Լրահոս
Օրվա լրահոսը

«200 գործ է ՄԻԵԴ բերվել ՀՀ-ի դեմ, որը երկրի բնակչության թվի հետ համեմատած բավականին մեծ թիվ է». Միխայիլ Լոբով

Ապրիլ 25,2019 20:22

«Մենք հիմնական ուշադրություն դարձնում ենք իրավունքի գերակայությանը, կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարին, աջակցում ենք դատաիրավական բարեփոխումներին»,-Հայաստանում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի արարողությանը հայտարարեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Նա տեղեկացրեց՝ այսպիսով աջակցում են ԱԼԳ երկրներին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, մոտեցնում են եվրոպական չափանիշներին մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտում և նպաստում են ԵՄ 2020 արդյունքների իրականացմանը: Հունվարի 1-ից մեկնարկած ծրագրի երկրորդ փուլը կտևի 36 ամիս. ավարտվելու է 2021 թվականի դեկտեմբերին:

Նատալյա Վուտովան շեշտեց՝ կան նաև խաչվող խնդիրներ, օրինակ՝ գենդերային անհավասարությունը: Նա նշեց, որ փորձում են ներգրավել նաև քաղաքացիական հասարակությանը. «Նոր մոտեցումն արագ արձագանքման մեխանիզմն է, քանի որ հասկացանք՝ Արևելյան գործընկերության երկրներում անհրաժեշտ է ԵԽ-ի արագ արձագանքման կարողություն ունենալ»:

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակներում ֆինանսավորվող «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի բացման արարողությանը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովը, անդրադառնալով այս ծրագրին, ասաց. «Մենք մեկնարկ ենք տալիս բաղադրիչներից մեկին, որը սերտորեն առնչվում է  քրեական արդարադատության խնդիրներին: Մենք ինքներս մեզ պիտի հարց տանք՝ ի՞նչ կարող է ԵԽ-ն տալ ՀՀ-ին և գործընկերության մեջ ներգրավված երկրներին՝ իրավունքի գերակայությունն ամրապնդելու տեսանկյունից»:

Դառնալով ՀՀ-ից ՄԻԵԴ ներկայացված գործերին և քննությանը՝ Միխայիլ Լոբովն ասաց. «200 գործ է բերվել ՀՀ-ի դեմ, որն, այո ընդհանուր գործերի 3 տոկոսն է. կարծես թե փոքր թիվ է, բայց եթե համեմատենք ՀՀ բնակչության թվի հետ, բավականին մեծ թիվ է կազմում: Ուստի մենք ծրագրեր են անում ներպետական կարողությունների բարելավման համար, փորձում ենք բարելավել ներպետական օրենսդրական դաշտը, եվրոպական լավագույն պրակտիկան հասանելի դարձնել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և դատավորներին»: Նա օրինակներ բերեց ՀՀ-ում կատարված աշխատանքների արդյունքների մասին. օրինակ՝ դատական օրենսգրքի ընդունումը, քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումը, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի ընդունումը: Այնուհետև ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը եվրոպական պրակտիկայի լավագույն օրենքներից մեկն է:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոն կարևորեց միասին աշխատանքը, որ երկրորդ փուլում ավելի մեծ արդյունքներ գրանցեն. «Գործընկերությունն ուժեղանում է  ԱԺ պատգամավորների հետ համագործակցության շնորհիվ, երկրորդ փուլում այս ուղղությամբ աշխատանք ենք տանելու: Սա գործընկերություն է, որ մենք աշխատենք Հայաստանի հետ և ապահովենք Եվրոպական միության ստանդարտների ընդունումը, խոսքը նաև CEPA-ի մասին է»:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը փաստեց՝ ԵԽ-ն ու ԵՄ-ն ՀՀ-ի երկարաժամկետ գործընկերներն են, որոնց շնորհիվ ՀՀ-ն կարողացել է մեծ բարեփոխումներ իրականացնել: Բարեփոխումների ընթացքը դիտարկելով ավելի լայն ժամանակահատվածում՝ փոխնախարարը այս համատեքստում նշեց նաև թավշյա հեղափոխությունը:

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը նշեց, որ բավականին ակտիվ է ՀՀ-ի համագործակցությունը նշված կազմակերպությունների հետ՝ երկկողմանի այցելություններ. Երևանում բացվել է Եվրոպայի հրապարակ, ԵԽ զեկուցողները դրական են արտահայտվել ՀՀ-ում իրականացված թավշյա հեղափոխության վերաբերյալ: Դառնալով ծրագրին ասաց. «Այս ծրագիրը կարողությունների զարգացման լավ հնարավորություն է դատական իշխանության անկախության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության ապահովման համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930