Լրահոս
Վարդեր՝ Վանոյին
Օրվա լրահոսը

Փաստաթուղթը պետք է ունենա որոշակի վեկտոր, և չի կարելի իր մեջ հակադիր պրոցեսներ ստեղծել. Փաշինյանն անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծին

Նոյեմբեր 26,2026 16:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ նոր Սահմանադրության նախագծին և նշել, որ դրա շուրջ էական և մեծ աշխատանք պետք է իրականացվի։ Նախ՝  նախատեսվում է անցնել հանրային քննարկումների փուլ, որից հետո նախագիծը կշրջանառվի նաև պաշտոնական ընթացակարգերով։ «Այս տեքստի հիման վրա լրամշակումներ պետք է իրականացնենք։ Ուզում եմ ընդգծել, որ նախագիծը, իհարկե, կլրամշակվի, և գաղափարները քննարկելի են, բայց լրամշակման արդյունքում՝ նոր Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակից։ Սա շատը կարևոր է արձանագրել։ Եվ այս շրջանակում ակնկալում եմ, որ մեր քաղաքացիները, հայրենակիցները, կազմակերպությունները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ակտիվ քննարկումներ կիրականացնեն»,-ասել է երկրի ղեկավարը։

Այդ գործընթացում վարչապետն ընդգծել է ճկուն, լայնախոհ, ներառական լինելու կարևորությունը և նշել. «Բայց, ի վերջո, ներառականությունը բոլոր հնարավոր առաջարկները մի տեղ լցնելու հետ պետք չի շփոթել։ Փաստաթուղթը պետք է ունենա որոշակի վեկտոր, աերոդինամիկա, և չի կարելի իր մեջ հակադիր պրոցեսներ ստեղծել։ Եվ սա շատ կարևոր մի նպատակ և թիրախ է, որը ոչ մի րոպե չի կարելի ուղղակի տեսադաշտից բաց թողնել» ։

Ինչպես տեղեկացրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Սահմանադրության նախագծի տեքստը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում. «Սիրելի քաղաքացիներ, կայք կարող եք այցելել yourconstitution.am,  constitution.am, sahmanadrutyun.am հղումներով։ Ինչու եմ սա շեշտում, որովհետև մեր դիտարկումները և մոնիտորինգը ցույց են տալիս, որ ստեղծվում են այլ՝ ոչ պաշտոնական կայքեր, որոնցում փորձ է արվում Սահմանադրության նոր տեքստը համադրել գործող Սահմանադրության տեքստի հետ, և նաև դա արվում է արհեստական բանականության գործիքակազմ կիրառելու միջոցով, ինչի արդյունքում համեմատության մեջ են դրվում իրար չհամապատասխանող դրույթներ։ Այսինքն՝ արդյունքում ստացվում է մի իրավիճակ, որ, ըստ էության, քաղաքացին կարող է տեսնել գործող և նոր տեքստերի համադրություն, բայց այդ համադրությունը չբխի իրականությունից  և կարող է խեղաթյուրված տպավորություն ստեղծել մեր քաղաքացիների մոտ։ Այդ իսկ պատճառով, օգտվելով առիթից, կրկին խնդրում եմ մեր քաղաքացիներին այցելել այն կայքը, որի մասին ես խոսեցի»։

Նախարարը նշել է, որ  բացի Սահմանադրության նախագծի տեքստից, կայքում  կան բաժիններ, որոնց օգնությամբ քաղաքացին ավելի հեշտ կարող է ծանոթանալ տեքստի բովանդակությանը. «Մասնավորապես՝ առանձնացրել ենք, թե ինչն է նոր  նախագծում։ Ըստ համապատասխան դրույթների՝ մանրակրկիտ, շատ հանգամանալից և հասկանալի լեզվով ներկայացված է, թե ինչ նորամուծություն է պարունակում Սահմանադրության նոր տեքստը։ Եվ, իհարկե, կա հատուկ բաժին, որը վերաբերում է հայեցակարգային հիմքերին»։

