Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը համախմբել է հայտնի ֆիզիկոսներին

Օգոստոս 30,2019 17:39

Aravot.am-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 26-ից Հայաստանում անցկացվում է «Սուպերսիմետրիաներ և քվանտային սիմետրիաներ – SQS’19» խորագրով միջազգային գիտաժողով՝ տեսական ֆիզիկայի ոլորտում: Միջոցառումը համատեղ կազմակերպվել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ) և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի (Դուբնա, ՌԴ) կողմից: SQS-ի պատմության մեջ ընթացիկ գիտաժողովը երկրորդն է, որ կայանում է Դուբնայից դուրս (2001 այն կայացել է Լեհաստանի Կարպաչ քաղաքում) և համաղեկավարվում է Եվգենի Իվանովի և Արմեն Ներսիսյանի կողմից (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ):

Ալեքսեյ Իսաեւ

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ճանաչված ֆիզիկոս Ալեքսեյ Իսաեւը Դուբնայից, այս գիտաժողովը բացառիկ է նրանով, որ իրականացվում է ի հիշատակ Վիկտոր Օգիեվեցկու, որն էլ 90-ականներին նախաձեռնել է Դուբնայում երկու տարին մեկ անցկացնել նման գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում էր նաեւ պրոֆեսորի որդին` Օլեգ Օգիեվեցկին, որը Մարսելի համալսարանի պրոֆեսորներից է: «Գիտաժողովը ներկայացուցչական է, այն մեզ ոգեւորում է ավելի լավ աշխատել եւ լուծել մեր առջեւ դրված խնդիրները»,-ասաց գիտնականը:

Aravot.am-ի հետ զրույցում Օլեգ Օգիեվեցկին խոսելով գիտաժողովի կարեւորության մասին, նշեց, որ ուրախ է, որ համաժողովը համախմբել է բավականին մեծ թվով երիտասարդների եւ ուժեղ գիտնականների: «Սա շատ հետաքրքիր է, ինչպես Հայաստանի համար, այնպես էլ միջազգային մասշտաբների առումով»,-ասաց գիտնականը: «Տեսական ֆիզիկայի ոլորտի ամենաժամանակակից թեմաներն են քննարկվում եւ կարեւոր է, որ երիտասարդները ներգրավված լինեն ոլորտի զարգացման գործում»,-շեշտեց նա:

Դմիտրի Կազակով

Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի տնօրեն Դմիտրի Կազակովը Aravot.am-ի հետ զրույցում երեւանյան գիտաժողովը բնորոշեց որպես բարձր մասնագիտական ոլորտի գիտաժողով: «Առաջին անգամ եկել ենք Երեւան: Մտածեցինք, որ ինչպես հայ ֆիզիկոսների, այնպես էլ մեր կապերի ընդլայնման առումով հետաքրքիր կլինի գիտաժողովը Երեւանում անցկացնելը»,-նշեց նա:

Թուրք պրոֆեսոր Բահտիյար Օզգյուր Սարիօղլուն Թուրքիայից էր ժամանել Հայաստան: Նա եւս տպավորված էր եւ ասաց, որ գիտաժողովը նաեւ յուրատեսակ հնարավորություն է տաբեր ազգերի գիտնականների հետ կապեր հաստատելու ու միմյանց փոխճանաչելու առումով: Գիտաժողովը նա որպես խաղաղ կամուրջ որակեց, ապա նշեց, որ եթե որեւէ երկիր ուզում է հզոր լինել, ուրեմն պետք է հզոր գիտություն ունենա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031