Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ի՞նչ սխալ եմ կատարել». Վարչապետը՝ կարմիր գծերի, իր տված խոստումների մասին

Ապրիլ 26,2019 15:37

Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ԱԱԾ-ում էլ կասկածելի բաներ նկատի՝ ստուգումներ կիրականացնի, քանի որ ԱԱԾ-ն էլ, ինչպես ՊՎԾ-ն իր վերահսկողության ներքո է:

Aravot.am-ը հարցրեց՝ վերջին ճեպազրույցում դուք, խոսելով ձեր կատարած-չկատարած խոստումների մասին, հայտարարեցիք, որ «ես կարմիր գծերի մասին բան չեմ ասել», մինչդեռ տեսագրություններով հրապարակվեց, թե դուք կարմիր գծերի, արագաչափերի մասին ոնց եք խոսում ԱԺ ամբիոնից, երբ պատգամավոր էիք, ու ոնց եք հիմա խոսում:

Վարչապետը պատասխանեց. «ԱԺ ամբիոնից, այո, ես տարբեր բաների մասին եմ խոսել, ամեն ինչին հերթով կանդրադառնանք: Ես վարկերի մասին էլ եմ խոսել եւ ասել՝ քանի դեռ ՀՀ-ում չկա կառավարություն, որը վայելում է վստահություն, ես բոլոր վարկային պայմանագրերին դեմ եմ քվեարկել: Ես հիմա համարում եմ, որ ՀՀ-ում կա կառավարություն, որն ունի ժողովրդի վստահության քվեն եւ ըստ անհրաժեշտության, կարող է նաեւ վարկեր վերցնել: Նույնը վերաբերում է կարմիր գծերին, նույնը վերաբերում է տեսախցիկներին: Երբ որ ինձ ասել են, նախընտրական խոստում որպես բարձրաձայնել եմ, խոսքը դրա մասին է եղել: 91 թվականից ես շատ բաների մասին եմ խոսել եւ 20 տարվա խոսացածը մի տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ»:

Մենք հիշեցրինք՝ դուք ժամանակին Սերժ Սարգսյանին ասում էիք՝ 100 դրամներ հավաքելու համար մարդիկ կանգնում են կարմիր գծերի փոխարեն, էդ մարդկանց օրվա հացից եք զրկում, հիմա չի՞ ստացվում, որ նույնն եք անում՝ վարչապետը պատասխանեց. «Այո, որովհետեւ այդ 100 դրամները գնում էր կոնկրետ մարդկանց գրպանը: Եվ հիմա այդ 100 դրամների ընկերությունը բազմամիլիարդանոց, միլիոնանոց վարկը թողել է Երեւանի քաղաքապետարանի վրա եւ ինքը գնացել է, զբաղված է իր գործերով, այս ամեն ինչը պետք է հաշվի առնեք: Ինչո՞ւմն է ձեր պրետենզիան, կարո՞ղ եք ասել»: Մենք ասացինք՝ այն, որ մտափոխվել եք, ժամանակին, երբ իշխանությունը նույն սխալներն անում էր, դուք քննադատում էիք, հիմա նույն բանը կատարվում է: Փաշինյանը պատասխանեց. «Ես ի՞նչ սխալ եմ կատարել: Կարմիր գծերը…Երեւանի քաղաքապետ կա այսօր, որը կարող է այդ բյուջեն էֆեկտիվ օգտագործել եւ այդ բոլոր հարցերը պետք է հերթով քննարկվեն: Այնպես չի, որ մենք միանգամից մի գործողությամբ պետք է ամեն ինչ փոխենք: Մենք շատ հանդարտ, ժամանակի մեջ ինչ ասել ենք, մեր ասածների վերաբերյալ քննադատություններն էլ, հակափաստարկներն էլ ենք լսում: Այն դեպքում, երբ մենք հետեւողական գործողություններ ենք անում, ասում եք՝ դուք քննադատությունները չեք լսում, հակափաստարկները չեք լսում, այն դեպքում, երբ մենք փորձում ենք ավելի խորանալ, հասկանալ ճիշտ տարբերակները որոնք են՝ ասում եք՝ դուք ձեր ասածներից հետ եք կանգնում: Հիմա ի՞նչ եք ուզում, սուպերվարչապետական համակա՞րգ եք ուզում: Հետո ասում են՝ սուպերվարչապետական համակարգին դեմ ենք: Հիմա վերցնենք, թե 91-ից ինչ հոդվածներ եմ գրել, ամեն ինչին օրենքի ուժ տանք, ասենք՝ որ ստեղ գրված է, պետք է դառնա իրականությո՞ւն: Այդ դեպքում կասե՞ք, որ սուպերվարչապետական համակարգ ունենք, թե՞ չեք ասի»:

Դիտարկմանը, որ ժողովուրդն ավելին է ակնկալում այս մեկ տարվա ընթացքում, վարչապետը պատասխանեց՝ ճիշտ է անում ժողովուրդը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930