Լրահոս
Օրվա լրահոսը

Միակը, որից Փաշինյանի կախվածությունը միակողմանի չէ

Սեպտեմբեր 30,2026 10:00 Share

ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանի ընտրության վերաբերյալ զեկույցի քննարկումը «յուրովի՞» են տեսնում իշխանությունն ու ընդդիմությունը։ Դա բնական է։ Եվ այդպես է եղել ըստ էության միշտ էլ։ Իշխանությունը փորձել է եվրոպական հարթակներից «քամել» այն, ինչ ձեռնտու է ներսում ներկայացնել իր համար, իսկ ընդդիմությունն էլ՝ իր։

Բայց առհասարակ՝ ինչի՞ մասին են ԵԽԽՎ գնահատականները, որոնք, եթե բնորոշենք ժողովրդական լեզվով, համ «թե յուղում են, թե դաղում» իշխանությանը՝ ընտրական պրոցեսի համար։ Տարածված է գնահատականը, որ այդպիսով եվրոպացիները մի կողմից ճանաչում են ընտրությունն ու դրա արդյունքը, բայց մյուս կողմից մտրակի տակ պահում Նիկոլ Փաշինյանին՝ տես հա, եթե չպահես այնպես, ինչպես մեզ է պետք, կներկայացնենք խնդիրները կամ կեղծիքները։ Մոտավորապես այսպիսի տրամաբանություն։

Բայց արդյո՞ք չափազանցված չէ Եվրոպայի այդ զգուշացման ազդեցությունը։ Պատկերացնենք, որ եվրոպացիները ասում են դա։ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանում է՝ հետո՞ ինչ։ Ես էլ ոչ թե կգամ Եվրոպա, այլ կգնամ Եվրասիա։ Հիշո՞ւմ եք, մոտ երկու տասնամյակ առաջ այդպիսի մի միտք էր արտահայտել հայկական քաղաքականության դասականներից մեկը՝ լուսահոգի Գալուստ Գրիգորիչը, ասելով, որ, եթե մեզ հեռացնեն Եվրոպայի Խորհրդից, մենք էլ կգնանք «մահմեդական աշխարհ»։

Ամբողջ հարցն այն է, որ, եթե Սահակյանը փորձում էր հարցին արձագանքել իրեն բնորոշ սարկազմով, ապա Փաշինյանը խոշոր հաշվով այսօր հենց դա էլ անում է, պարզապես ոչ թե Եվրոպայի ինադու, այլ՝ Եվրոպայի անունով։ Հայաստանը հետեւողականորեն դառնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ «յուրացվող» գոտի՝ առայժմ քաղաքական եւ «գաղափարախոսական» բովանդակությամբ, բայց այդ պրոցեսը կոչել է եվրոպական կուրս հնչեղ անունով։ Ու, թող չհնչի տարօրինակ, բայց իրական քաղաքական գետնի վրա, Եվրամիությունը թերեւս միակն է, որից Նիկոլ Փաշինյանը ունի ոչ թե միակողմանի կախվածություն, այլ՝ փոխադարձ։ Ինչքան էլ չհնչի տարօրինակ, բայց Փաշինյանն ունի առանց ԵՄ անելիք, իսկ ահա այն, թե առանց Փաշինյանի ինչ պետք է անի ԵՄ-ն Կովկասում, թերեւս հեշտ հարց չէ։ Ըստ այդմ՝ չարժե թերեւս գերագնահատել եվրոպական ազդեցությունը։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել