Լրահոս
Վարդեր՝ Վանոյին
Օրվա լրահոսը

Ակրոպոլիսի թանգարանում այս ցուցահանդեսը հավակնոտ քայլ է Հին Հայաստանի և հելենիստական աշխարհի միջև քաղաքակրթական փոխազդեցությունները լուսաբանելու. Տիգրան Մկրտչյան

Նոյեմբեր 26,2026 15:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի բացման խոսքը Ակրոպոլիսի թանգարանում «Հին Հայաստան» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։

Սրբազան Հայրեր,
Հարգելի՛ տիկին նախարար Մենդոնի,
հարգելի՛ պարոն փոխնախարար Քոչարյան,
Ակրոպոլիսի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեններ՝ դոկտոր Ստամպոլիդիս և դոկտոր Պողոսյան,

Ձերդ գերազանցություններ,
հարգելի՛ դեսպաններ,
տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր պատմական օր է։ Այն իսկապես պատմական է, որովհետև Ակրոպոլիսի թանգարանում երբևէ Հայաստանին նվիրված որևէ միջոցառում չի անցկացվել։ Այն պատմական է նաև այն պատճառով, որ Հայաստանի պատմության թանգարանը երբևէ աշխարհի որևէ թանգարան նման քանակով և նման որակով այսքան ցուցանմուշ չի ուղարկել։ Եվ այն պատմական է, որովհետև նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված ցուցահանդես Հունաստանում երբևէ չի ներկայացվել։

«Հին Հայաստան» ցուցահանդեսն ընդգրկում է Պալեոլիթի ժամանակաշրջանից մինչև Ուրարտուի թագավորությունն ընկած ժամանակահատվածը՝ ներկայացնելով նաև Հայաստանի Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների արքայական հարստությունների ժառանգությունը։ Այս ցուցահանդեսի վերաբերյալ քննարկումները նախարար Մենդոնիի և դոկտոր Ստամպոլիդիսի հետ սկսվել էին դեռևս 2024 թվականին։ Մեր հանդիպումների ընթացքում խոսում էինք Հայաստանի վրա հելլենիզմի ազդեցությանը, մասնավորապես՝ Արտաշեսյանների թագավորությանը նվիրված միջոցառում կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Հետագա ուսումնասիրությունները, հանդիպումներն ու այցելությունները, որոնց թվում հատկապես կցանկանայի ընդգծել դոկտոր Ստամպոլիդիսի այցը Հայաստան, ընդլայնեցին ցուցահանդեսի շրջանակը։ Պարզ դարձավ, որ մշակութային և քաղաքակրթական ազդեցությունները փոխադարձ են եղել, և որ դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից ու Արևելքում հելենիզմի տարածումից առաջ Արևելյան Էգեյան ծովի հունական կղզիներում առկա են ուրարտական/հայկական ազդեցության հետքեր։

Կարևոր այցելությունների շարքում կցանկանայի առանձնացնել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Անդրեասյանի այցը Հունաստան։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեցան նախարար Մենդոնիի և դոկտոր Ստամպոլիդիսի հետ նրա հանդիպումները, ինչպես նաև այս տարվա սկզբին Հայաստանի նախագահի պետական այցի ընթացքում Ակրոպոլիսի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Այս ցուցահանդեսն ինձ համար նաև առանձնահատուկ անձնական նշանակություն ունի։ Երբ 1990-ականների վերջին Երևանում, որպես անտիկ պատմություն ուսումնասիրող ուսանող, իմ պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի հետ ուսումնասիրում էինք Հայաստանի մասին հունական և հռոմեական աղբյուրները, անընդհատ մտածում էի, թե ինչու է հին պատմության այս հատվածը մեծ մասամբ դուրս մնացել Հայաստանից դուրս ակադեմիական հանրության լայն ուշադրությունից։ Օրինակ՝ Պլուտարքոսը հիշատակում է, որ Հայաստանի ամենաազդեցիկ միապետերից մեկը՝ Արտավազդը, որի դրամները ներկայացված են այս ցուցահանդեսում, հունարեն ողբերգություններ էր գրում, իսկ մ.թ.ա. առաջին դարում նրա մայրաքաղաք Արտաշատում գործում էր թատրոն, որտեղ բեմադրվում էին Եվրիպիդեսի ստեղծագործությունները։ Ի դեպ, Արտաշատը հիմնադրվել է Արտաշես թագավորի կողմից՝ կարթագենացի զորավար Հաննիբալի աջակցությամբ և փռյուգիական հատակագծով, ուստի զարմանալի չէ, որ մայրաքաղաքում նաև թատրոն էր կառուցվել։

