ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻ՞Ք, ՈՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԵՆ ԹՎՈՒՄ
Կրակե ծիածանը հազվադեպ մթնոլորտային օպտիկական երևույթ է, որն առաջանում է, երբ Արեգակի լույսը բեկվում է բարձրադիր ամպերում գտնվող սառցաբյուրեղների միջով։ Արդյունքում լույսը բաժանվում է գույների, և երկնքում ձևավորվում է վառ բազմագույն աղեղ։ Չնայած անվանը՝ այն կապ չունի կրակի հետ։
ԿԵՆՍԱԼՈՒՍԱՐՁԱԿՈՒՄ
Կենսալուսարձակումն օրգանիզմների՝ լույս արտադրելու ունակությունն է։ Այն առաջանում է հատուկ կենսաքիմիական ռեակցիաների արդյունքում և հաճախ հանդիպում է ծովային միկրոօրգանիզմների մոտ։ Այդ պատճառով որոշ ծովերի ափերին գիշերը ալիքները կարող են կապույտ լուսարձակել։ Այս լույսը գրեթե ջերմություն չի արտադրում և կոչվում է «սառը լույս»։
ԿԱՊՈՒՅՏ ԼԱՎԱ
«Կապույտ լավա» անվանումը պայմանական է, քանի որ իրականում լավան կապույտ գույն չունի։ Այս հազվադեպ երևույթը առաջանում է, երբ հրաբխից արտանետվող ծծմբային գազերը բարձր ջերմաստիճանի պայմաններում այրվում են և արձակում վառ կապույտ լույս։ Երբեմն հեղուկ ծծումբը նույնպես հոսում է լանջերով՝ ստեղծելով կապույտ լավայի տպավորություն։ Այս երևույթն առավել հայտնի է Ինդոնեզիայի Արևելյան Ճավա կղզում գտնվող Կավահ Իջեն հրաբխի շրջանում և հիմնականում դիտվում է գիշերային ժամերին։
Բնությունը երբեմն ստեղծում է երևույթներ, որոնք գերազանցում են մեր պատկերացումները։



















































