Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյան․ «Ինչպե՞ս ես կարողանում 66 դոլարով նվազեցնել, եթե բաշխման համակարգի ողջ մարժան 55 դոլար է»․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 23,2019 10:45

Փետրվարի 13-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճիշտ աշխատելու դեպքում մինչեւ 30 տոկոս կարող է նվազեցնել գազի գինը եւ դրա համար կան հաշվարկներ:

«Ինչպե՞ս ես կարողանում 66 դոլարով նվազեցնել, եթե բաշխման համակարգի ողջ մարժան 55 դոլար է, սա աբսուրդ է»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, Գեւորգ Գորգիսյանը պնդում է, որ գազի գինը 30 տոկոսով նվազեցնելու հնարավորություն կա: Արդյո՞ք դա հնարավոր է: Որպես տնտեսագետ նման ուսումնասիրություն անցկացրե՞լ եք:

– Ինչպես մի ժամանակ ներդրումների թեման էր աուկցիոններով` ով կտա ավելին, թիվ էին հնչեցնում, հետո ավելի բարձրանում էր, նույն ձեւ էլ գազի սակագնի նվազեցումն է: Մեկը 15 է ասում, մեկը՝ 20, մյուսը՝ 30, բայց պարզաբանենք, որ պարզ լինի, թե որ չափն է դրա իրականությանը մոտ: Մի քիչ մանիպուլյացիա է: Մեթոդաբանորեն ավելի ճիշտ կլինի խոսել միջին կշռված գնի մասին: Ինչպես գիտենք՝ կան 139 դրամ գազի դիմաց վճարող սպառողներ, այնպես էլ գիտենք, որ ջերմոցային տնտեսությունները, 10 հազար խորանարդ մետր եւ ավելի գազ սպառող սուբյեկտները ավելի արտոնյալ կամ ցածր գներ են վճարում գազի դիմաց: Հետեւաբար այս տեսանկյունից ճիշտը միջին կշռված գնի մասին խոսելն է:

Գիտեք միջինում խորանարդ մետրը ինչ գնով է ստանում «Գազպրոմ Արմենիան», եթե վերջին հաշվարկներով նայենք՝ սպառողներին վաճառվող գազի միջին կշռված սակագինը շուրջ 260 ԱՄՆ դոլար է` ավելացված արժեքի հարկը ներառյալ: Եթե դրանից հանում ենք ԱԱՀ-ն, ստանում ենք մոտավորապես 220 դոլարի չափով գին:

Սահմանին հունվարի 1-ից գազը ձեռք է բերվում 165 դոլարով եւ ըստ էության սպառողին վաճառվում է 220 դոլարով: Այսինքն առք ու վաճառքի տարբերությունը (մարժա) կազմում է մոտավորապես 55 դոլար:

Այս պահին բանակցություններ են ընթանում, որ այդ 55 դոլարի սակագնի մեջ ներառված ծախսերը գոնե որոշակի փոխվի` տեղաբաշխումը, ամորտիզացիան: Բայց դա արդեն ավելի նեղ մասնագիտական քննարկում է: Այսինքն, ունենք 55 դոլարանոց Գազպրոմի մարժա, եւ ի՞նչ է ասում պարոն Գորգիսյանը: Ասում է՝ ես լուրջ հաշվարկներ ունեմ, որ 30 տոկոսով հնարավոր է իջեցնել: Հիմա պարզ 4-րդ դասարանի մաթեմատիկա է` 220 դոլարի 30 տոկոսը` 66 դոլար է, հիմա ինչպե՞ս ես կարողանում 66 դոլարով նվազեցնել, եթե բախշման համակարգի ողջ մարժան 55 դոլար է, սա աբսուրդ է: Պարզ է, որ եթե սրա տակ մարդը ասում է՝ լուրջ հաշվարկներ ունեմ ու իրենց ասած թվային ցուցանիշներն են ուզում տեսնել, որը պահանջում են, իհարկե, չեն տեսնի:

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728