Լրահոս
Օրվա լրահոսը

Միտինգային արդարադատություն չի լինի. «Ժողովուրդ»

Մայիս 15,2019 12:36

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կրքերը չեն հանդարտվում։ Բանն այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քննվում է «Մարտի 1»–ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության հարցը։ Եվ դատարանի մոտ, դատարանի դահլիճում են հավաքվել ինչպես Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ նրա հակառակորդները, որոնք պահանջում են ազատազրկման դատապարտել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող նախկին նախագահին։ Դատարանի մոտ ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

–Պարոն Վարդազարյան, արդեն մի քանի օր է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կրքերը չեն հանդարտվում։ Բանն այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քննվում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության հարցը։ Մինչ դատարանը քննում է հարցը, դատարանի դահլիճում եւ դրսում կրքերը գնալով թեժանում են. դատարան են եկել մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, իսկ դատարանի բակում հավաքված մյուս խումբն էլ պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել նրան։ Արդյոք այս ամենը ճնշում չէ՞ դատարանի վրա, եւ այն չի՞ ազդի դատավորի որոշման վրա։

–Դժվար է մեկնաբանել, բայց փորձեմ, ունենք այն, ինչ ունենք։ Ունենք այդ մեկ դահլիճը այդ նստավայրում, զրահապատ ապակիով առանձնացված են դատավարության մասնակիցները եւ դիտորդները։ Դռնբաց դատական նիստ է տեղի ունենում, դռնբացության սկզբունքը պահպանվում է, եւ բոլոր ցանկացողները իրավունք ունեն ներկա գտնվել, այլ հարց Է, որ տեղերը չեն հերիքում։ Բայց ունենք դահլիճ, որտեղ 80 դիտորդի տեղ կա, 80-ը ապահովվում է, իսկ մնացածը կանգնում են միջանցքներում կամ դատարանի հարակից տարածքներում։ Տեղի սակավ լինելն է ստիպում, որպեսզի այդ մարդիկ ոչ թե դահլիճում նստեն, այլ փորձեն միտինգ անել դատարանի առջեւ։

–Լուրջ պաշտոնատար անձանց մասնակցությամբ դատական նիստեր էին լինելու, չէի՞ք կանխատեսում նորմալ պայմաններ ստեղծել, մեծ դահլիճ ապահովել, որ լրագրողները եւս նորմալ հետեւեին դատական նիստի ընթացքին։

–Ավելի լավ պայմաններ ստեղծելու համար պետք է ավելի լավ պայմաններ ունենալ։ Ի՞նչ է նշանակում ավելի լավ պայմաններ։ Հարցը ինձ համար անհասկանալի է։

-Նորմալ դահլիճ, որտեղ կարող էին մեծ թվով մարդիկ ներկա լինել եւ լսել դատավարության կողմերին, այլ դահլիճ նախատեսեիք։

-Շենգավիթի նստավայրում ավելի հարմարավետ դահլիճ ունենք, որտեղ դիտորդների նստատեղերն են քիչ, ավելի լավ պայմաններ են, բայց գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, որ նստում է Ավանի նստավայրում, եւ այն քննվում է Ավանի նստավայրում, շատ նորմալ է, շատ տրամաբանական է, այդպես էլ պետք է լինի։ Կանխատեսում անելը շատ դժվար է։ Մենք կանխատեսում Էինք, որ այս նիստով էլ շատ մարդ կլինի՝ դիտորդ, լրագրող, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով էլ կլինի, բայց, արի ու տես, որ հիմնական մասսան գնացել Է Ավանի նստավայր, եւ Մանվել Գրիգորյանի առաջին դատական նիստին դահլիճը լցվեց, եւ դրսում մարդ չմնաց։ Իսկ փորձը ցույց է տվել, որ 4-5 դատական նիստից հետո այդ ամենը հանդարտվում է, եւ դատավորները իրենց հունով գործը քննում են։

–Ձեր կարծիքով՝ արդյոք այս ամենը ճնշում չէ՞ դատարանի վրա, եւ այն չի՞ ազդի դատավորի որոշման վրա։

–Դավիթ Գրիգորյանը շատ լավ իրավաբան է, փորձառու դատավոր, եւ պարոն Գրիգորյանին նման եղանակով ճնշել գրեթե անհնար է։ Որոշ անհանգստություն, իհարկե, կպատճառվի, երբ երեկոյան գնա տուն, հեռուստատեսությունը միացնի եւ տեսնի, թե ինչ է կատարվում, կզարմանա։ Ինքը դահլիճում այդ ամենը չի տեսնում, այդ ամենը իրեն անհասանելի է, եւ վստահ եմ, որ Հայաստանում միտինգային արդարադատություն հնարավոր չի լինի, այսինքն՝ դա արհեստական փորձում են քաղաքականացնել կամ դա ընդամենը փորձ է դատարանի վրա ճնշում կիրառելու։ Իսկ որ դա չի հաջողվի, եւս վստահ եմ 100 տոկոսով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031