«Ասում ենք ալիեւյան սահմանադրություն ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի ժողովրդին սահմանադրություն պարտադրելու գործընթաց տեղի է ունենում Ալիեւի պարտադրանքով կամ շանտաժով, այլ նաեւ այն պատճառով, որ առաջարկվող սահմանադրության այս նախագիծը Հայաստանը տանելու է բռնատիրության՝ ալիեւյան, ադրբեջանական տիպի բռնատիրության»,- ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ «Հայելի» ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած նոր սահմանադրության վտանգների մասին։
«Առանց այն էլ ՀՀ գործող սահմանադրությունը, իմ կարծիքով, որոշակի հիմքեր պարունակում է ավտորիտարիզմի համար։ Բայց այն դրույթները, որոնց բովանդակությունը, որ կա այս սահմանադրության նախագիծ կոչվածի մեջ, դրանց կիրառման պարագայում Փաշինյանի ավտորիտարիզմը ցեմենտվելու է, եւ Հայաստանը վերածվելու է բռնապետության։ Դրա համար ասում ենք ալիեւյան սահմանադրություն։
Հաջորդը։ Այն ուժը, որը օրակարգ է բերել այսպես կոչված նոր սահմանադրությունը, լեգիտիմ չէ։ Ոչ լեգիտիմ ուժը, ոչ լեգիտիմ ղեկավարը չի կարող ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի ներկայացնել մայր օրենք։ Հետեւապես, մայր օրենքի նման նախագիծը չի կարող լինել լեգիտիմ։
Ինչո՞ւ է ոչ լեգիտիմ։ Որովհետեւ, մասնավորապես, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները անցել են ընդդիմության նկատմամբ խայտառակ ճնշումների պարագայում, ընդդիմության շատ առաջնորդների բանտարկման պարագայում, ընդդիմության շատ տեղական առաջնորդների բանտարկման, կալանավորման, ձերբակալման պայմաններում։ Անցել են տեռորի պայմաններում այն իմաստով, որ եթե չընտրեք ՔՊ-ին, կլինի պատերազմ տարբերակով։
Կարդացեք նաև
Նման ձեւով ընտրություն չի կարող լինել։ Սա արդեն ընտրություն չէ։ Եթե առաջարկը ժողովրդին ներկայացվում է տարբերակով, որ եթե չընտրես, ապա մեռնելու ես, ապա պատերազմ է լինելու, ապա մարդիկ են զոհվելու, սա արդեն ընտրություն չէ։ Ընտրություն բառի իմաստն այն է, որ այդ պրոցեսը տեղի է ունենում կամքի ազատ արտահայտման պայմաններում»։
Անդրադառնալով այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը սահմանադրության տեքստը քննարկելու հրավերին՝ Մենուա Սողոմոնյանը նախ վերահաստատեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանի հակադարձումը, թե ահաբեկիչների հետ չեն բանակցում, ապա ասաց, որ այդ բանակցությունների, քննարկման հրավերը ընդամենը իմիտացիա է։ «Եթե նա ի սկզբանե ասում է՝ այս սկզբունքը պետք է լինի, այսպես պետք է լինի, ում հրավիրում է, նրանց ասում է, որ ես ձեզ քոքահան եմ անելու, արմատախիլ եմ անելու, ես ձեզ սատկացնելու եմ, ես բուլդոզերով մաքրելու եմ եւ այլն, անկախ այն ամենից, թե ով ինչ վերաբերմունք ունի ընդդիմության վերաբերյալ, այդ ուժերին վերջին խորհրդարանական ընտրություններում ընտրել է կես միլիոն մարդ։
Եվ եթե ժողովրդի ընտրության հետ վերաբերվում են այսպես, ապա այդպիսի բանակցությունների, քննարկումների հրավիրելը ձեւական ակտ է, իմիտացիա է, որին երբեք ու երբեք չի կարելի տրվել։ Անթույլատրելի է, որ ընդդիմությունը ընդառաջ գնա այդ շանտաժին։ Նորից եմ կրկնում, սա շանտաժ է եւ չարժե մտնել բովանդակային քննարկումների մեջ այս հրեշավոր փաստաթուղթը հեղինակողների հետ։ Այս փաստաթուղթը իսկապես շատ վտանգավոր, հրեշավոր փաստաթուղթ է, որը կտրում է մեր կապը Հայաստանի պետականության հիմնադրման ակտի, Հայաստանի պետականության հիմնասյուների հետ,-ասաց Մենուա Սողոմոնյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































