Լրահոս
Օրվա լրահոսը

Жить стало лучше, жить стало веселее* (պատմվածք)

Մայիս 05,2019 21:10

Դեռ մինչև վերջերս, սկսած Քարի դարից, մարդիկ մեր կողմերում ապրում էին անձավ-քարատակներում: Մորապապս՝  նշանավոր բրուտ Գալուստը, Ծակերի ձորի ոտներին, ժայռաղեղ մի խորշում անձավներ փորել տվեց, դուռ ու պատուհան վրա արավ, պատնեշեց կոպտատաշ անշաղախ պատով, սրբատաշ կամար-դարպաս կապեց, կրնկեց կաղնեփայտյա մշտահառաչ դռնով: Ներսում մինչ այժմ էլ, ինչպես ծիծեռնակաբուն, ծեփված-շինված բրուտի վառարանի կռնակին հացատուն կիսափուլ մեծ անձավն է: Հուշերիս անծիր միգամածության խորապատկերին, որպես առաջնեկ հուշ, մինչ այժմ էլ հառնում է քարայր-հացատունը՝ թոնրի շուրջ բոլորած ծալապատիկ կանանցով ու լավաշի զգլխիչ բույրով:

Հացատունը փորված էր կարմրավուն փուխր ապարի մեջ: Ուներ երկու պատուհան՝ կաղնեփայտյա շրջանակով ու մետաղյա ճաղավանդակով: Դուռը երկփեղկ էր, մեկական ամբողջական տախտակով: Կենտրոնի կեսից հաստաբեստ պատը, որպես սյուն, ուսել էլ չոր քարայրի առաստաղը: Երեք մասնակի փլուզումից խորտակվել են պատուհանների և մուտքի հատվածները: Ամբողջական փլուզումից հենց այս պատն է պահել: Սրա դեմ-դիմաց, դարպասի գլխավերևից աջ, սև ապարի մեջ փորված քարայրն անվնաս հասել է մեր օրերը՝ նախադիր դուռ ու լուսամուտով: Գերդաստանի համար մթերանոց քարայր չոր անձավն էլ բանտված կանանց հարկաբաժինն էր: Երրորդ՝ ամենափոքր քարատակը թրծման վառարանի գլխին էր, բանտի մթերանոցը, որից աջ՝ ներքևում, գոմն էր՝ մեծ քարայր, նույնպես բանտի վերածված: Այնուհետև մեծ ժայռածածկն էր: Տարածքը երեք կողմերից շրջապատված էր տասը-տասնհինգ մետր բարձրությամբ ժայռակողերով: Դիմացը դարպասն ու ամրաշեն պատն էին:     Քառասունականների սկզբին հենց այս քարայրներն էին վերածվել բանտի:

1986-ի ամռանը Կապանում էի: Մի քանի օրով հյուր էի աներոջս՝ ստվերախիտ անտառի փեշի գողտրիկ առանձնատանը: Բակում կանգնած, նկատեցի աստիճաններով դողդոջ քայլերով իջնող մի կնոջ: Իջավ: Ակամա ընդառաջ ելա ու բարևեցի: Չորուկ ձեռքերը մեկնեց ու բռնեց ձեռքս, քննախույզ նայեց աչքերիս մեջ ու հևալով հարցրեց.

-Աշխենի փեսան ե՞ս:

-Հա, տատի ջան:

-Զոքանչդ ասել է, որ Գորիսից ես ու Թանգուն ձորում ես ապրում:

-Հա, մորս պապական ձորն է, ի՞նչ կա որ,-ասացի, ու հայացքս սկսեց զննել թախծալից մարող աչքերը:

-Է՜, ես էլ եմ ապրել ձեր ձորում:

-Բանտու՞մ,- հարցրի կարեկցաբար՝ կռահելով իրողությունը…

-Բանտապե՜տը…  Նրա տեղը խավար մնա,-ասաց ու տխրալից հայացքը գամեց երեսիս:

-Արուսյակի մասին լսած կլինես: Խերը շրշռում էր օրհնվածից: Շատերին ապրեցրեց: Աստված նրա ժառանգներին պահի:

-Հա, ճանաչում եմ, մորս հորեղբոր կինն է եղել:

Երախտիքի ցոլք նշմարվեց դալուկ դեմքին: Քայլ առաջ եկավ, չորուկ ձեռքերը մեկնեց, գրկեց, համբուրեց ճակատս ու շարունակեց.