Արդարադատության նախարարը տեղեկացրել է նաև, որ  կայքն արդեն մոտ  400000 այցելու է ունեցել։  «Սա նախագծի նախնական տարբերակն է, մենք ունենալու ենք քննարկումների բազմաթիվ շերտեր։ Ուզում եմ կոչ անել բոլոր քաղաքացիներին՝ ոչ միայն լսել հանրային գործիչներին, այդ թվում՝  և՛ իշխանության ներկայացուցիչներին, և՛ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, այդ թվում՝ բլոգերներին, այլ նաև բացել և կարդալ նախագիծը։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք նկատում ենք, որ հանրային խոսքում կան նախագծի տրամաբանությունից էապես շեղվող դիտարկումներ»,-ասել է Սրբուհի Գալյանը և հորդորել քաղաքացիներին՝ սադրանքի չտրվել, ընթերցել նախագիծը և նոր միայն հետևություններ անել։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ծավալուն աշխատանք  է սպասվում և, իհարկե, մենք վճռական ենք այդ աշխատանքը մինչև վերջ հասցնելու հարցում»։

Թևակոխում ենք TRIPP-ի իրագործման հերթական կարևոր փուլը. վարչապետ

Կառավարությունը հավանություն է տվել «TRIPP զարգացման ընկերություն» ՓԲԸ բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։ Որոշմամբ գործադիրը լիազորել  է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ՀՀ Կառավարության անունից՝ «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ կնքել համաձայնագիրը։

Ինչպես նշել է  ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, այն ՀՀ-ի և ԱՄՆ-ի՝ 2026 թ. ստորագրված շրջանակային համաձայնագրի կիրարկման կարևորագույն քայլերից մեկն է։ Ըստ փոխնախարարի՝ բաժնետիրական համաձայնագրով սահմանվում են Հայաստանում ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերության կառավարման սկզբունքները, հայկական և ամերիկյան կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման, ներդրողների ընտրության, կոնցեսիաների տրամադրման և կառավարման հիմնական մեխանիզմները։

«Ընկերությունը հիմնադրվելու է ՀՀ օրենսդրության համաձայն՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ ամերիկյան կողմն ունենալու է 74 տոկոս, իսկ ՀՀ-ն՝ 26 տոկոս բաժնեմասնակցություն։ Ամերիկյան կողմի բաժնեմասը տնօրինելու է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ամբողջական սեփականությունը հանդիսացող դուստր ընկերությունը։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնցից 3-ին նշանակելու է ամերիկյան, իսկ 2-ին՝ հայկական կողմը։ Միաժամանակ, համաձայնագրով ամրագրվում է ռազմավարական նշանակություն ունեցող անկյունաքարային հարցերով որոշումների կայացման համար հայկական կողմի պարտադիր համաձայնության շատ գործուն մեխանիզմներ։ Այս առումով հատկապես կարևոր է համաձայնագրի, այսպես կոչված՝ վերապահված հարցերի ինստիտուտը։ Համաձայնագրով առանձնացվելու է հարցերի 16 խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության։ Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի՝ այդ հարցերից են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքը և ծրագրերին 3-րդ կողմերի մասնակցությունը, ներդրողների ընտրությունը և կոնցեսիոն պայմանագրի պայմանների սահմանումը, ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության առանցքային որոշումները, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը և գնումների քաղաքականությունը։ ՀՀ Կառավարությունը շարունակում է մնալ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը»,-ասել է ՏԿԵ փոխնախարարը։

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ այսպիսով՝ բաժնետիրական համաձայնագրով ձևավորվում է կառավարման այնպիսի մոդել, որը մի կողմից կարևորում է ամերիկյան կողմի դերակատարությունը ծրագրի զարգացման, ներդրումների ներգրավման և ընկերության արդյունավետ կառավարման գործում, իսկ մյուս կողմից՝ ՀՀ մասնակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը, և երաշխավորում է մեր պետական ու տնտեսական շահերի պաշտպանության իրավական մեխանիզմները։

