ոչ իրավաչափ վարքագիծ ունեցող անձանց, իսկ ցածր իրավագիտակցություն ունեցող մարդկանց չպետք է վախեցնենք»:

Ապա` Մարինե Ֆարմանյանը դիմեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին. «Մենք նույն համայնքի ներկայացուցիչներ ենք. երբ թքում են քո մեքենայի վրա, ուրեմն թքում են նաեւ իմ մեքենայի վրա: Հորդորում եմ չտրվել սադրանքների: Այլընտրանք չունես: Ոչ-ոք անթերի չէ, բայց փաստաբանը պետք է անթերի լինի նման հարցերում»:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանրության շրջանում տարածում է գտնում «անեծքի ինստիտուտը»: Փաստաբանը կես-կատակով ասաց. «Ուշագրավն այն է, որ սոցցանցերում տղամարդիկ են արդեն անիծում: Եթե ժողովուրդն ասում է՝ «կնոջ անեծքն օրհնանք է», ապա այս դեպքում…Կարծում եմ՝ անեծքի փաստին էլ պետք է իրավական գնահատական տալ օրենսդրությամբ: Առհասարակ, պետությունը պարտավոր է քրեաիրավական երաշխիքներ սահմանել փաստաբանների համար»:

Քննարկման ընթացքում փաստաբաններն արձանագրեցին, որ հանրության կողմից փաստաբաններին իրենց պաշտպանյալների հետ նույնացնելն անթույլատրելի է. ամեն ոք ունի պաշտպանության իրավունք: Արա Զոհրաբյանն էլ նկատեց, որ Վալերի Պերմյակովի փաստաբանին, օրինակ, հանրությունը չթիրախավորեց, ինչը չես ասի Ռոբերտ Քոչարյանի եւ Մանվել Գրիգորյանի պաշտպանների պարագայում:

Այլ մանրամասները՝ տեսանյութերում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031