Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկո՛լ, մարդը միլիոնավոր դոլարներ է թալանել, ոչ մեկիդ պետքը չէ»․ միջպետական ճանապարհը փակած Անիի ցուցարարներ

Հունիս 21,2019 20:45

Ինչպես տեղեկացրել ենք,այսօր առավոտյան Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ պարալիզացնելով երթևեկությունը։

Բանն այն է, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Մարալիկի թիվ 1-ին դպրոցում հանդիպում ուներ տարածաշրջանի բոլոր դպրոցների ուսուցչական կազմի հետ, քննարկվելու էր անչափահասների կողմից հանցագործություններ կատարելու թեման։

8 ամիս շարունակ համայնքապետի հրաժարականը պահանջող բողոքավորներն էլ, լսելով դատախազի այցի մասին, որոշել էին փակել մայրուղին, որով անցնելու էր դատախազը ու նրանից պարզաբանում պահանջել Անի համայնքում հայտնաբերված չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործերի ընթացքի մասին։

Միջպետական ճանապարհը փակ մնաց մոտ 45 րոպե․ ոստիկանական ողջ համակարգը՝ Շիրակի փոխոստիկանապետերի գլխավորությամբ կենտրոնացվեց այնտեղ, քանի որ վիճաբանություն էր սկսվել մեքենայով երթևեկողների ու ցուցարարների միջև։ Նրանցից շատերը խնդրում էին բացել ճանապարհը․ կամ հիվանդանոց էին գնում, կամ մեռել թաղելու։

«Այ քեզի բան, սաղ Հայաստան մեռել թաղող է, ով կանգնեց, ասեց՝ գնում ենք մեռելատուն, ճամփա տվեք»,-զարմացած բացականչեց ցուցարարներից մեկը։ Հետաքրքիրն այն է, որ տուրիստական ավտոբուսներին ևս ճանապարհ չէին տալիս․ տուրիստները համբերատար ու մեծ հետաքրքրությամբ հետևում էին բողոքի ակցիա անցկացնելու հայկական մեթոդին։

Բողոքավորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց․ «Շուրջ մեկ տարի է՝ հունիս ամսից դիմել էինք Դավիթ Սանասարյանին, հոկտեմբերի 13-ին՝ երկար-բարակ սպասելուց հետո ՊՎԾ-ն վերջապես եկավ։ Շատ կասկածելի արագ ժամկետներում ուսումնասիրություններ արեցին կարծեք թե, մենք վստահ չենք, որ նորմալ արել են։ Մենք հույս ունեինք մի ամսվա ուսումնասիրություն կանեն, իրենք մի շաբաթ կիսատ-պռատ գալով՝ արեցին, պրծան։ Ու հոկտեմբերի 13-ից հետո մինչև օրս սպասում ենք, գնում ենք ՊՎԾ, ասում են ամբողջ փաթեթը տվել ենք քննչականին, քննչական ասում է՝ ՊՎԾ-ն մեզ ոչինչ չի տվել։

Վարչապետ մարդ, ընտրապայքարի ժամանակ գալիս, ասում է՝ ստորագրություններ հավաքեք, հավաքում, տանում ենք, ասում են օրենքի ուժ չունի։ Երբ որ արդեն հանրապետության վարչապետի ասածը չի աշխատում, էս երկրի և էս իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում։ Եթե չեն ուզում վերջնական խայտառակվեն, հաջորդ ընտրություններին ոչ մի շանս չունենան, եթե չեն ուզում մարդկանց համբերության բաժակը լցվի, մարդիկ զարկեն իրար, անմեղ մարդիկ, որովհետև ճամփի այն կողմում կանգնած մարդն էլ է ճիշտ, մենք էլ ենք ճիշտ, իրենք մեղավոր են, որ այս իշխանություններին ընտրեցին, մենք մեղավոր ենք, որ ճամփեն ենք փակել։

Մեզ ասում են համայնքապետի հրաժարականի պահանջը ամբողջ համայնքի կամքը չէ, ամբողջ համայնքը կապ չունի, եթե 40 մարդ էլ է դեմ, 40 մարդը կարող է ավելի ճիշտ լինել, քան մի ամբողջ համայնքը։ Երբ որ Անդրեյ Սախարովը նստած էր Սովետական Կոմկուսի դահլիճում, 2 տարի հետո իրենք պետք է ընդունեին, որ իրենք մեղավոր են, Սախարովը ճիշտ էր, էսօր մենք ստեղի Սախարովներ ենք։