Նախարարի տեղակալը հավելել է նաև՝ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական փուլ տեղափոխելու, տարածաշրջանային հաղորդակցության զարգացման և Հայաստանի տնտեսական ու տարանցիկ ներուժի իրացման ուղղությամբ։ «Համաձայնագրի ստորագրմանը արդեն կհաջորդի TRIPP զարգացման ընկերության հիմնադրումը և գործունեության ծավալումը ՀՀ-ում»,-ասել է փոխնախարարը։

Արձագանքելով՝  Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Այսպիսով՝  թևակոխում ենք TRIPP-ի իրագործման հերթական կարևոր փուլը։ Եվ այս փուլում արդեն իսկ արձանագրում ենք բաժնետիրական համաձայնագրի  տեքստի համաձայնեցված լինելը։ Այն 1 շաբաթվա ընթացքում կստորագրվի, որից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում և գործնականում հնարավորություն կունենա իրականացնել աշխատանքները։ Արդեն իսկ այս երկուշաբթի սկսեցինք TRIPP նախագծի գործնական իրագործման նախապատրաստական աշխատանքները։ Այսինքն՝ տեղում, մասնավորապես, երկաթուղային հատվածում, մաքրման, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Զուգահեռ հիմա նաև ճանապարհի և ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքներ ենք իրականացնում։ Այդ ամենն անում է ՀՀ կառավարությունը։ Երբ TRIPP զարգացման ընկերությունն արդեն ամբողջությամբ ձևավորված կլինի, գործերը կփոխանցենք իրենց, որպեսզի նրանք նույն կետից շարունակեն, և հնարավորինս քիչ ժամանակ կորցնենք»։ Վարչապետը հավելելով՝  շեշտել է, որ սա անկախությունից ի վեր ամենամեծ տնտեսական նախագիծն է։

ՀՀ-ում հոկտեմբերին գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է արձանագրվել

Կառավարության այսօրվա նիստում  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշխատատեղերի ստեղծմանը և հայտնել, որ հոկտեմբերի տվյալներով՝ ՀՀ-ում ունենք գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ «Արձանագրվել է 849 հազար 741 գրանցված աշխատատեղ, որը 39 հազար 667-ով ավելի է 2025 թվականի հոկտեմբերին արձանագրված աշխատատեղերից և 312 հազար 997-ով ավելի է 2017 թվականին արձանագրված աշխատատեղերից»։

Վարչապետի խոսքով՝ սա ինչ-որ առումով կանխատեսելի էր. «Առնվազն մի բավականին ծանրակշիռ մասով ես այս դինամիկան կապում եմ առողջության ապահովագրության ներդրման հետ և նաև այն որոշումների հետ, որոնք կայացրել ենք։ Մասնավորապես՝ օրենք ընդունվեց. մինչև 200 հազար աշխատավարձ ստացող աշխատողները նույնպես ընդգրկվում են առողջության ապահովագրության համակարգում 2027 թվականի հունվարի 1-ից։ Եվ փաստացի ստացվում է, որ վարձու աշխատող համարվող  ամբողջ սեգմենտը, մեր քաղաքացիները կամ ՀՀ-ում աշխատող մարդիկ ամբողջությամբ ընդգրկվում են առողջության ապահովագրության համակարգում, և բաց չենք ունենում»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ  երկու հիմնական խումբ կա, որոնք դեռ պետք է ընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում․ դրանք են գյուղացիական տնտեսություններ ունեցող քաղաքացիները և 63-65 տարեկան թոշակառուները։

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառման իրականացումը երկարացվել է մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու համար Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվել է ծրագիրը երկարացնել մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը։

Ինչպես նշել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, այս պահին կենսաթոշակների և նպաստների շահառուներին տրամադրվում է անկանխիկ գործարքների 20 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամ։ «2026 թվականի նոյեմբերին ունեցել ենք այս ծրագրից օգտվող 578 հազար շահառու, և հետվճարի միջին չափը 8200 դրամ է։ Եթե համեմատեմ տարվա սկզբի թվերի հետ, իհարկե, կարող ենք ավելի հետ էլ գնալ, տարվա սկզբին ունեցել ենք 415 հազար շահառու, և միջին չափը եղել է 6900 դրամ, այսինքն՝ մենք կտրուկ աճ ունենք տարվա ընթացքում։ Խոսքը, փաստորեն, 150 հազարից ավելի քաղաքացիներին է վերաբերում, և այդ գործընթացը շարունակվում է։ Այս տարի հետվճարի վրա արդեն ծախսել ենք մոտ 42 մլրդ դրամ, իհարկե, դեռ կշարունակենք ծախսել, որովհետև տարին չի ավարտվել, իսկ մյուս տարվա համար նախատեսել ենք բյուջեով մոտ 60 մլրդ դրամ։ Սա էական ավելացում է կենսաթոշակներ և նպաստեր ստացող մեր քաղաքացիների եկամուտներում։ Հաջողված ծրագիր է, և նաև դրանով է պայմանավորված մեր առաջարկը՝ շարունակելու»,– ասել է նախարարը՝ հավելելով, որ ընթացքում հնարավոր է այլ որոշումներ՝ ծրագիրը բարելավելու համար։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և գոհունակություն հայտնել ծրագրի հաջող ընթացքից. թոշակառուների մոտ 90 տոկոսն արդեն օգտվում է ծրագրից։ «Սա ծրագրի հաջողության ամենամեծ գրավականն է, որովհետև մարդիկ կոնկրետ արդեն ներգրավվել են», -ասել է վարչապետը։

ՀԴՄ կտրոնների քանակը 10 ամսում աճել է 23, իսկ հասույթները՝ 25 տոկոսով

Կառավարության այսօրվա նիստում  ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ ՀԴՄ կտրոնների քանակը 10 ամսում աճել է 23 տոկոսով, իսկ հասույթները՝ 25 տոկոսով. «Բայց ավելի հետաքրքիր է անկանխիկի դինամիկան։ Անկանխիկ կտրոնների քանակի 60 տոկոսով աճ ունենք, հասույթների՝ 47 տոկոսով աճ։ Այսինքն՝ ակնհայտ երևում է, որ մինչ օրս իրականացրած բարեփոխումները, նաև քեշբեքի միջոցառումներն իրենց արդյունքը բերում են»։

ՊԵԿ նախագահը հրապարակել է նաև ՀԴՄ շրջանառության հետ կապված որոշ թվեր. «ՀԴՄ շրջանառության մասով մոտավորապես 50 տոկոսին ենք հասել և անցել, այսինքն՝ կեսից ավելին անկանխիկ է տեղի ունենում, բայց եթե դրան գումարենք այլ հարթակներում իրականացվող առևտուրը, կարող է պարզվել՝ անկանխիկն ավելի մեծ է։ Բայց մանրածախում կեսն անցնում ենք արդեն»։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, թե ինչ ծավալի փոփոխության մասին է խոսքը. «Տարիներ առաջ խոսում էինք, բայց կասկածում, թե դա ինչքանով է հնարավոր։ Դա իրականություն է, հիմա մենք հաջորդ փուլ պետք է գնանք, որ անկանխիկում նույնպես անտեսանելի տեղեր չմնան։ Պարզ է, որ սա իսկապես հաջողության պատմություն է, որն անպայման պետք է զարգացնել»։

Կապահովվի ստվերային շրջանառության կրճատումը, հարկային կարգապահության բարձրացումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ստվերային շրջանառության կրճատումը և հարկային կարգապահության բարձրացումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, հավասար մրցակցային պայմանների ձևավորումը, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների իրացման գործարքների նկատմամբ վերահսկողության միասնական և համընդհանուր մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը ապահովելու նպատակով։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման և ԱՏԳԱԱ ծածկագրի, աշխատանքի կամ ծառայության անվանման և կոդի, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակի (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակի և դրա չափման միավորի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրման պահանջ սահմանել բոլոր հարկ վճարողների համար՝ անկախ նախորդ տարվա իրացման շրջանառության մեծությունից։

Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, այն միկրոձեռնարկատիրության շեմի բարձրացմանը զուգահեռ ընթացող ՀԴՄ բարեփոխումներից մեկն է: «Մասնավորապես, հիմա ունենք այսպիսի կարգավորում, որ եթե նախորդ տարվա շրջանառությունը գերազանցում է 24 մլն դրամը, տնտեսվարողը պարտավոր է ՀԴՄ-ի վրա գեներացնել ապրանքի անվանում, ծածկագիր, աշխատանքի կամ ծառայության անվանում, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև ճաշացանկ, գնվող ապրանքի քանակ ու չափման միավոր: Այսինքն՝ գործող օրենսդրությամբ մինչև 24 մլն դրամի համար բացառություն էր սահմանված»:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ այս դեպքում առկա է խնդիր, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ տեղավորվում են այս շեմի ներքո և խանգարում են փոքրերին, նաև ստեղծում են անհավասար մրցակցային պայմաններ, նաև՝ ստվեր: Ըստ նրա՝ երկրորդ խնդիրն այն է, որ վարչարարության արդյունավետությունն է ընկնում, որովհետև 24 միլիոնից ցածր ապրանքների դեպքում տեսանելի չեն ապրանքը և գործարքը, երրորդը՝ սպառողների շահերի պաշտպանության հարցն է։ Ըստ այդմ ՝  առաջարկվում է միասնականացնել կանոնը, ըստ այդմ՝ ՀԴՄ կտրոնը պետք է ունենա նույն բովանդակությունը՝ անկախ շրջանառությունից: «Առաջարկում ենք, որ կարգավորումը սկսի գործել հունվարի 1-ից։ Տեխնիկապես պատրաստ ենք և սարքեր, ծրագրեր փոխելու անհրաժեշտություն չկա»,-ասել է Էդուարդ Հակոբյանը։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը  ընդգծել է՝ Հայաստանում չպետք է լինի առևտրային այնպիսի գործարք, որը ՀԴՄ չգեներացնի: «Ակնհայտորեն սա ստվերի դեմ պայքարի մի գործողություն է, որը մեր քաղաքականությունների շրջանակում անպայման պետք է իրականացնենք»,-ասել է վարչապետը։

Կապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումը

ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման, թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառումների իրականացման արդյունքում հոկտեմբեր ամսին առաջացող պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Հիմնավորման համաձայն, մասնավորապես՝ հոկտեմբերին արտահանվել է՝ շուրջ 135․8 տոննա ելակ,  2351.9 տոննա լոլիկ, 5271,4 տոննա պղպեղ, 3.200323 մլն հատ վարդ, 49.3 տոննա թուզ, 42,6 տոննա տոմատի մածուկ, 57,853 հազար լիտր շշալցված խաղողի գինի և այլն։

Կկարգավորվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման գործընթացը

Գործադիրը հաստատել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց հաշվառման կարգը և հաշվառման տեղեկանքի ձևը։ Ըստ հիմնավորման՝ ներկայում ՀՀ-ում հաշվառված է 825 առանց ծնողական խնամքի մնացած երեխա և 362 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ։ Որոշմամբ առաջարկվում է կարգավորել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման գործընթացը։ Առաջարկվող կարգավորման նպատակն է գործընթացը դարձնել թափանցիկ, ապահովել մասնագիտական գործընթացի լիարժեք իրականացումը՝ բացառելով պարզապես տեխնիկական հաշվառում իրականացնելը։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ հաճախ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ տրամադրելու նպատակով հայցում են տեղեկանք՝ որոշման ընդունման արդյունքում այն կկարողանան ձեռք բերել անհատական օգտահաշիվներից՝ առանց սոցիալական պաշտպանության ոլորտի լիազոր պետական մարմնին դիմում ներկայացնելու։

Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Արդյունքում՝ կհաստատվի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, որով անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար կապահովվեն ընդունելության միևնույն պայմաններ (առնվազն երկու ընդունելության քննության հանձնում), բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշներ և միևնույն մուտքային պահանջների համապատասխանություն: Այն կնպաստի պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում (տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ճարտարագիտության,   գյուղատնտեսության, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության և այլն) համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանն ուղղված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ապահովմանը:

Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ՝ տարբերակելով մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումը,  յուրաքանչյուր առանձին որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումը։ Որոշման ընդունման հիմնական նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լիցենզավորման գործընթացի կատարելագործումը, կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պայմանների հստակեցումը և նոր՝ որակավորման շրջանակային նկարագրերի վրա հիմնված լիցենզավորման համակարգի փուլային ներդրման ապահովումը։ Առաջարկվող կարգավորումները միտված են միաժամանակ լուծելու երկու փոխկապակցված խնդիր՝ ապահովել գործող մասնագիտություններով կրթական ծրագրերի լիցենզավորման անընդհատությունը և ստեղծել անհրաժեշտ իրավական ու կազմակերպչական հիմքեր որակավորման կրթական ծրագրերի լիցենզավորման նոր համակարգին անցնելու համար։ Որակավորման շրջանակային նկարագրերի ներդրումը հնարավորություն կտա կրթական ծրագրերի բովանդակությունը և վերջնարդյունքները առավել սերտորեն կապել աշխատաշուկայի պահանջների և համապատասխան մասնագիտական գործունեության առանձնահատկությունների հետ։

Հաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ միջազգային պարտավորություններից և հանձնառություններից։  Ռազմավարական ծրագիրը նախատեսում է զարգացնել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների և քաղաքացիական հասարակության կառույցների փոխգործակցության մեխանիզմները, ապահովել ոլորտային մասնագետների շարունակական վերապատրաստում և մասնագիտական կարողությունների զարգացում, ընդլայնել զոհերի համար մատչելի սոցիալական, հոգեբանական և իրավական ծառայությունների շրջանակը, խթանել հանրային իրազեկման նոր մեթոդների կիրառությունը՝ թիրախավորելով բարձր ռիսկային խմբերին, ամրապնդել միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը՝ կանխարգելման և հետաքննության արդյունավետության բարձրացման նպատակով։ Ռազմավարական ծրագրի նպատակն է ձևավորել միասնական քաղաքական և իրավական տեսլական՝ ամրապնդելով պետության համակարգային և համաչափ արձագանքը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման բոլոր դրսևորումներին՝ հիմնվելով իրավունքի գերակայության, մարդու արժանապատվության և պետության պատասխանատվության սկզբունքների վրա։

Կապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման կարգը և ժամկետները, ինչպես նաև արգելափակման ենթակա կայքերի ցանկի վարման, հաստատման և պետական մարմիններին ու այլ կազմակերպություններին հասանելիության տրամադրման կարգը։ Ըստ հիմնավորման՝ խաղային գործունեության թվայնացման և առցանց հարթակների տարածման պայմաններում աճել են այն դեպքերը, երբ ՀՀ տարածքում հասանելի են դառնում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքեր։ Նման հարթակների գործունեությունը խոչընդոտում է խաղային գործունեության ոլորտում պետական կարգավորման նպատակների իրագործմանը, նվազեցնում է վերահսկողության արդյունավետությունը և կարող է հանգեցնել օրենքով սահմանված պահանջների շրջանցման։ Որոշման ընդունմամբ՝ կստեղծվեն կազմակերպական և ընթացակարգային անհրաժեշտ հիմքեր՝ ՀՀ տարածքում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի նկատմամբ վերահսկողության իրականացման, օրենքով նախատեսված սահմանափակումների կիրառման, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով։ Արդյունքում կապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպիչների համար հավասար մրցակցային պայմանների ձևավորումը, ինչպես նաև խաղային ծառայություններից օգտվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը։

