Լրահոս
Օրվա լրահոսը

Կորպորատիվ (պատմվածք)

Մարտ 03,2019 14:56

Կանգառում կանգնած մարդիկ ավտոբուսի դռների բացվելուն պես արագ ներս մտան ու տեղավորվեցին։

-Նստիր կողքիս, չեմ կծի,- գեղեցկադեմ  մուշտակով տիկինը հրավիրեց իր մոտ։

-Հնարավոր է ուրիշ ցանկացող լինի, նկատի ունեմ՝ կին կամ տարիքով անձ։

-Ցանկացող լիներ, նստած կլինեին, նստիր,- պնդեց տիկինը՝ տիրաբար շուրջն այնպես նայելով, որ նստելու պատրաստ հնարավոր թեկնածուները տեղում քարացան։

-Ես կանգառում քեզ զգուշացրի, որ այս ավտուբուսը չնստես,- Ներքին Ձայնս նորից սկսեց սղոցել,- չլսեցիր։ Նստիր կողքին, բայց մի կանգառ շուտ կիջնես։ Արա այնպես, ինչպես ասում եմ, գուցե հնարավոր լինի փորձանքից խուսափել։ Եթե չես հավատում, հիշիր քանի անգամ եմ քեզ ռեալ կոնֆլիկտներց փրկել, թէ՞ մոռացել ես։ Հիշեցնե՞մ ․․․․

-Չէ, կարիք չկա, լավ էլ հիշում եմ, բայց դե հաճելի տիկնոջ հետ զրուցելուց ի՞նչ վտանգ,- փորձեցի համեստաբար հակաճառել՝ նստելով տիկնոջ կողքին,- լավ, թող քո ասածն լինի, մի կանգառ շուտ կիջնեմ։

-Կոլեկտիվով նախատոնական հանդիպում ունենք, կուզեի՞ք ինձ ընկերակցել,- որոշ ժամանակ անց հաճելի տիկինը հաճելի առաջարկ արեց։

-Շատ շոյված եմ, բայց այս կանգառում պետք է իջնեմ, պայմանավորված գործնական հանդիպում ունեմ, չգիտեմ երբ կազատվեմ։

-Վալենտինա։

-Ձեզ հաճելի ժամանց եմ ցանկանում, Վալենտինա,- ասացի ու շարժվեցի դռան մոտ՝ պատրաստվելով իջնել կանգառում։

-Ոնց որ պրծանք,- Ներքին Ձայնը նորից մուտք գործեց ուղեղս,- դու ինձ միշտ որ լսես, փորձանքի մեջ չես ընկնի։

Ցուրտ է, -25-ն ոտքերի տակ տրորվող ձյունն ամրացրել, պնդացրել է այնքան, որ ամեն մի քայլին արձագանքում է բողոք ճռռոցով։ Չնայած երեկոյան ժամին՝ մայթով քայլող անցորդներ շատ կան և նրանց ոտքերի բազմակի հպումներից յուրատեսակ ձմեռային մեղեդի է ստացվում՝ ավետելով մոտեցող տոնական օրը։

Ռեստորանի մուտքը մայթի կողմից է։ Նախասրահում հանձնում եմ ձմեռային հագուստս, ինձ ցույց են տալիս կից գտնվող դահլիճի մուտքը։ Լայն, առանձին տախտակներից հավաքած – պատրաստած ու վրան ամրացված կլոր մեծ բռնակներով դուռը քարանձավի մուտք է հիշեցնում։ Կիսաշրջանաձև դահլիճի կոր մասում, պատերին կից տարբեր երկարության փայտյա 4 սեղաններ են՝ շրջապատված փայտյա աթոռներով։ 2-րդ և 3-րդ սեղանները բարի դիմացն են, առաջինը և 4-րդը՝ մի քիչ հեռու՝ հանդիպակաց անկյուններում։ Պատերը ձևավորված են ա-լյա քարանձավ ոճով, առաստաղից փայտյա անիվ – ջահեր են կախված՝ վրան շրջանաձև շարված լամպերով, սեղանների դիմաց՝ տրամագծային մասի կենտրոնում բարն է, կողքին՝ աղյուսից պատրաստած օջախ։ Բարի առաջ երաժշտական գործիքներ են, փոքրիկ սեղան՝ համակարգիչով և աթոռ։ Երեկոն վարողը երաժշտություն է միացնում։ Ծառայողական հագուստները փոխած կոլեգա անվտանգության աշխատակցուհիներս անճանաչելիորեն փոխված են։

-Մերոնք ամենագեղեցիկն  են,- տղամարդ  կոլեգաներս արդեն հասցրել են զննել մնացած սեղանները զբաղեցնողներին։

Կողքի սեղանից ինձ գրություն են փոխանցում։

-Առանց կարդալու պատռիր,- հանկարծակի մտքերիս խառնվեց Ներքին Ձայնը։

-Կարդալու մեջ ինչ վտանգ, դահլիճում շատ մարդ կա, հնարավոր է զգուշացնող ինֆորմացիա լինի,- հակաճառեցի ես,- կարդալն անհրաժեշտ է։

Գրված է․ «Վալենտինա, առաջին պարի հրավեր»։ Այստեղ են ասել՝ ճակատագրից չես փախչի։

-Ես քեզ հետ եմ, դու միայն իմ ասածները կատարիր,- Ներքին Ձայնը նորից մտքերիս մեջ մտավ։

Շնորհավորանքի հետ տնօրենը դրամական պարգևատրումներով  ծրարներ է հանձնում աշխատակիցներին։

