Լրահոս
Օրվա լրահոսը

Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն արտոնություն են ուզում տալ աշխատող ուսանողներին՝ մտքի ու կրթության հեղափոխություն անելով

Հունիս 11,2019 17:06

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի համահեղինակությամբ «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ՀԿ-ների, փորձագետների, ուսանողների հետ քննարկումներ են ունեցել ու առաջարկում են ուսանողի կարգավիճակից բխող արտոնություններ տալ, մասնավորապես, խոսքը մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի աշխատող ուսանողների մասին է: Նախագծի ընդունման դեպքում նրանք հնարավորություն կունենան եկամտահարկով փոխհատուցել ուսման վարձը: Այս դեպքում նաեւ կխթանվի ուսանողներին աշխատանք տալը, կհաղթահարվի այն խնդիրը, որ առանց աշխատանքային փորձի գործի չեն ընդունում:

Ի սկզբանե նախատեսվել էր, որ եկամտահարկից օգտվեն նաեւ բակալավրիատի աշխատող ուսանողները, հետո վերախմբագրել են այն ու որոշել, որ արտոնությունը տարածվի մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողների վրա: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ նախագծի գաղափարին կողմ է, բայց սկզբունքորեն չի կարող նախագծի նախնական տարբերակից այդքան շեղումով փոփոխությունների վրա աչք փակել ու քվեարկել:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հարցրեց՝ ունե՞ք տեղեկություններ, թե պետբյուջեի մասով ի՞նչ ծանրաբեռնվածություն է սա ենթադրում, այսինքն, բյուջեի վրա ինչքան է «նստելու» այդ արտոնությունը, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Գնահատականը նաեւ ֆինանսների նախարարության կողմից չկա: Եթե ըստ մասնագիտության աշխատանքը լինի, քիչ թիվ կկազմի, եթե չլինի այդ սահմանափակումը, ամենամեծ հաշվարկով տարեկան 1 մլրդ դրամը չի գերազանցի»: Եղավ առաջարկ, որ ուսման առաջադիմությունը նույնպես հաշվի առնվի:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց, որ այս նախագիծը հիշեցնում է կառուցապատողից բնակարան գնելու դեպքում հիփոթեքային վարկի տոկոսի փոխհատուցման համակարգը՝ եկամտահարկից, բայց ի տարբերություն այդ համակարգի, առաջարկվող նախագիծը տնտեսական էֆեկտ չունի: Նա ասաց, որ սա դասական իմաստով հարկային արտոնություն չէ, բայց բոլորս էլ գիտենք, որ բյուջետային միջոցների սահմանափակում ունենք. «Մեր համոզմամբ, պետությունը, կարեւորելով գիտելիքահենք, մտքի վրա կառուցված տնտեսությունը, իր մասնակցությունը ունի բարձրագույն կրթության կազմակերպման գործում՝ պետպատվերի միջոցով: Նախագծով էլի պետությունը փոխհատուցում է ուսանողի փոխարեն, որովհետեւ մի դեպքում պետությունը ուղղակի վճարում է, մյուս դեպքում հրաժարվում է իր եկամտից, այսինքն, ծախս է կատարում: Առաջին գործիքը՝ պետպատվերն ավելի հասցեական է»:

Հանձնաժողովի անդամները չհամաձայնեցին, Վահագն Թեւոսյանն ասաց, որ կրթությունը կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ տնտեսության վրա. «Չեմ կարծում, որ էս մասով պետք է փոխել, կարծում եմ, փիլիսոփայությունների բախում ունենք, երբ շինարարությունը համեմատում ենք կրթության հետ: Ես հասկանում եմ, որ ֆինանսների նախարարության խնդիրն է գործ ունենալ չոր փողերի հետ, բայց մեր գործառույթն է ուրիշ կերպ մոտենալ խնդրին: Ձեր փաստարկները մեր տեսանկյունից ընդունելի չեն»:

Փոխնախարարն ասաց, որ հնարավոր է նաեւ պետպատվերի թվաքանակը վերանայել ու եթե այս նախագիծն ուզում են ընդունել, փոխհատուցումը դրա հաշվին տան, որ բյուջեի վրա շատ չծանրանա. «Եթե սովորողները աշխատում են, մենք կրթության որակը լավացնո՞ւմ ենք»:

Սիսակ Գաբրիելյանի համար զարմանալի էր փոխնախարարի համեմատությունը բնակարանների հիփոթեքի հետ: Նա հարցրեց՝ «8 տարի առաջ կառուցված շենքը ի՞նչ ազդեցություն է ունենում տնտեսության վրա»:

Արման Պողոսյանն ասաց, որ ռիսկեր կարող են լինել, ուսանողի անվան տակ գործատուները կարող են մարդ գրանցել ու եկամտահարկի փոխհատուցում ստանալ:

Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ ցանկացած նախագծի ընդունում էլ ռիսկեր է պարունակում. «Երբ նախարարությունում աշխատում էի, հաճախ ոլորտի խնդիրներն առաջ քաշելիս ասում էին՝ գիտես, էս ռիսկը կա, էս կոռուպցիոն ռիսկը կա: Եթե մենք դրանով պիտի առաջնորդվենք, ապա ոլորտը երբեք այդպես էլ չի զարգանա: Ռիսկերը վերահսկելու համար կան համապատասխան գերատեսչություններ»: Ըստ Մակունցի, չափազանց կարեւոր է, որ բացի տնտեսական հեղափոխությունից նաեւ մտքի եւ կրթության հեղափոխությունը կարեւորեն. «ՀՀ պոտենցիալը մեր ինտելեկտուալ պոտենցիալը զարկ տալու մեջ է ու հեղափոխական քայլեր են պետք»:

Ի վերջո` որոշվեց նախագիծն ավելի ուշ քննարկելու ընդունել՝ վերախմբագրումներից հետո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930