 Օրենսդրական նախաձեռնություններ 

Հավանություն է տրվել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի  նպատակն է երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման համակարգերի հնարավոր ներդաշնակեցումը, իրավակարգավորումների կատարելագործումը, վարչարարության պարզեցումը։ Նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և խնամքի նպաստներին առնչվող՝ օրենքի դրույթներից հանել որդեգրողին վերաբերելի իրավակարգավորումները, քանի որ այս դեպքում համապատասխան ինստիտուտի կարգավորումների համաձայն` որդեգրողը հանդես է գալիս որպես ծնող, իսկ նպաստի իրավունքն իրացնելիս որդեգրման փաստը հրապարակելու անհրաժեշտություն չկա։ Օրինագծով առաջարկվում է նաև՝ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատությունների կամ կազմակերպությունների ցանկը հաստատելու համար լիազորել սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին, քանի որ այդ ցանկը պարբերաբար փոփոխվում է և նպատակահարմար չէ այն նորմատիվ իրավական ակտով հաճախակի փոփոխելը։ Նախատեսվում է նաև հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմելու՝ օրենքով սահմանված ժամկետները և այլն։ Արդյունքում՝ կկատարելագործվեն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և խնամքի նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը՝ հնարավորինս ապահովելով պետական տվյալների շտեմարաններում առկա տեղեկատվության ինքնաշխատ եղանակով օգտագործումը, նպաստի իրավունք ունեցող անձանց համար վարչական գործողությունների և փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության նվազեցումը, կներդաշնակեցվեն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ու խնամքի նպաստների իրավունքների իրացման պայմանները, ժամկետները, ընթացակարգերը, 2028 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում կսահմանվի խնամքի նպաստի համահարթ չափ, անկախ ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու կամ գյուղաբնակ հանդիսանալու հանգամանքից։

Կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Նախագծերի նպատակն է ապահովել պետական գրանցման/հաշվառման ոլորտում առցանց մատուցվող ծառայությունների օգտագործելիության բարձր մակարդակը՝ համապատասխանեցնելով պետական կառավարման թվային վերափոխման քաղաքականությանը։ Նախագծերի ընդունմամբ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխության պետական հաշվառման և հաշվառումից հանելու՝ համապատասխան դիմումները, Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կողմից դրանք կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նույն սկզբունքով էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու պարտադիր պահանջ է նախատեսվում նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, բաժնետիրական ընկերության և հասարակական կազմակերպության պետական գրանցման՝ օրենքով նախատեսված համապատասխան դեպքերի համար։ Արդյունքում ակնկալվում է նվազեցնել պետական գրանցման և պետական հաշվառման ծառայություններից օգտվելու համար սպասարկման վայր անձամբ ներկայանալու անհրաժեշտությունը, կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը և դրա հետ կապված վարչական աշխատանքը, ինչպես նաև ապահովել պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացների առավել արդյունավետ և միասնական իրականացում։

 

Գործադիրի հավանությանն է արժանացել ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Փոփոխություններով, մասնավորապես, վերանայվել է լեզվական պետական քաղաքականության հասկացությունը, որի արդյունքում ընդլայնվել է դրա բովանդակային շրջանակը։ Անհրաժեշտություն է առաջացել սահմանել հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչներ հասկացությունը՝ ստեղծելով իրավական մեխանիզմներ դրա ներդրումն ապահովելու համար։ Նախագծի ընդունումը կնպաստի լեզվական պետական քաղաքականության նոր շրջանակի իրականացմանը, դրա համար անհրաժեշտ իրավական և ինստիտուցիոնալ գործիքակազմի ապահովմանը։

 

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն ՀՀ զինանշանի պատկերն ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա տեղադրելու համար:

 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

 

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն  ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից։

 

