Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անկախության հարցը, իհարկե, բանակցությունների օրակարգում և սեղանին դրված է. Ավետ Ադոնց

Մարտ 22,2019 23:19

«Հավատացեք, Արցախի անկախության հարցը, իհարկե, բանակցությունների օրակարգում և սեղանին դրված է: Առանց դրա որևէ գործընթաց առնվազն մենք չենք ենթադրում»,- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Նիստի ընթացքում Ավետ Ադոնցը հանդես եկավ զեկույցով, այնուհետև պատգամավորները նրան հարցեր հղեցին:

Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է արդյոք խաղաղությանը նախապատրաստվելու մասին խոսքն ուղղել ՀՀ-ի բնակչության, մեր հայրենակիցների, հասարակության կողմը: Չէ՞ որ մեր հասարակությունը խաղաղասեր է: Հետո կարծիք հայտնեց՝ Արցախի Հանրապետության անկախությունը թող ճանաչեն, խաղաղությունն ապահովված է: Այնուհետև հարց հնչեցրեց՝ Արցախի անկախության ճանաչումը բանակցությունների սեղանին դրվա՞ծ է: Ավետ Ադոնցը վստահեցրեց. «Իհարկե, դրված է, ուրիշ բան է, որ այդ ինքնորոշման սկզբունքի հետ կապված բոլոր հակամարտող կողմերի կողմից երկակի մոտեցում չլինի, ինչը, ավելի քան վստահ եմ, կդյուրացնի բանակցությունները»;

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ավետ Ադոնցը հայտարարեց՝ հուսով է, որ ՀՀ -ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը մինչև տարեվերջ ավարտին կհասցվի:

ԵՄ-ի հետ հարաբերությունների, վիզաների ազատականացման հարցով  Ավետ Ադոնցն ասաց. «ԵՄ-ՀՀ հարաբերությունները ստանում են նոր որակ և դրանից բացի դինամիկ զարգանում: Այդ համաձայնագիրը նաև մի գործիք է, որ մեր բարեփոխումներն ընթանան ավելի նպատակաուղված և կարգավորված: Վիզաների ազատականացման գործընթացը շարունակական է, այն օրակարգային հարց է ոչ միայն Բրյուսելի, այլև բոլոր 28 մայրաքաղաքների համար: Մենք բոլորի հետ կոնսուլտացիաների գործընթացում ենք գտնվում: Շատերի հետ համաձայն ենք, շատերի հետ՝ ոչ, որովհետեւ վիզաներն ազատականացվել են ԵՄ մի շարք գործընկերների համար, ինչպես օրինակ՝ Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում, եւ ԵՄ անդամ երկրներն այնքան էլ գոհ չեն այդ ազատականացման արդյունքներից, մենք դրա հետ իսկապես համաձայն չենք, եւ դա մեզ համար որեւէ հիմք մեր աշխատանքում չի ծառայում»:

Նա հիշեցրեց՝ ազատականացման համաձայնագրի հետ զուգահեռ ստորագրվում է նաև հետկանչման համաձայնագիր, որ եթե մարդն առանց վիզայի մեկնում է այլ երկիր և սահմանված ժամկետից ավելի երկար է մնում և ինչ-ինչ որոշումներ կայացնում ու դառնում այդ երկրում անօրինական՝ ապրելու առումով, սկսում է  աշխատել այդ երկրորդ համաձայնագիրը:

Ավետ Ադոնցը վստահեցրեց՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցում Հայաստանը գրեթե ոչ մի գլխացավանք չի ներկայացնում եվրոպական երկրների համար. մեր խնդիրները տասնյակ անգամներ ավելի քիչ են:

Հարցին՝ ի՞նչ փուլում է գտնվում համաձայնագրի վավերացման գործընթացը, Ավետ Ադոնցը պատասխանեց. «Որևէ խոչընդոտ չկա, տաս և ավելի անդամ երկրներ արդեն վավերացրել են: Բոլոր անդամ երկրներում մեր համաձայնագրի վավերացման հարցը գտնվում է ազգային խորհրդարաններում: Ուզում եմ հավատալ, որ մինչև տարեվերջ վավերացման գործընթացն ավարտին կհասցվի և դրանից հետո կվավերացնի այն Եվրոպական խորհրդարանը: Իսկ ճանապարհային քարտեզը հիմա լրամշակվում է.  այն պետք է հաստատվի հունիսին՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի ժամանակ: Դրանից հետո սկսվելու է դրա իմպլեմենտացիան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031