Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ասենք՝ կաբլուկով կին պիտի անցնի այստեղով, ո՞նց անցնի». վարչապետը Գյումրիում բարկացավ

Ապրիլ 05,2019 13:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գյումրու երկաթգծի կայարանում դիմավորեցին մեծ թվով գյումրեցիներ: Վերջիններս չէին թողնում, որ նա տեղաշարժվի, շրջափակել էին, ներկայացնում էին իրենց բողոքները: Մարդիկ կային, որոնք փորձում էին սելֆի անել նրա հետ:

Վարչապետը երկաթգծի կայարանից նույն ժողովրդի ուղեկցությամբ ոտքով շարժվեց Տիգրան Մեծի փողոց, որտեղ շինարարություն է ընթանում: Նա դիտողություններ արեց Սամվել Բալասանյանին: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես են քայլելու մարդիկ, երբ մայթերը եւս քանդված են: «Ասենք՝ «կաբլուկներով» կին է անցնելու այստեղով, ո՞նց անցնի»,- ասաց վարչապետը:

Սամվել Բալասանյանը փորձում էր բացատրություններ տալ, որ նորմալ ընթացքով է գնում փողոցաշինությունը, սակայն Նիկոլ Փաշինյանը նրան ասաց. «Իրար չենք հասկանում»: Ըստ վարչապետի՝ փողոցաշինության համար կա պատասխանատու ճարտարապետ, որը վճարվում է, հետեւապես նման անհարմարություններով փողոցաշինություն ծավալելն անթույլատրելի է:

Լեզվակռիվ սկսվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի: Սարիկ Մինասյանը, արձագանքելով վարչապետի խոսքին, ասաց. «Հլը սա փառք է», որին ի պատասխան Սամվել Բալասանյանը բորբոքված արձագանքեց՝ «կլյաուզիա կենե»: Պատգամավորը, թարս նայելով Գյումրու քաղաքապետին, հակադարձեց՝ «կյուազնիկը դու ես»:

Բան հասավ նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց երկուսին էլ: «Էէէ, չեղավ, հիմա կարող է ստեղ քուչի կռիվ էլ սկսվի, մի հատ հանգստացեք, այ քեզ բան»:

Բնակիչներից մեկն ասաց. «50 տարի առաջ էլ ցեխը շալակելով հասնում էինք դպրոց, հիմա էլ՝ 50 տարի անց, թոռս է ցեխը շալակելով հասցնում դպրոց»: Բնակիչները բարձրաձայնեցին նաեւ ծառահատման թեման, սակայն Սամվել Բալասանյանն ասաց, որ կանաչ տարածքները վերականգնվելու են:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ լուծում են պատրաստվում տալ Գյումրու խնդիրներին: Ի պատասխան վարչապետն ասաց, որ նախ խնդիրների քարտեզագրում է անհրաժեշտ անել, «պիտի ախտորոշել, որ լուծենք»:

Վարչապետին ուղեկցում են ԱԺ-ի՝ Շիրակի մարզից ընտրված բոլոր պատգամավորները, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը: Վարչապետն այս պահին քայլում է փողոցով, որտեղով անցնում է՝ մարդիկ ծափահարում են ու փորձում շփվել նրա հետ: Նույնիսկ նեղվում են, թե շանս չեն տալիս շփման:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930