Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջկաս Նաբերեժնիում ծեծել է, ասել՝ տեղում կթաղեմ քեզ, ոչ ոք չի իմանա»

Հունիս 11,2019 21:44

Ընտանեկան բռնության դեպքով գործի քննությունն այն աստիճան ապօրինի է ընթանում, որ փաստաբանները որոշել են գործը հանրայնացնել: Այսօր փաստաբաններ Արա Ղազարյանը, Կարեն Ղազարյանը, Աշխեն Դաշյանը լրագրողներին ներկայացրեցին, որ իրենց վարույթում է գտնվում քրեական գործ, որը վերաբերվում է 2017-ի օգոստոսին մահճակալում մահացած Մելինե Աղաջանյանի մահվան հանգամանքներին:

Ըստ փաստաբանների, հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք կոպիտ իրավական բացթողումներ: Նախ՝ Մելինեի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` կնոջը պարբերաբար բռնության ենթարկելու, խոշտանգելու համար: Հետագայում մեղադրանք է առաջադրվել մահացած Մելինե Աղաջանյանի մորը՝Սվետա Հակոբյանին եւ եղբորը`Արթուր Աղաջանյանին՝ Մելինե Աղաջանյանի նկատմամբ իբր բռնություն կիրառելու, ազատությունից ապօրինի զրկելու, անզգուշությամբ մահ պատճառելու համար:

«Կատարվում է ապօրինի եւ կողմնակալ քննություն` հօգուտ կնոջը բռնության ենթարկած ամուսնու, հաշվի չի առնվում բռնության ականատես անչափահաս երեխաների ցուցմունքները, կարծիքը, երեխաների լավագույն շահերը»,-հայտարարեցին փաստաբանները:

Մելինե Աղաջանյանը, ըստ դիահերձման տվյալների, մահացել է սրտի եւ թոքի կաթվածից: Սակայն, մինչ այս Մելինեի նկատմամբ ամուսինը, ըստ փաստաբանների, պարբերաբար բռնություն է  կիրառել:

Ասուլիսին տուժողի իրավահաջորդը՝ Մելինեի մայրը՝ Սվետա Հակոբյանը պատմեց. « Էս վերջին անգամ աղջիկս զանգեց ու խնդրեց՝ ինչքան հնարավոր է՝ շուտ գնամ իրենց տուն, որովհետեւ  ահավոր ձեւով ամուսինը՝ Ռոման Ասրյանը ծեծել էր ու ուզել էր տունը հրդեհել»:

Տիկին Սեդան պնդում է՝ Ասրյանը կնոջը ծեծել է երեխաների ներկայությամբ,  այդ մասին երեխաներն էլ ցուցմունք են տվել, նախկին փեսան նույնիսկ մեծ աղջկան է ծեծել, ինչ է թե նա փորձել է օգնել մորը:

Տիկին Սեդան վստահեցրեց՝ դստեր մահից հետո նախկին փեսայի ազգականները այցելել էին իրեն, իբրեւ թե ցավակցելու, սակայն սպառնացել են՝ փեսայի դեմ բողոքը հետ վերցնել.«Իմ դեմ սուտ ցուցմունքներ էին տվել քննչականում, որ իբր ես ու տղաս խոչընդոտում ենք, որ երեխաները հոր հետ շփվեն»: Հիմա Մելինեի 2 անչափահաս երեխաները ապրում են տատի՝ Սեդա Հակոբյանի հետ: «Որոշ ժամանակ առաջ նախկին փեսաս եկավ երեխաների անձնագրերը վերցնելու, փոքրը 5 տարեկան է, հորը տեսավ՝ գոռաց ու վազեց սենյակ, հայրը գնաց հետեւից, իսկ երեխան ասաց, որ՝ գնա, քանի որ վախենում է իրենից: Հետո տեսավ երեխան չի հանգստանում, ինձ սպառնաց, ասաց՝ գնա բողոքդ հետ վերցրու, թե չէ այս ամենը կշրջեմ ձեր վրա»:

