Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծագործական միությունների ղեկավարները համաձայնել են Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը

Փետրվար 12,2019 13:52

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կամիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իրենց տարակուսանքն էին հայտնել Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամների եւ նախագահի ընտրության համար, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված անկախ մրցութային հանձնաժողովի ձեւավորման մասով:

Հիշեցնենք, լրագրողական կազմակերպությունների ղեկավարները վիճահարույց էին որակել անկախ մրցութային հանձնաժողովում, ստեղծագործական միությունների ղեկավարների կողմից հաստատված, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի թեկնածության հաստատումը, քանի որ, ըստ «Ա1+»-ի հրապարակման, ստեղծագործական միությունների ղեկավարները հայտարարել էին, թե հարցն իրենց հետ չի քննարկվել եւ իրենք անտեղյակ են այդ թեկնածությունից:

Մինչդեռ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ամիսներ առաջ իրեն զանգահարել է Սաթիկ Սեյրանյանը եւ ասել, որ նման հանձնաժողով է ստեղծվում ու հետաքրքրվել`ինքը դեմ չէ՞, որ Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը հաստատվի, իբրեւ հանձնաժողովի անդամ: «Ես ասել էի`ոչ, դեմ չեմ Սաթիկ ջան: Իսկ ինչո՞ւ`ոչ: Բայց հետո մոռացել էի: Ես կարծում էի, թե ամեն մի միություն պետք է մի մարդ ներկայացնի: Կարծում էի, թե մեզ էլ պիտի առանձին նամակ գա, հետո առանձին մենք էլ որոշենք: Ես դրա մեջ չէի խորացել: Էս էր պրոբլեմը, թե չէ ինքն ինձ զգուշացրել էր: Իհարկե, Սաթիկն ինձ զանգել է եւ ես համաձայն եմ եղել դրա հետ»:

Այն ժամանակ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց`իր կարծիքով, կարգն այսպիսին պետք է լիներ`բոլորով հավաքվեին, քննարկեին, որոշեին եւ ընտրեին ու առաջարկեին: Նրա վերապահումը վերաբերում է այս կարգի խախտմանը: «Ինձ զանգահարել է Սաթիկ Սեյրանյանը եւ ասել, որ իրեն առաջարկում են ինչ-որ մի բան, որը ես այդքան չխորացա էլ: Ասեց`դուք դեմ չե՞ք: Ասեցի`իհարկե, դեմ չեմ: Ես անգամ մոռացել էի այդ խոսակցությունը, ինքը ինձ հիշեցրեց»: Սաթիկ Սեյրանյանի ներկայությանն այդ մրցութային հանձնաժողովում Կարեն Աղամյանն ասում է`դեմ չէ. «Բայց կարգը ոնց է, թող էդպես լինի… պետք էր հավաքվել`ընտրել»: Թե ինչո՞ւ ինքն այն ժամանակ չի պնդել, որ այդ կարգով հաստատվի թեկնածությունը, մեր զրուցակիցն ասաց`պարզապես չի խորացել հարցի էության մեջ:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ մեզ փոխանցեց, որ իրեն զանգահարել է այն ժամանակ ՀՌՀ անդամ Տիգրան Հակոբյանը եւ ասել, որ նման հանձնաժողով է ստեղծվում եւ ստեղծագործական միությունների կողմից կա Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը: «Իր թեկնածությունն եղել է, ինձ հարցրել են`դեմ ե՞ք, հո բան չունեք, ասել եմ`չէ, այ մարդ, որ թեկնածություն են ներկայացրել, ես հիմա դեմ լինեմ, որ ի՞նչ: Մանավանդ, լրագրության ասպարեզ է`հեռուստատեսություն, ռադիո… ես էլ ասել եմ`ներկայացված է`ներկայացված է, մենք այլ թեկնածություն չունենք»:

Ի դեպ, երեկ, «Ռադիոլուրի» հետ զրույցում, այժմ արդեն ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այս ամենի վերաբերյալ ասել է, որ ամեն ինչ եղել է օրենքով եւ որեւէ հակասություն օրենքի հետ`չկա: Նա լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին հորդորում է. «Բացել օրենքը Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին, որտեղ այդ հանձնաժողովի ձեւավորման կարգն է  գրած եւ մեջը մեկ բառ չկա, որ մենք պարտավոր ենք խորհրդակցել ստեղծագործական միավորումների կամ հասարակական կազմակերպությունների, կամ նախարարությունների հետ: Օրենքի ուժով, հանձնաժողովը իրավունք ունի նշանակել ցանկացած անդամ: Բարի կամքը շահարկման առարկա չեն դարձնում: Ընդհանրապես, ընթացակարգը, շահարկման առարկա չեն դարձնում: Խոսում են օրենքի խախտման մասին. ես համոզված եմ, եթե Սեյրանյանը չլիներ այսօրվա իշխանությանն ինչ-որ չափով ընդդիմադիր, այս հարցն իրենց մոտ չէր ծագի»: Խնդիրն, ըստ Տիգրան Հակոբյանի, քաղաքական ենթատեքստ ունի, մինչդեռ իրենք ուզում են ձեւավորել վերքաղաքական, վերկուսակցական եւ վերգաղափարական հանձնաժողով, ինչն էլ, ինչ-որ չափով կարողացել են անել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սաթիկ Սեյրանյանի լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728