Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը դատարանում ընդգծել է, թե տեղյակ չի եղել 0038 հրամանի մասին, ընդգծել է, թե ՊՆ նախարարը չի ուղարկել իրեն՝ մինչեւ այն արձակելը

Փետրվար 01,2019 20:03

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցն էր քննվում, Քոչարյանը ելույթ է ունեցել, որը տեւել է 2 ժամ:

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ ելույթում Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է, թե փետրվարի 23-ի դրությամբ ինչ իրավիճակ է եղել, մասնավորապես, ասել է, թե շատ տեղեկատվություն էր ստանում այն մասին, թե բանակում շատ աշխատանքներ են տարվում, որ բանակը միանար ցուցարարներին. «Ընդ որում, ՊՆ փոխնախարարները, որոնցից մեկը ԵԿՄ-ական է, ԵԿՄ վարչությունում աշխատանք է տարել, երկրապահներն էլ միանան: Ստեղծված իրավիճակում ինքը ցուցում է տվել պաշպանության նախարարին, որ նախարարն ապահովի բանակի չեզոքությունը»:
Լրագրողները ճշտեցին՝ հրամա՞ն է տվել՝ Ալումյանը պատասխանեց, որ տվյալ դեպքում բանավոր ցուցում է տվել, ասել է՝ գնացեք ապահովեք, որ բանակը այս պրոցեսներին չխառնվի: Բացի այդ, հրամանատարական կազմին հավաքելով՝ Քոչարյանն ասել է, որ այն բարձրաստիճան սպաները, ովքեր պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում այդ պրոցեսներին մասնակցելուց, հակառակ դեպքում կարող են բանակից դուրս գալ, նոր գնալ ԵԿՄ-ում շարունակել իրենց քննարկումները:

Քոչարյանը ելույթում նաեւ խոսել է 0038 հրամանին. «Պարոն Քոչարյանը հստակ ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո, երբ տեսել է, որ այդ հրամանի մեջ որեւէ բան չկա, որ պետք է այդպես չլիներ, այլ լիներ ուրիշ ձեւով, սակայն ինքը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես ՊՆ նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը ո՛չ իր ժամանակ, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ երբեւիցե նման հրամանները չեն ուղարկել նախագահական, որպեսզի նախագահը այդ հրամանին ծանոթանա, կամ իր հավանությունը տա ու պահի»:

Լրագրողները հարցրեցին, այսինքն, ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը մնում է Միքայել Հարությունյանի վրա, նա գործել է՝ առանց նախագահին տեղեկացնելու իրազեկելու իր գործողությունների մասին՞՝ Ալումյանը պատասխանեց. «Նշված հրամանն իր մեջ չի պարունակում որեւէ մի դրույթ, որի համար կարելի է մեղադրանք առաջադրել, նույնիսկ նախատել: Ձեզ այդ հրամանի մասին ապատեղեկացրել են, այդ հրամանի մեջ չկա որեւէ բան, որի համար կարելի էր  ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկել, այլ ամաչել գոնե: 0038 հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա, երբ որ ծանոթանաք, կպատկերացնեք: 3 նախագահներից ոչ մեկի ժամանակ չի եղել ոչ այդպիսի օրենքի պահանջ, ոչ այդպիսի պրակտիկա, որ ՊՆ նախարարների հրամանները գնան նախագահական՝  նախապես համաձայնեցնելու համար, կա՛մ հրամանն արձակելուց հետո ուղարկեն, որպես ի գիտություն: Իրականում այնպես չի, որ ՊՆ նախարարը հրաման արձակի, հետո էլ մի հատ զանգի, ասի՝ շեֆ, մի հատ էսպես բան եմ արել: Ես ձեզ ասում եմ այն, ինչ պարզ տեսնում եմ գործի նյութերից»:

Հարցին՝, այսինքն, ՀՔԾ-ն աղավաղված, կամ այլ կե՞րպ է ներկայացնում գործի նյութերը՝ Ալումյանը պատասխանեց. «ՀՔԾ-ի ամենամեծ խախտումն էլ չի դա, ՀՔԾ-ն շատ ավելի լուրջ խախտումներ էլ է անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728