Երաժշտության հնչելուն պես կողքի սեղանից ինձ մոտեցած կինը պարի է հրավիրում։ Պարելու ընթացքում տեսնում եմ պարող կին աշխատակիցներիս՝ դեպի ինձ ուղղված դժգոհ հայացքները։

-Լարված ես, թուլացի, ծառայության մեջ չես,- տիկինը փորձում է տոնական օր վերադարձնել ինձ։

Կթուլանաս, ո՞նց չէ, առավոտից Ներքին Ձայնը գլուխս սղոցում է սպասվելիք վտանգից խուսափելու պահով։

Հաջորդ պարերին մերոնք փորձում են հափշտակել ինձ՝ հեռու պահելով Վալենտինայից։ Ոչ միշտ, բայց մեկ-մեկ նրանց մոտ դա ստացվում է։ Համերգ վարողը հեքիաթի մոտիվներով թատերականացված ներկայացում ցուցադրելու համար կամավորներ է հրավիրում։ Մեր սեղանին բաժին է ընկնում Գեղեցկուհու դերը։ Կողքի սեղանից Հրեշ է ընտրվում խոշորամարմին մի մարդ, մյուսներից՝ Հերոսը, Նժույգը, Քարանձավը։ Ներկայացում վարողը սկսում է․ նրա հրահանգի համաձայն №1 սեղանի մոտ Գեղեցկուհին հեծնում է Նժույգին և վրան նստած մոտենում է աղբյուրին։

Աղբյուրը բարն է, մեր և կողքի սեղանի դիմաց։ Այդ պահին ահարկու ձայներ հանելով №4 սեղանի մոտի Քարանձավի մոտից հարձակվում է Հրեշը, Նժույգի վրայից հափշտակում Գեղեցկուհուն և հեռանալով աղբյուրից, հանձնում է №4 սեղանի մոտ քարացած Քարանձավին ի պահ, որը Գեղեցկուհուն պահում է ձեռքերի վրա։ Նժույգն որպես բողոք խրխնջում է ու վազում օգնություն կանչելու։ №1 սեղանի մոտ նրան մոտենում է Հերոսը և հեծնելով Նժույգին՝ գնում է օգնության։ Արդյունքում Հերոսը հաղթում է Հրեշին։ Բոլորը ծափահարում են հետաքրքիր և գեղեցիկ կատարման մասնակիցներին, բայց տարօրինակ բան է կատարվում, որը նկատում եմ միայն ես։ Հրեշը գողունի չորսբոլորը նայելով դանդաղ և աննկատ դուրս է գալիս դահլիճից։

-Քո ժամանակն է,- ստանում եմ հիշեցում Ներքին Ձայնից և անմիջապես դուրս գալիս։

Հրեշը դուրս է գալիս շենքից և քիչ անց վերադառնում, նրա ձեռքին փոքրիկ արկղ է։

-Կանգնեք խնդրեմ, բացեք արկղը,- ասում եմ՝ հնարավորինս  մոտիկ կանգնելով նրան։

-Ամեն հարցնողի առաջ որ այն բացեմ, նվերը տեղ չի հասնի, քիչ առաջ էլ փողոցում ստուգեցին,- Հրեշը փորձեց առաջ շարժվել։

-Տրանսպորտային  անվտանգություն,- ցույց եմ տալիս վկայականս։

-Հիմա ամեն երկրորդի մոտ նման վկայական կա, ես էլ դաշնակցային անվտանգության ծառայությունից եմ,- ձեռքը թափ է տալիս Հրեշը և իր 120 կգ-ոց մասսան ուղղում իմ վրա՝ փորձելով ճանապարհ հարթել դեպի դահլիճ։

-Ինձ հարմար չէ,- անսպասելի խորհրդով հանդես եկավ Ձախ ձեռքս,- բայց կփորձեմ տապալել՝ կրկնելով վերջին անգամ կատարած հարվածը։

Ես ձախլիկ եմ, այդ պատճառով էլ Ձախ ձեռքս կարևորեց իր դերը։

-Աղմուկ պետք չէ,- Ներքին Ձայնը ցայտնոտի մեջ է, – պետք է գործել արագ և առանց աղմուկի, դահլիճում այստեղ կատարվածի մասին չպետք է իմանան։

Մինչ այդ անշարժ վիճակում գտնվող Աջ ձեռքս անսպասելի վեր բարձրացավ, բռունցքս լայնորեն բացվեց, մոտեցավ Հրեշի դեմքին, մատներով գրկեց նրան։ Մատներիս մեջից տեսա Հրեշի չռված հեռացող աչքերը։ Անսպասելի հրումից նա հետ – հետ գնաց և հավասարակշռությունը կորցնելով՝ ընկավ ցած։ Ես, նստելով նրա վրա, ոլորեցի նրա աջ ձեռքը այն աստիճան, որ նա ցավից մռնչաց։

-Գործն արված է,- մնում է ոստիկանությանը իրազեկել,- հիշեցրեց Ներքին Ձայնն,- ո՞վ կսպասեր, նման հրում՝ այն էլ Աջ ձեռքով։

-Մեզ արդեն կանչել են,- անսպասելիորեն կողքիս հայտնված ոստիկանության  սպան ցույց տվեց քիչ հեռվում կանգնած Վալենտինային – իսկ այս հրեշին մեզ հանձնեք, մենք դրան վաղուց էինք փնտրում, բացահայտվեց։

 

Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031