Սրանք պատահական դրվագների մասին պարզապես պնդումներ չեն։ Պլուտարքոսը, ինչպես նաև հունական մի շարք այլ աղբյուրներ, վկայում են Հին Հայաստանի և հելենիստական աշխարհի միջև քաղաքակրթական փոխազդեցությունների մասին։ Այս ցուցահանդեսը կարևոր և բավական հավակնոտ քայլ է այդ փոխազդեցությունները լուսաբանելու ուղղությամբ։ Դոկտոր Ստամպոլիդիսի կողմից մ.թ.ա. առաջին հազարամյակում Արևելյան Էգեյան տարածաշրջանի վրա ուրարտական ազդեցությունների ընդգծումը նոր հորիզոններ է բացում հնագետների և պատմաբանների համար և, հավանաբար, արդեն իսկ՝ իր իսկ ծննդյան պահին, այս ցուցահանդեսի կարևորագույն ներդրումներից մեկն է։

Կցանկանայի ընդգծել ևս մեկ այլ հանգամանք։ Պատմության ուսումնասիրության նշանակության մասին հրատարակվել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր աշխատություններ։ Հին աշխարհի պատմաբանների համար առաջնային նշանակություն ունեն աղբյուրներն ու հնագիտությունը։ Պատմության ուսումնասիրությունն անցյալի իրական և անկեղծ հետազոտություն է, իսկ այդ գիտելիքը ձևավորում է մեր ներկան և, հնարավոր է, նաև ապագան։ Խոր պատմական անցյալի ավելի լավ ըմբռնումը երբեք խոչընդոտ չէ․ ընդհակառակը՝ այն անհրաժեշտություն է ցանկացած տեսակի և ցանկացած ծագման պատմական ռևիզիոնիզմին դիմակայելու համար։

Ավելին, ինչպես ժամանակին ասել է Ռոբին Քոլինգվուդը. «Պատմությունը ծառայում է մարդու ինքնաճանաչմանը։ Ինքդ քեզ ճանաչել նշանակում է նախ իմանալ, թե ինչ է նշանակում մարդ լինել, ապա՝ ինչ է նշանակում լինել այնպիսի մարդ, ինչպիսին դու ես, և վերջապես՝ ինչ է նշանակում լինել հենց այն մարդը, որը դու ես, և ոչ ուրիշ ոք։ Ինքդ քեզ ճանաչել նշանակում է իմանալ, թե ինչի ես ընդունակ։ Եվ քանի որ ոչ ոք չի իմանում, թե ինչի է ընդունակ, մինչև չփորձի, մարդու կարողությունների մասին միակ հուշումը այն է, ինչ մարդն արդեն արել է»։ Մի՞թե սա այն մտքի ավելի ընդարձակ շարադրանքը չէ, որը հույները երեք հազարամյակ առաջ Դելֆիի Ապոլոնի տաճարի վրա արձանագրել էին ընդամենը երկու բառով՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ»՝ «Γνῶθι σεαυτόν»։

Նվիրվածությունը, մասնագիտական բարձր մակարդակը և հավատը իրականություն դարձրին այս չափազանց հավակնոտ նախագիծը։ Երկու կողմերում էլ կային մարդիկ, որոնք օգնեցին կյանքի կոչել սկզբնական տեսլականը։ Տիկին Մենդոնին և տիկին Անդրեասյանը, որն այստեղ ներկայացված է պարոն Քոչարյանի կողմից՝ այս միջոցառման մեծ աջակիցներից մեկի, ինչպես նաև դոկտոր Ստամպոլիդիսը և դոկտոր Պողոսյանը, արժանի են ամենաջերմ գնահատանքի՝ Հունաստանի մայրաքաղաքում «Հին Հայաստան» ցուցահանդեսը կազմակերպելու ուղղությամբ իրենց փայլուն աշխատանքի համար։ Մեծ շնորհակալություն եմ հայտնում նաև ցուցահանդեսի կուրատոր դոկտոր Աննա Վլախակիին։

Եվ վերջապես, թերևս նախախնամությունը կամ հին հունական Մոյրաները միջամտեցին, որպեսզի ցուցահանդեսը կայանա հենց այսօր՝ 2026 թվականի ավարտին, քանի որ սկզբում քննարկում էինք այն 2027 կամ նույնիսկ 2028 թվականին անցկացնելու հնարավորությունը։ Սա ասում եմ այն պատճառով, որ, ամենայն հավանականությամբ, սա կլինի Հունաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում իմ ներգրավմամբ վերջին խոշոր և, ըստ ամենայնի, ամենակարևոր միջոցառումը։

Սակայն այս օրը պետք է հիշվի և հիշվելու է մեկ այլ պատճառով՝ Ակրոպոլիսի թանգարանում «Հին Հայաստան» աննախադեպ ցուցահանդեսի բացմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30