Լրահոս
Օրվա լրահոսը

Mezzo հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին

Փետրվար 19,2019 10:58

Mezzo դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը մաեստրո Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։

Ֆիլմում Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Երևանի պետական կոնսերվատորիայում սովորող 18-ամյա ուսանողների աներևակայելի խիզախումը՝ համախմբումն ու նվագախմբի ստեղծումը։ «Մենք ուզում էինք ինչ-որ հատուկ բան անել, որը հետագայում մեզ միասին կպահի նաև կոնսերվատորիան ավարտելուց հետո»,- ֆիլմում պատմում է Սերգեյ Սմբատյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման պատմությանը։ Mezzo-ի հեռուստադիտողներին են ներկայացվում նաև հայկական երաժշտական արվեստը, մեր երաժիշտների կատարողական վարպետությունը։

Ֆիլմը նկարահանվել է 2018թ. Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` հռչակավոր Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով։ Տեսանյութն օրերս հեռարձակվել է Mezzo TV-ի եթերում, կրկնությունը երաժշտասերները կարող են դիտել փետրվարի 20-ին, 25-ին, մարտի 6-ին և 18-ին։

Mezzo-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից մեկն է։ Ֆրանսիական Mezzo-ն հիմնադրվել է հատուկ երաժշտասերների համար, ովքեր գնահատում են գեղեցիկը, հետաքրքրվում են երաժշտության պատմությամբ։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ։ Եվ հայ երաժշտի ու հայկական արվեստի ներկայացումը բազմամիլիոն լսարան ունեցող այս հարթակում մեծագույն ձեռքբերում է։ Նշենք նաև, որ Սերգեյ Սմբատյանն առաջին հայ դիրիժորն է, ում մասին Mezzo հեռուստաալիքը նկարահանել է վավերագրական ֆիլմ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728