Սոցցանցերում, մամուլում ակտիվորեն քննարկվում է գրպանահատների հարցը, այսօր ոստիկանությունը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու գրպանահատության դեմ իրենց կատարած քայլերը:
Լրագրողները հարցրեցին՝ կասկածներ կան, որ երթուղայինների վարորդները համագործակցում են գրպանահատների հետ, որեւէ գործողություն կատարե՞լ եք սրա հետ կապված՝ Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության պետի տեղակալ Հարություն Անոյանը պատասխանեց, որ շատ դեպքերում վարորդները կանգնեցնում են մեքենան, ահազանգում են ոստիկանություն. «Գրպանահատը հարմար առիթ է ման գալիս, գտնում է, թե որտեղ շատ մարդ կլինի ու այդ երթուղայինն է ընտրում: Բացառված է, որ համագործակցեն վարորդները, մեր ոստիկանության աշխատակիցները շուրջօրյա ծառայություն են իրականացնում երթուղայիններում, նման դեպք այսքան ժամանակ չի արձանագրվել»:
Բազմաթիվ օգտատերեր, քաղաքացիներ պատմում են, որ երբ իրենք նկատել են գրպանահատին, թե ինչպես է փորձում դրամապանակ թռցնել, ժեստերով փորձել են ահաբեկել, թե վիզդ կկտրեմ եւ այլն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մարդիկ ասում են, որ գրպանահատների մոտ կտրող, ծակող գործիքներ են լինում, նման դեպքեր հաճախակի՞ եք գրանցում՝ Անոյանը պատասխանեց. «Նման դեպքերը շատ քիչ են, տարվա մեջ մի քանի դեպք: Գրպանահատը հարմար առիթ է ման գալիս, որ տվյալ պահին հեռանա տարածքից: Քաղաքացիների մեջ է այդ կարծիքը, որ եթե բողոքեմ, հետապնդեմ, ինձ կվնասեն, նման բան չկա, ոստիկանությունը բոլոր գործողությունները իրականացնում է օրենքով»:
Aravot.am-ը հարցրեց՝ քաղաքացիները պատմում են, որ որոշ դեպքերում հետաքննիչներն իրենք են հորդորում չբողոքել, համոզում են, որ տուժած քաղաքացին բողոք չգրի, կոնկրետ թիվ 70 երթուղայինում տեղի ունեցած գրպանահատության դեպքից հետո տուժողը ժամը 11-ից մինչեւ 4-ը դեռ ոստիկանական բաժանմունքում է եղել ու բացատրագրեր գրել, այս քաշքշուկները չե՞ն նպաստում, որ մարդիկ հիասթափվեն ու բողոք չգրեն՝ Անոյանը պատասխանեց. «Տուժողը հրավիրվում է ոստիկանություն, մանրամասն բացատրություն է տալիս՝ ոնց է եղել, ինչ է եղել, ոստիկանությունը էնպես չի, որ կանչում, նստացնում է, մանրամասն լսում են: Ինչքան հնարավոր է շուտ տուժողից բացատրություն վերցնում՝ ճանապարհում են, մինչեւ հանցանք կատարած անձին հայտնաբերեն»:
Կարդացեք նաև
Մենք նաեւ հարցրեցինք՝ օգտատերերը առաջարկում են, որ ինչպես սովետի ժամանակ, հիմա էլ ոստիկանությունը գրպանահատների նկարները փակցնի կանգառասրահներում, որ քաղաքացիները տեսնեն, զգուշանան, ճանաչեն գրպանահատներին, այս տարբերակը դիտարկվե՞լ է ոստիկանությունում՝ Հարություն Անոյանը պատասխանեց. «Ճիշտն ասած դիտարկվել է, կմտածենք ձեր առաջարկի մասին: Բայց քաղաքացիները, երբ երթուղայիններից օգտվում են, մեծ մասամբ մտքերով են լինում, ուշադրություն չեն դարձնում, կողքին լուսանկար էլ փակցված լինի՝ ուշադրություն չեն դարձնի, գլուխները կախ նստում են: Շատ քաղաքացիներ նաեւ ականջակալներ են դնում, երաժշտություն են լսում, ուշադիր չեն լինում, թե ինչ է կողքերը կատարվում: Մեր քաղաքացիներին խնդրանք՝ երթուղային տրանսպորտային միջոցներից օգտվելիս ավելի ուշադիր լինեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































