Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքիում ադրբեջանցուց տուժած կինը կարող է դատի տալ իշխանություններին, եթե ադրբեջանցուն հանձնեն

Հոկտեմբեր 07,2026 20:35 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ պետական սահմանը հատած ու Շաքի բնակավայր հասած ադրբեջանցուն հայ գերիների հետ փոխանակումը հնարավոր է միայն քաղաքական պայմանավորվածության արդյունքում․ նման իրավական մեխանիզմ չկա։ Այս մասին Aravot.am-ին ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

«Դա ինչ-որ կիսաքաղաքական գործընթաց է՝ նպատակահարմարությունից ելնելով։ Իսկ ադրբեջանցուն հանձնելու պարագայում պետք է ելնել տուժողի շահերից։ Այսինքն՝ եթե հանձնում ենք այդ մարդուն, տուժողի իրավունքները մնում են անպաշտպան։ Տուժողը այդ կինն ու իր երեխաներն են։ Այսինքն՝ սոցիալական արդարությունը տուժում է, այդ մարդուն պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Մանավանդ որ քրեական գործ կա։

Ի վերջո, եթե իշխանությունները որոշեն հանձնել, կան իրավական տարբեր մեխանիզմներ։ Կարող են այստեղ դատապարտել, հետո հանձնել, որ պատիժը կրի Ադրբեջանում։ Քաղաքական նպատակներից ելնելով՝ հենց վաղն էլ կարող են տալ, բայց տուժողի շահերը պետք է չմոռանան»։

Մեր հարցին՝ հաշվի առնելով Սաֆարովի դեպքը, երբ արտահանձնելուց հետո Ադրբեջանում նրան հերոսացրին, ի՞նչ երաշխիքներ կան, որ Շաքի մտած ադրբեջանցուն Ադրբեջանին հանձնելու դեպքում նրան կրկին չեն հերոսացնի, Ղազարյանն ասաց․

«Սովորաբար հանձնումն արվում է երաշխիքով՝ գլխավոր դատախազի կամ նախարարի կողմից, որ ազատ չի արձակվի։ Հանձնման նպատակն է, որ պատիժը կրի իր հայրենիքում, կամ եթե նախաքննության փուլում են հանձնում, որ ընդունող երկրում նախաքննություն արվի։ Բայց ընդունող երկիրը նախաքննություն չի անի, որովհետև այնտեղ չի կատարվել հանցագործությունը։ Այսինքն՝ մնում է դատապարտել, հետո նոր հանձնել՝ պայմանով, որ ազատ չարձակվի, բայց դե Ադրբեջանն այդ երկիրը չէ։

Իսկ փոխանակումը իրավական գործընթաց չէ, քաղաքական նպատակահարմարություն է, բայց ինչ էլ անեն, կրկնում եմ՝ չպետք է մոռանան տուժողի շահերը։ Տուժողին պետք է փոխհատուցեն։ Չենք խոսում հենց դրամական փոխհատուցման մասին։ Գուցե տուժողն ասում է, որ լավագույն հատուցումն այն է, որ [նա] ազատազրկվի»։

Մեր հարցին՝ եթե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Հայաստանը հանձնի ադրբեջանցի հանցագործին, տուժողը կարո՞ղ է պահանջել նյութական ու բարոյական վնասի փոխհատուցում, Արա Ղազարյանը պատասխանեց․

«Այո, եթե Հայաստանը խախտի իր շահերը, տուժողը կարող է դատի տալ իշխանությանը ու պահանջել փոխհատուցում ադրբեջանցուն հանձնելու որոշման համար կամ դատարան դիմել այդ որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031