20 օր առաջ էլ, ինչպես տիկին Սեդան ասաց, նախկին փեսան Մելինեի եղբորն է բռնության  ենթարկել. հիմա այս առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

Տիկին Սեդան արտասվելով ասաց՝ «Ափսոսում եմ, իրավիճակ է փոխվել մեր երկրում, բայց դարձյալ կոռուպցիան ու փողն իրենց սեւ գործն անում են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Փաստաբան Կարեն Ղազարյանն ասաց. « Քննության ինչ-որ պահից մենք հասկացանք, որ այն տարվում է կողմնակալ, որպեսզի Ռոման Ասրյանը մեղադրյալի կարգավիճակից դուրս գա եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Եվ հակառակը՝ Սվետա Հակոբյանն ու Արթուր Ազաջանյանը մեղադրյալի կարգավիճակ ստանան, որի հիմքով քաղաքացիական վարույթով երեխաների խնամքի հարցը կլուծվի»:

Կարեն Ղազարյանի խոսքերով. «Վերջին 15 տարիների իմ աշխատանքում, անգամ քաղաքական հետապնդումների արդյունքում նման մտացածին, փուչիկ մեղադրանքներ չեն եղել: Սվետա Հակոբյանին եւ Արթուր Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել անձին ապօրինի ազատությունից զրկելու հոդվածով, մեկ այլ հոդվածով էլ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, եւ անզգուշությամբ մահ պատճառելու: Մելինեն, երբ վերադարձել էր մոր մոտ, որոշել էին իրենց վերեւի բնակարանում ապրի,  որպեսզի մոր հոգեկան տառապանքները չտեսնեն երեխաները,ինքն ավելի հանգիստ վիճակում լինի: Այս հանգամանքը վերագրում են, որ մայրն ու եղբայրն ապօրինի նրան ազատությունից զրկել են: Չի կարող լինել որեւէ ապացույց,  որ որեւէ կերպ ազատությունից զրկել են: Նախաքննական մարմինը որեւէ փաստական տվյալ չունի:  Հիմքում  դրել են  նախկին ամուսնու եւ նրա ազգականների տված տեղեկությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարեն Ղազարյանը պատմեց, որ երկար ժամանակ  է խնամակալության եւ հոգաբարձուների մարմնում երեխաների խնամքը ծնողին վերադարձնելու հարցն է իբրեւ թե քննարկվել, բայց երեխաները ահավոր բացասական են հորը վերաբերվում, չեն ուզում հորը տեսնել կամ խոսել նրա հետ, նրանք անուղղակի հորն են մեղադրում, որ մայրը մահացել է:

«Ժամանակին ապօրինի որոշում է կայացվել, որ երեխաներին պետք է բռնի ուժով տատիկից վերցնեն, տանեն  ՀՕՖ՝ անորոշ ժամկետով: Այս որոշումը ի կատար չի ածվել, քանի որ Ասրյանը արդյունքի չի հասել, գործի ընթացքն այնպես է շեղել, որ պաշտպանյալներս հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում»,-ասաց փաստաբանը:

Բացի այս, Կարեն  Ղազարյանը կասկածներ հայտնեց՝ ինչո՞ւ են այս ընտանեկան  բռնության ու դրանից հետո այս ընտանիքին վերաբերող բոլոր գործերը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների նախաքննական մարմնում քննվում, այն դեպքում, երբ ասենք՝ ենթադրյալ հանցագործությունը կատարվել է վարչական այլ շրջանում:

