Լրահոս
Օրվա լրահոսը

«Անառակ որդին» ընդմիշտ վերադարձել է

Մայիս 08,2019 13:00

Հարցազրույց նկարիչ, քանդակագործ Նաիրի Գրիգորյանի հետ

– Որպես արվեստագետ ձեր անունը շուրջ 30 տարի ավելի հաճախ հանդիպել ենք ռուսաստանյան, եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական, շվեյցարական պարբերականներում: Տեւական լռությունից հետո՝ միայն 2010-ին Երեւանում ունեցաք անհատական ցուցահանդես, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց, քանի որ ցուցադրված աշխատանքները կատարված էին լեւկաս տեխնիկայով: Հիմա ասում են՝ վերջնականապես տեղափոխվել եք Հայաստան: 2009-ին էլ մոսկովյան «Վան Գոգ» պատկերասրահում ձեր անհատական ցուցահանդեսը վերնագրել եք «Անառակ որդու վերադարձը»: Ձեր գործընկերները նշում են նաեւ, որ 2010-ին վերադարձել էիք ընդմիշտ մնալու մտադրությամբ:

– Մշտապես վերադառնալու ցանկություն ունեցել եմ դեռեւս 90-ականներին (չմանրամասնեց): 2010-ին գալուս նպատակը կոմիտասյան, հայ հոգեւոր երգերի անկրկնելի կատարող Լուսինե Զաքարյանի արձանի՝ որեւէ եկեղեցու բակում տեղադրելն էր, որի ֆինանսական ողջ ծախսը հոգալու էինք ես եւ ընկերներս: Չգիտեի, որ եկեղեցին չի ընդունում ամբողջական քանդակի տեղադրումը եկեղեցու բակում, որտեղ «հանգրվանում» են բարելիեֆային խաչքարերի տեսքով եւ այլն: Օրինակ, երջանկահիշատակ Վեհափառ Վազգեն Առաջինի կիսանդրին եկեղեցու տարածքից դուրս է… Դիմեցի միայն քաղաքապետարան, մերժվեց առաջարկս: Սակայն ամեն ինչ հասկանալով հանդերձ, կարծում եմ, որ կարելի էր նման մեծության համար բացառություն անել, մանավանդ որ երգչուհու շիրիմը Սբ. Գայանե եկեղեցու բակում է… Ինչ վերաբերում է լեւկաս տեխնիկային, դա 14-րդ դարի ծնունդ է, մշակվում է փայտը, ապա նապաստակի կաշվից պատրաստվում սոսինձ, անուհետեւ դա խառնվում է կավճի հետ եւ այդ զանգվածով պատվում փայտը: Այս գործողություններից հետո արդեն աշխատում ես վրձնով: Նման եղանակով են պատրաստված սրբապատկերները: Հայտնի են Անդրեյ Ռուբլյովի, Ֆիոֆան Գրեկի եւ մյուսների աշխատանքները: Ինչ վերաբերում է մոսկովյան անհատական ցուցահանդեսիս վերնագրին՝ «Անառակ որդու վերադարձը», այն գործընկերներիս մտահղացումն էր՝ երկար տարիներ չէի եղել Ռուսաստանում եւ նրանք կատակում էին՝ թե վերջապես անառակ որդին վերադարձել է: (Չմեկնաբանեց հարցի այն մասը, թե 2010-ին վերադարձել էր ընդմիշտ մնալու մտայնությամբ-Ս.Դ):

– Մենք էլ կատակենք՝ հիմա անառակ որդին, որը ընդամենը մի քանի ամիս է, ինչ Երեւանում է, ընդմի՞շտ է վերադարձել եւ ինչո՞ւ լքեց հիմնական բնակավայրը՝ արվեստների քաղաք Փարիզը:

– Իշխանափոխությունից հետո՝ այո: Ի վերջո, կայացած արվեստագետը աշխարհաքաղաքացի է:

– Վերադառնանք իսկապես անկրկնելի երգչուհի Լուսինե Զաքարյանին: Դիմե՞լ եք, ասենք, քաղաքապետարան:

– Դեռ ոչ: Աշխատում եմ էսքիզի վրա, մեծ է ցանկությունս այն հասցնել կատարյալի: Ի դեպ, Լուսինեի արձանը տեսնում եմ ապակեպատ, որ ոչ մեկը չդիպչի: Ախր, համոզված եմ, որ ոչ միայն ինձ, այլեւ շատ-շատերի համար Լուսինեն սուրբ է: Ասեմ նաեւ, որ պատրաստվում եմ Լուսինե երգչուհուն նվիրված ցուցահանդես իրականացնել Կանադայում, կոնկրետ Վանկուվերում, տեղաբնակների, գործընկերներիս ու հայ համայնքի առաջարկով: (Լուսինե Զաքարյանը հունիսի 1-ին կդառնա 82 տարեկան):

– Վերջին շրջանում խոսում են, ցիտում ենք, Երեւանը դարձել է գերեզմանատուն՝ նկատի ունենալով տեղադրված բազում քանդակները, որոնք մահարձաններ են հիշեցնում:

– Միանշանակ համաձայն եմ. այստեղ նույնպես բայց կա: Օրինակ, ինչպե՞ս կարելի է Երեւանը պատկերացնել առանց Կոմիտասի, Թումանյանի, Թամանյանի, Սպենդիարյանի, Սարյանի, Խաչատրյանի հուշարձանների…

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

07.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031