«Վսդատա» ՍՊԸ ներդրումային ծրագրի նպատակն է ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն (Data Center) Արագածոտնի մարզում, որը կտրամադրի բարձր հուսալիությամբ և անվտանգությամբ ենթակառուցվածք՝ տեղական և միջազգային ընկերությունների սերվերների տեղակայման համար։ Կենտրոնը կունենա շուրջ 200 սերվերային պահարանների տարողունակություն և կնպաստի Հայաստանում թվային ենթակառուցվածքների զարգացմանը։Նախատեսվում է, որ հաճախորդների մոտ 30%-ը կլինեն միջազգային ընկերություններ, ինչը ծրագրին կտա արտահանման ուղղվածություն՝ ծառայությունների արտահանման տեսքով։ Ծրագրով նախատեսվում է տվյալների կենտրոնի նախագծում, կառուցում և շահագործում՝ ապահովելով անխափան էլեկտրամատակարարում, սառեցման համակարգեր, ֆիզիկական և կիբերանվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաև կապի բազմակի ալիքներ։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի կապիտալ ներդրում (ներառում է նաև ներմուծվող սարքավորումների արժեքը)։ Մինչև 2027 թ. ընկերությունը նախատեսում է ստեղծել 18 նոր աշխատատեղ՝ 374 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 298․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 21․5 մլն դրամ։

 

«Մայեռ պլաստ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների և կցամանների արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 3․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 104 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 45 աշխատատեղ 228 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 48-ի՝ 235 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 236 մլն դրամ։

 

«Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնել ընդհանուր շուրջ 1․5 մլն դրամի ներդրում հումքի, 105 մլն դրամի ներդրում արտադրական հաստոցների և 12 մլն դրամի ներդրում բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 465 աշխատատեղ 220 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 485-ի՝ 230 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 97 մլն դրամ։

 

«Ալեքս սոկս» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կանացի և մանկական զուգագուլպաների, կիսագուլպաների և գուլպաների արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 152․4 մլն դրամի ներդրում հումքի և 50 մլն դրամի ներդրում հաստոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 65 աշխատատեղ 215 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 75-ի՝ 220 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 146․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 7․3 մլն դրամ։

 

«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մանրավարունգների վերամշակման արտադրության համար՝ իրականացնելով  325 դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 479 աշխատատեղ 234 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 494-ի՝ 241 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 110 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 11 մլն դրամ։

 

Այլ որոշումներ. սահմանվել է Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգը

 

Գործադիրը սահմանել է Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգը։ Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է  Բնակչության պետական ռեգիստր մուտքագրված տվյալների պահպանության և տվյալների արխիվացման կարգը։  Մասնավորապես՝  նախատեսվում է ստեղծել շտեմարանը, դրա կառավարիչ սահմանել Միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնին և հաստատել կանոնակարգը։ Կանոնակարգով սահմանվում են բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքը և հիմնական ֆունկցիոնալ հնարավորությունները՝ ներառելով տվյալների և դրանց որակի, հանրային ծառայությունների համարանիշի, գործերի ու փաստաթղթերի, հասանելիության, գործողությունների գրանցման, արխիվացման և ծանուցումների կառավարումը։ Արդյունքում ակնկալվում է՝ ապահովել բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքային, տեխնիկական և ֆունկցիոնալ ամբողջականությունը, շտեմարանի շարունակական ու անվտանգ գործունեությունը, ապահովել տվյալների հասանելիության տրամադրման և օգտագործման հստակ ընթացակարգեր՝ օրենքով թույլատրելի նպատակներով և անհրաժեշտ ծավալով, ամրապնդել անձնական տվյալների պաշտպանության, կատարված գործողությունների հետագծելիության և անվտանգության միջադեպերին արձագանքման մեխանիզմները և այլն։

Կառավարության որոշմամբ կապահովվի Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական ՊՈԱԿ-ներում առավել որակյալ, հասանելի և մատչելի բժշկական օգնություն և սպասարկում։ Հիմնավորման համաձայն՝  ծառայությունները տրամադրելու համար անհրաժեշտություն է առաջացել բուժհիմնարկները վերազինել  և արդիականացնել ժամանակակից սարքավորումներով։

Գործադիրը սահմանել է  նաև երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30