Մանրամասները՝ տեսանյութում

Փաստաբան Արա Ղազարյանն էլ ասաց, որ Մելինեն հեռախոսից հաղորդագրություններ է ուղարկել ազգականներին, ընկերուհիներին եւ պատմել, թե ինչպիսի բռնությունների է ենթարկվում. «Բայց, եթե գործի քննությունը շարունակվի նման ուղղությամբ գնալ, մենք, որպես ծայրահեղ միջոց, կհրապարակենք հաղորդագրությունները, հարազատների թույլտվությունն ունենք: Առերեւույթ հանցագործության մասին փաստ ունենալով, ուղիղ հակառակ ուղղությամբ է վարույթը գնում, ոչ թե անձի դեմ, որը սպառնալիքներ է հաղորդագրություններով ուղարկել, այլ անձի դեմ, որը ծեծից ու խոշտանգումից փախած դստերը ընդունել է իր բնակարանում»:

Փաստաբանները վստահեցրին՝ նախաքննական մարմնի, իրենց բնորոշմամբ, ապօրինի գործողությունների դեմ դատախազությանը 10 բողոք  են ներկայացվել, բոլորը մերժվել են:

Մանրամասները՝ տեսանյութում

Արա Ղազարյանի խոսքով. «Ասրյանը բռնության սպառնալիքներ է հնչեցնում հենց իր երեխաների նկատմամբ: Այս ամենի համատեքստում, պատկերացրեք, որ նա կարողանում է «լեզու գտնել» դատախազության, քննչական մարմնի հետ եւ կախարդական փայտիկով՝ երեք հիմքով քրեական գործ է հարուցվում ընտանիքի այն անդամների դեմ, ովքեր այսօր երեխաներին են խնամում: Եթե նրանք այդքան վտանգավոր են, ապա այդ ինչպե՞ս է, որ  երեխաները ցանկանում են նրանց մոտ մնալ»:

Փաստաբան Աշխեն Դաշյանն էլ  նշեց, որ հայրը երեխաներին սպառնացել է,  որ  եթե իրեն  տեսնելու ցանկություն չհայտնեն՝ կհայտնվեն այլ կացարանում, վայբեր հավելվածով ուղարկված այդ հաղորդագրությունները փորձել են ներկայացնել դատարան, միջնորդությունը չի բավարարվել, եւ դատարանը չի արձանագրել դրանք որպես սպառնալիք:

Դաշյանի պատմելով՝ երեխաների դպրոցը, որը ավելի հարմար է իր բնակության վայրին մոտ լինի, հայրը տեղափոխել է Դավիթաշեն թաղամասի դպրոց, մինչդեռ երեխաներին այդտեղ հաճախելը շատ բարդ է: Այս դպրոցի տնօրենը, ըստ Դաշյանի, Մելինեի 10 ամյա երեխային իր աշխատասենյակում ընտանիքի մասին դեպքեր է պատմել, մոր կերպարը ներկայացրել բացասական երանգով. «Սա հայրն է ուղղորդել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Խնամակալության եւ հոգաբարձուների խորհուրդն էլ, ըստ Դաշյանի, չի առաջնորդվում երեխայի լավագույն շահով:

Մանրամասները՝ տեսանյութում

34 ամյա Մելինե Աղաջանյանը մահացել է 2017 թվականի օգոստոսի 3-ին, գործը դեռեւս նախաքննության փուլում է:

«Մի անգամ աղջկաս տանում է Նաբերեժնի, ծեծում է, ասում՝ տեղում կթաղեմ քեզ, ոչ ոք չի իմանա: Տեսնեմ աղջիկս ներս մտավ, աչքը կապտած, ինքը՝ արյունոտված: Նա հազար անգամ ներողություն է խնդրել,  ծնկաչոք խնդրում էր կնոջը, որ ոչ ոքի չասի: Վերջում էլ ասեց՝ դու գիտես իմ հնարավորությունները՝ «մեշոկով փող կթափեմ, իմ նպատակին կհասնեմ, քեզ անբարոյական կհանեմ, գիժ կսարքեմ, երեխաներին ձեռքիցդ  կվերցնեմ: Նույնը կրկնեց իմ ներկայությամբ էս վերջին վեճի ժամանակ»,-պատմեց Սեդա Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930