Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հեղափոխությունը «գունավոր» չէր. Փաշինյանի հարցազրույցը Deutsche Welle-ին

Փետրվար 02,2019 14:24 Share

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակասություններ չի տեսնում Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման ամրապնդման և զուգահեռաբար Եվրոպական միության հետ սերտ հարաբերություններ զարգացնելու միջև: Այս մասին Փաշինյանն ասել է գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում: Իսկ Կրեմլի համբերատար վերաբերմունքը Հայաստանում անցյալ տարվա գարնանը տեղի ունեցած հեղափոխության նկատմամբ նա բացատրում է գարնան իրադարձությունների և այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» միջև եղած սկզբունքային տարբերություններով:

«Մենք չենք պատրաստվում նստել երկու աթոռի, մենք նման նպատակ չունենք,- ասել է վարչապետը:- Եվրոպական միությունը սատարում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին և մեր առջև խնդիր չի դնում ընտրություն կատարել Եվրոպական տնտեսական միության և Եվրամիության միջև»: Այդ երկու միջազգային կառույցների հետ հարաբերությունները, նրա խոսքով, միանգամայն թափանցիկ են: «Մենք չենք պատրաստվում մեր հարաբերությունները զարգացնել մի գործընկերոջ հետ՝ ի վնաս մյուսի»,- ասել է Փաշինյանը:

Հարցին՝ ինչո՞ւ Կրեմլը, որը հենց Փաշինյանի գնահատականով, հեղափոխություններ չի սիրում, հանգիստ վերաբերվեց Հայաստանում իշխանափոխությանը, Փաշինյանը կտրականապես հրաժարվել է Հայաստանի իրադարձությունները նույն շարքում դասել այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» հետ:

«Մեր հեղափոխությունում ոչ մի քաղաքական նրբերանգ չի եղել,- հայտարարել է նա,- և չի եղել որևէ օտարերկրյա ուժ, որը մասնակցել է և ներգրավվել մեր ներքաղաքական գործընթացներին»: Ընդ որում, Փաշինյանը չի հստակեցրել՝ ինչ «օտարերկրյա ուժ» նկատի ուներ:

DW-ի խնդրանքով թվարկելով հեղափոխության ձեռքբերումները՝ Փաշինյանն ասել է, որ «գլխավոր ձեռքբերումն այն է, որ այժմ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, երկրում արմատախիլ է արված կոռուպցիան, չկան տնտեսական մոնոպոլիաներ, և բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ և իրապես որոշում են իշխանության ճակատագիրը»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728