«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։
– Մեկ տարի առաջ այս օրերին Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը Գյումրիից, իսկ ամսվա վերջին տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նոր կառավարության օրոք մարտի 1-ի գործով կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը, քրեական գործեր են հարուցվել նախկին վարչակարգի մի շարք կարկառուն ներկայացուցիչների նկատմամբ։ Խոսվել է նաեւ անցումային արդարադատության մասին։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է մեր իրավապահ համակարգի գործունեությունն արդարացրել հանրության սպասելիքները։ Ինչպե՞ս պետք է կիրառվի անցումային արդարադատությունը, որպեսզի տնտեսությունն ու դատական համակարգը ցնցումներ չապրեն։
-Կարծում եմ, հանրության սպասելիքները մասամբ են բավարարված, քանի որ դրանք շատ մեծ էին և մասամբ՝ ոչ իրատեսական։ Այն, որ հեղափոխական գործելաոճը չտեղափոխվեց դատաիրավական համակարգ, լավ է՝ չեն վտանգվում իրավական երկիր դառնալու մեր ծրագրերն ու իղձերը։ Լավ է նաև, որ իշխանությունը չի միջամտում դատարանների գործերին։
Բայց վատ է, որ դանդաղում են կամ չկան սպասված բարեփոխումները այդ նույն համակարգերում։ Սերժաքոչարյանական հանցավոր ռեժիմների կարևոր հենասյուներից էին կոռուպցիայի մեջ թաղված ոստիկանությունը, դատախազությունն ու դատարանները։ Եթե այդ մարմիններում չիրականցվեն էական բարեփոխումներ, նոր մոտեցումներով ու չափանիշներով չթարմացվի կադրային կազմը, ինչպե՞ս կարող ենք հույս ունենալ, որ մյուս ոլորտներում արմատախիլ կարվի կոռուպցիան, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն նախորդ տարիներին երկիրը թալանածներն ու մարդկանց հալածողները։
Կարդացեք նաև
Որպես ելք ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով անհարկի, կարևորվել է ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը այն ոլորտներում, որտեղ հետախուզությամբ ու հակահետախուզությամբ զբաղվելու կաչված մարմինը անելիք չունի։ Որպես մեկ այլ ելք քննարկվում է անցումային արդարադատություն կիրառելու ուղին։ Քննարկումներին դեմ չեմ, գուցե գտնվի քաղաքացիների զանգվածաբար խախտված իրավունքների դիմաց արագ և արդար փոխհատուցում տալու ուղի, կամ նախորդ տարիների ահռելի չափերի թալանը բացահայտելու և գողացվածը պետությանը վերադարձնելու արդյունավետ խողովակ, բայց ես շատ ավելի մեծ կարևորություն եմ տալիս վերը նշածս բարեփոխումների իրականացման խնդրին։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































