«Անկախ նրանից, թե ֆեյսբուքյան էջում նկարներ կհրապարակվեր, թե չէ՝ ոստիկանությունն իր գործն անում էր եւ պետք է անի: Իսկ ինչքան աշխատանքներ ենք մենք անում, որը ֆեյսբուքով չենք հրապարակում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանը:
Մեր դիտարկմանը, որ գուցե ճիշտ կլիներ, որ ձեր կատարած աշխատանքը հրապարակվեր, որովհետեւ գրպանահատների մասին հայտնի գրառման տակ օգտատերերը խոսում են ոստիկանության անգործության մասին, որովհետեւ տեսնում են՝ այսօր գողը բռնվեց, վաղը բաց է թողնվում՝ Պետրոսյանը պատասխանեց. «Կհանրայնացվի: Այդ երկու դեպքերով էլ քննության արդյունքները կհանրայնացվի եւ կիմանան»:
Նա ասաց, որ սոցցանցերում աղմուկ հանած դեպքերը բացասական ֆոն են գցում ոստիկաների աշխատանքի վրա, դրա համար իրենք ամեն ինչ անում են, որ արժանանան գովասանքների:
Մենք հարցրեցինք՝ այդ «բանդան», որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, նրանք շա՞տ քրեական գործերով են անցնում, գրպանահատության շա՞տ դեպքեր են եղել նրանց մասնակցությամբ՝ Հակոբ Պետրոսյանը պատասխանեց. «Ձեր քրեաիրավական որակումը՝ բանդա, ճիշտ չի, բանդա ասելով՝ մի քիչ ավելի ծանրացնում ենք, բայց այս տղաների կազմակերպված համատեղ աշխատանքը արձանագրվել է, այսօրվա դրությամբ պատշաճ գործողություններ են իրականացվում եւ արդեն իսկ քննության ընթացքում շատ հարցերի պարզաբանումներ կտրվեն, կպարզվի՝ կա՞ն տուժողներ տվյալ անձանցից նախորդ անգամներում: Շատ են լինում դեպքեր, երբ նախկինում չդիմած քաղաքացիները, տեսնելով, որ մամուլում արձագանք կա, քաղաքացիներ են տուժել, գալիս են եւ իրենք էլ բողոքում են: Սա կապված է վերջին շրջանում ոստիկանության նկատմամբ հասարակության ունեցած վստահության բարձրացման հետ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































