ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանին։
Հանդիպման ընթացքում Նազիկ Ավդալյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանում սպորտի և մարզական ենթակառուցվածքների զարգացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը, ինչպես նաև մարզերում, այդ թվում՝ գյուղական համայնքներում, երեխաների և երիտասարդների՝ սպորտում ներգրավվածության մեծացմանը։
Անդրադարձ է կատարվել հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի մարզի Արթիկի խոշորացված համայնքի Փանիկ գյուղում «ՆԱՎ» մարզակրթական կենտրոնի կառուցման ծրագրին, որը նախատեսում է միջազգային չափանիշներին համապատասխան մարզական, կրթական, սոցիալական և վերականգնողական ենթակառուցվածքների ստեղծում։
Գլխավոր հանձնակատարը կարևորել է Հայաստանի մարզերում նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը՝ համայնքների զարգացման և երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծման համատեքստում։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի ծրագրերում սփյուռքի ներուժի ներգրավման, սփյուռքահայ մարզիկների, ոլորտային մասնագետների և սփյուռքում գործող մարզական կառույցների հետ համագործակցության հաստատման, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման և համատեղ մարզական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ



















































