Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցի անասնաբույժները հրաժարվում են աշխատել մարզպետի առաջարկած պայմաններով

Փետրվար 02,2019 13:30 Share

Լոռու մարզի անասնաբույժները հրաժարվում են աշխատել: Պատճառն այն է, որ նրանց առաջարկվում է կնքել ծառայության մատուցման պայմանագրեր եւ աշխատել կես դրույքով: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ անասնաբույժները հայտարարեցին, որ իրենք չեն պատրաստվում աշխատել նշված պայմաններով: «Ավագանիով մի անգամ նիստի դրեցին, չորոշեցին, երկրորդ անգամ էլ բյուջեն չհաստատեցին, հետո էլ որոշեցին կես դրույք տալ՝ 27.500 դրամ: Բայց մենք չենք ուզում, չենք աշխատելու: Եթե ես գումար եմ հավաքելու տամ իրանց, էլ ինչի եմ գումար հավաքում: Ես սրսկո՞ղ եմ, բուժո՞ղ եմ, թե՞ կասիր եմ իրենց համար»,- ասում է Մարց եւ Քարինջ համայնքները սպասարկող անասնաբույժ Սասուն Գալստյանը:

Անասնաբույժները նշում են, որ իրենց համագյուղացուց, հարեւանից ու բարեկամից իրենք գումար չեն կարող վերցնել, միեւնույն ժամանակ շեշտում են՝ անասնաբույժի աշխատանքը բարդ է, շատ հաճախ նաեւ իրենց առողջությանն է վնաս պատճառվում: Այնինչ, իրենք դրա դիմաց պատշաճ կերպով չեն վճարվում: «Համագյուղացիներից ոչ մեկն ի վիճակի չէ վճարելու: Գյուղում եմ ապրում, մեկը ծանոթ է, մեկը՝ բարեկամ, ես չարչի՞ եմ, գնամ ասեմ փող տուր տանեմ տամ իրենց, որ իրենք էլ ինձ փող տան: Ո՛չ, թող ֆիքսված աշխատավարձ տան, մենք էլ աշխատենք: Ցանկացած պահի կարող է ես բրուցելոզ հիվանդությամբ վարակվեմ, ո՞վ է ինձ դրանից ապահովագրում: Մենք իրենց առաջարկած մեթոդով չենք աշխատելու, սա մեթոդ չէ»,- ասում է Կաթնաջուր համայնքի անասնաբույժ Սեյրան Ռստակյանը:

Դսեղ համայնքի 40 տարվա անասնաբույժ Վերգինե Թադեւոսյանն էլ ասում է, որ այսօր անասնաբուժությունը չի վերահսկվում, մասնագիտությունն էլ գնալով վերանում է. «Ես ձեզ տեղեկացնում եմ՝ գնացեք շուկա՝ տեսեք: Եթե գյուղից լինում է անասունի շարժ, պետք է լինի գյուղսովետի տեղեկանքը եւ անասնաբույժի ուղեկցող փաստաթուղթը՝ մուտք եւ ելք անելուց: Բայց ոչ մի անասնաբույժ չի տալիս, չեն գալիս ուզում: Ըստ պայմանի, եթե ես որպես անասնաբույժ տալիս եմ տեղեկանք, մորթը կատարվում է իմ հսկողության տակ, դա պետք է լինի վճարովի: Եվ դա մուտք պետք է արվի համայնքապետարան: Այսօր Դսեղի տարածքից գոյություն ունեն տասը միս տանողներ, բայց ո՞ր մեկն է գալիս եւ ասում՝ ես գյուղսովետից տեղեկանք եմ վերցրել, անասնաբույժ արի, ես անասուններին մորթում եմ: Անասնաբուժությունն այսօր բարձիթողի վիճակում է, ինչքան էլ որ մենք ուզենանք, որ գումարով մեզ կարողանանք պահենք, դա հնարավոր չէ»: Տիկին Վերգինեն հավելում է, որ այլ համայնքների գործընկերներից ճշտել է՝ իրենք պարտադիր վճարվում են նվազագույն աշխատավարձի չափով. «Ես Հոկտեմբերյանից եւ տարբեր մարզերից իմացել եմ, որ առանց նախապայմանների մինիմում աշխատավարձը տրվում է անասնաբույժին: Իսկ ինձ մի շաբաթ առաջ ասացին, որ հիմա մարզպետարանից հայտարարել են, որ մենք պետք է ստանանք նվազագույն աշխատավարձի կեսը, այսինքն՝ 27.500 դրամ»:

Մինչդեռ, մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ մյուս մարզերում նման պայմանը հնարավոր չէ. «Կան մարզեր, որ ընդհանրապես այդ ոլորտը կարգավորված չէ, կան, որ որոշակի չափով արդեն կարգավորված է: Մենք մեր մարզի համար առաջարկում ենք օրենքի սահմաններում փոխշահավետ մոտեցում: Չի կարող լինել միակողմանի որոշում, որ մարդը ծառայություն չմատուցի, չաշխատի, բայց ստանա ֆիքսված աշխատավարձ… կտեսնեք, որ մեր հանդիպումից հետո բավականին շատ համայնքներում այս խնդիրը կլուծվի»:

Մինչ մարզի ղեկավարը վստահ է, որ առաջիկայում հարցը լուծում կստանա, անասնաբույժները պատրաստվում են ստորագրահավաք անցկացնել եւ հարցը բարձրացնել տարբեր ատյաններում:

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728