-Հայաստանի տարբեր կողմերից ազգությամբ տարբեր՝ մոտ երկու հարյուր հիսուն դժբախտներ էին բերվել էդտեղ: Զգալի մասը կանայք էին՝ մոտ ութսուն հոգի: Տարածքն առնված էր փշալարե ցանկապատի մեջ: Առվի եզրով կանգնած երկու մեծ կեռասենիների վրա հարմարեցված դիտակետում միշտ մարդ կար: Անգամ ջրբաշխը ստիպված էր երկարացնել ճամփան՝ շրջանցելով չարագույժ տարածքը: Կից  փայտաշեն վարչական կառույցներ էին: Բանտապետը… Անիծյալ լինի նա:

…Քառասուներկու թվականն էր, պատերազմ:

Կալից մի երկու գրպան ցորեն էի ուզում տուն տանել աշխատանքից, երեխաները օրերով սոված էին: Դիվան արին ու ոտքով քշեցին Գորիս: Բանտում տեղ չկար, Թանգունց քարատակներին բաժին դառանք: Ամեն Աստծու օր երկու հոգի զինված մեկի հետ գնում էին քաղաքային փուռ ու երկու պարկ հաց շալակած ետ գալիս: Երկու պարկ՝ երկու հարյուր հիսուն բերան: Կերածներս մի պատառ հաց էր ու անյուղ եփած, անհամ, ջրիկ բորշ: Շատերն էին մեռնում: Առավոտ կանուխ բանտից քիչ վերև, բարձր քերծի տակ թաղում էին:  Աշխատում էինք: Բանտը հողամաս ուներ էն դիմացի տափում: Բանջարեղեն էինք աճեցնում մեզ համար: Դա և ձերոնց բաղերի բարը պահեց մեզ: Հա, էդպես էր, բալաս կծեմ,-ասաց ու մանրիկ քայլերով մղվեց շվաքի նստարանը:

Անողորմ ժամանակի ոգեսպան չանչը ծվատել էր խեղճի տառապյալ հոգին, տոչորել, դարձրել չիր: Թվում էր՝ ու որ է՝ կյանքը հուսահատ կլքի նրան, ինչպես խուսափել էր բյուրավորներից:

-Բանտից վերև,-շարունակեց  ծանրորեն,-Շորին ջրում շատերի գլուխը կերան: Հեռը տարած բանտապետի խոսքերն ականջիս մեջ են. «Ինձ համար բոլորով մեկ մի փունջ կանաչի եք, լա՜վ իմացեք»: Ասաց ու համրացավ ցամաք հունի պես:

-Մարդուս տարան սև մնացած երեսունյոթ թվին: Նժդեհի վաշտապետն էր եղել: Էն տանելն էր, որ տարան: Խոխեքս հինգն էին: Սո՜վ, պակաս տարի: Գիշեր-ցերեկ աշխատում էինք կոլխոզում՝ էլի սոված: Հունձ էինք անում, օղակ-օղակի բաժանված, ծեգը՝ ծեգին, արտն էինք մտնում: Առաջկտրուկ էր: Մրցում էինք մինչև գիշեր: Լինում էր, որ մնում էինք արտում, լույսը բացվելուն պես՝ նորից սկսում: Մեկ-մեկ էլ զուռնա-դհոլ էին ածում, ոգեշնչելու համար:

Պատերազմից հետո միայն արդարացվեցինք, ազատ արձակվեցինք: Հարազատների կողմից անթաքույց սառնություն կար՝ խուսափում էին մեզնից, անհարազատ, հակա էին անվանում: Նաև երեխաներիս գտա…  Մի կերպ՝ երկու տարբեր մանկատներից,- ասաց ու թևքով սրբեց աչքերը:

-Աստված ուզեց, իրար վրա եկանք, ապրեցինք:

Բանտապետը…

Հիշեցի նրան: Այգի ուներ ձորաբերանին: Մեն-մենակ էր միշտ: Ճաղար աչքեր ուներ, ճերմակակաթույր մաշկ ու երկար հասակ: Դարչնագույն էր հագուստը՝ գալիֆե վարտիք, քրոմե սապոգներ, շապիկ ու բաճկոն, հովարով գլխարկ: Ուրվականի նման հայտնվում էր ու նույնքան աննկատ չքանում: Անեծքի բեռներ շլնքին, դահճային հոգին երբ լքեց նրան, հոգեհանգստի օրը զուռնա-դհոլի զիլ աղաղակով վրիժակ քաղաքացիները պաշարեցին նրա տան շրջակայքը: Ու թնդաց պարը խելահեղ: Մեռելատնից չհամարձակվեցին դուրս գալ: Անլուռ խայտառակությունը կուլ տվեց համրացած ու համակերպված տունը: Իսկ թաղումից հետո շիրիմը պղծվեց բազմաթիվ անգամներ:

*Իոսիֆ Ստալինի հայտնի խոսքերը՝ ասված 1935-ին կայացած՝ ստախանովականների առաջին համամիութենական խորհրդակցությանը:

 

Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031