Մեր պահանջն է՝ քննչական մարմինները հատ-հատ մեզ ներկայացնեն՝ ինչ են արել այսքան ժամանակ, ո՞վ է ՀՀԿ-ական համայնքապետի թիկունքը պահում։ Մարալիկցի մի տղա ձեռքով խփել, իրենց տան ապակին կոտրել էր, միլիցեքը մի շաբաթ քննեցին, թե ինչ է եղել։ Մարդը միլիոնավոր դոլարներ է թալանել, ոչ մեկի պետքը չէ։

Գնացինք ուսումնարանը գտանք, որ աշակերտ չկա, մինչև այսօր սպասում ենք, թե ուսումնարանի տնօրենը ե՞րբ պետք է պատասխան տա, մարդը (ի նկատի ունի համայնքապետին Ա․Ն․), գրել է, որ ներքևի թաղամասերը կապիտալ ասֆալտապատել է, հող ու ցեխ է, ո՞վ պիտի պատասխան տա։ Մարդը փողը դուրս գրել ու կերել ու էդպես 18 տարի շարունակ։ Հանրապետականի ամենացածր խամաճիկներից մեկն է, մարդ, որը Սերժի իշխանության օրոք ոգևորությամբ համայնքը խոշորացրեց, որպեսզի ոչ թե մեկ, այլ 17 համայնքի բյուջեից օգտվի»։

Մեզ հետ զրուցող երիտասարդը ներկայացավ այսպես․ «Ավետիսյան Սմբատ, քաղաք Մարալիկ, 28 տարեկան, ԵՊՀ գործազուրկ շրջանավարտ»։

Մեկ այլ ցուցարար էլ պնդում էր, թե Նիկոլ Փաշինյանը իրենց խաբել է, առաջարկել է ստորագրություններ հավաքել, և երբ բավարար քանակությամբ հավաքվել է, համայնքապետի պաշտոնանկության հարց չի դրվել։

«Արդեն 8 ամիս է՝ հրապարակից տուն չենք գնացել, պայքարել ենք մինչև էսօր, եթե արդյունք լիներ, էսօր չէինք ելնի, ճամփեն, փակեինք։ Մեր դուրն էլ չի գալիս, որ ճամփեն փակում ենք, ստիպված ենք փակում։ Սպասում ենք դատախազին, գործերը չեն կարող բացահայտել, մեզ են ասում՝ ելեք բացահայտեք, բայց ո՛չ դատախազ ենք, ո՛չ քննիչ ենք», -ասաց մեր զրուցակիցը։

Դատախազն այդ ճանապարհով չանցավ, բողոքավորները, տեղեկանալով, որ նա արդեն դպրոցում է, շտապեցին դպրոց։ Պարզվեց ուսուցիչների հետ հանդիպման էր եկել դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանը։Բողոքավորները հարցրեցին, թե ո՞ւր է հասել ՊՎԾ-ի կողմից Անի համայնքում հայտնաբերված չարաշահումների փաստի ու մնացած քրեական գործերի ընթացքը։ Դատախազն ասաց, որ անձամբ ինքը վերահսկողություն իրականացնողը չէ, սակայն, ինչքան տեղյակ է նախաքննություն է ընթանում, կատարվում են լայնածավալ քննչական գործողություններ ու նշանակված են փորձաքննություններ՝ դատահաշվապահական, դատատնտեսագիտական։

«Այս պահին փորձաքննությունների փուլում է»,-ասաց դատախազը։ Նա նաև նշեց, որ փորձաքննություններ արդյունքներից ելնելով՝ պիտի անձանց արարքներին տալ համապատասխան իրավական գնահատական։

«Ինչքա՞ն պետք է տևի, ինչքա՞ն պիտի սպասենք, ե՞րբ կհասնի հերթը»,-հետաքրքրվում էին բողոքավորները։ Դատախազն ասաց, որ չկա հերթի դնելու հասկացություն։ Թե ինչքան պիտի սպասեն, Արտյոմ Օվսյանը կոնկրետ ժամկետ չնշեց՝ ասելով ողջամիտ ժամկետում։ Բողոքավորներն անհանգստանում էին, որ այսքան ժամանակ անգամ կոնկրետ անձի մեղադրանք առաջադրված չէ, ու համայնքապետը, մնալով պաշտոնում, կխոչընդոտի նախաքննության ընթացքը։ Նրանք հարց էին բարձրացնում նրան պաշտոնանկ անելու։

Դատախազի հետ զրույցից հետո ցուցարարները որոշեցին շարունակել իրենց բողոքի ակցիաները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930