Լրահոս
Օրվա լրահոսը

Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի աշխատակիցների համատեղ դիրքորոշումը

Սեպտեմբեր 17,2026 13:30 Share

Պնդումները չեն արտացոլում մեր աշխատանքային իրականությունը

«Առավոտ» օրաթերթի 2025 թվականի դեկտեմբերի 6-ի և 2026 թվականի օգոստոսի 31-ի հրապարակումներում տեղ են գտել մի շարք պնդումներ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գործունեությանը, աշխատանքային միջավայրին, տնօրեն Մերի Մանուչարյանին և աշխատակիցներին վերաբերող, որոնցով փորձ է արվում ձևավորել պատկերացում, թե Ինստիտուտում առկա է լարված և անառողջ աշխատանքային մթնոլորտ, աշխատակիցների նկատմամբ գործադրվում են ճնշումներ, տնօրենի կողմից թույլ են տրվում չարաշահումներ, իսկ աշխատակիցների մասնագիտական գործունեության և առաջխաղացման հարցերում դրսևորվում է կողմնակալ վերաբերմունք։

Մենք հայտարարում ենք, որ այդ պնդումները չեն արտացոլում մեր աշխատանքային իրականությունը և չենք ընդունում Ինստիտուտում համակարգված ճնշումների, տնօրենի կողմից չարաշահումների կամ աշխատակիցների նկատմամբ կամայական և խտրական վերաբերմունքի վերաբերյալ հրապարակման մեջ ներկայացված ընդհանրացումները։

Որպես կանոն, աշխատանքային միջավայրը անմասն չէ քննարկումներից, տարաձայնություններից և առանձնահատկություններից, սակայն դրանք չեն կարող հիմք հանդիսանալ ամբողջ կազմակերպությունում «լարված մթնոլորտի» կամ համակարգված ճնշումների վերաբերյալ ընդհանրացված պնդումների համար։

Ինստիտուտի ներսում ստեղծված աշխատանքային քննարկումները կրում են զուտ մասնագիտական բնույթ, և դրանք անձնական, պաշտոնական հավակնությունների գործիք դարձնելը համարում ենք անընդունելի։ Ինչպես նաև անընդունելի ենք համարում առանձին անձանց դժգոհությունները կամ մասնավոր դիրքորոշումները ամբողջ Ինստիտուտի աշխատակիցների և աշխատանքային միջավայրի ընդհանուր գնահատականի վրա սփռելը։

Առանձնահատուկ մտահոգիչ ենք համարում այն հանգամանքը, որ նման հրապարակումները ձևավորում են հանրության շրջանում Ինստիտուտի իրական վիճակին չհամապատասխանող բացասական պատկերացում՝ վնասելով ինչպես Ինստիտուտի գիտական հեղինակությունն ու տարիների ընթացքում ձևավորված մասնագիտական համբավը, այնպես էլ աշխատող գիտնականների, հետազոտողների և մյուս աշխատակիցների մասնագիտական հեղինակությունը։

Միաժամանակ ընդգծում ենք, որ լիովին հարգում ենք խոսքի ազատության, լրագրողական գործունեության և հասարակական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քննադատական հրապարակումների իրավունքը։ Սակայն այդ իրավունքը ենթադրում է նաև փաստերի ստուգման, բազմակողմանիության և պատասխան կողմի տեսակետը պատշաճ ներկայացնելու սկզբունքների պահպանում, հատկապես երբ խոսքը վերաբերում է կոնկրետ անձանց և կազմակերպության հեղինակությանը վնասող պնդումներին։ Հորդորում ենք լրատվամիջոցին նախապես ստուգել Ինստիտուտի տնօրենի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը, հետազոտական ոլորտներն ու գիտական կենսագրությունը։ Ինստիտուտում իրականացվող իրավական և կազմակերպչական գործընթացները, ներառյալ ատեստավորման և դրույքաչափերի հարցերը, ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ կառավարության սահմանած իրավական նորմերին։

Ինստիտուտի աշխատանքային միջավայրը ներկայացվում է որպես լարված և անառողջ, իսկ տնօրենին վերագրվում են չարաշահումներ և աշխատակիցների նկատմամբ համակարգված ճնշումներ, չհիմնավորված կամ իրականությունը չարտացոլող պնդումների վերաբերյալ, ուստի պահանջում ենք ապահովել Ինստիտուտի աշխատակիցների իրական և ինքնուրույն ձևավորված դիրքորոշման հանրային հասանելիությունը հրապարակումներում, առանձին անձանց տեսակետները չներկայացնել որպես Ինստիտուտի աշխատակիցների կամ ամբողջ կազմակերպության ընդհանրական դիրքորոշում։

Սույն հայտարարությամբ մենք չենք փորձում սահմանափակել որևէ անձի կամ լրատվամիջոցի քննադատական դիրքորոշում արտահայտելու իրավունքը։ Մենք պաշտպանում ենք մեր՝ որպես գիտական կազմակերպության աշխատակիցների, մասնագիտական արժանապատվությունն ու հեղինակությունը, ինչպես նաև Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական համբավը։

Մենք ստորագրում ենք սույն հայտարարությունը՝ հաստատելով, որ դրա բովանդակությունն արտահայտում է մեր անձնական և ազատ կամքով ձևավորված դիրքորոշումը, և մեր աշխատանքային փորձի հիման վրա չենք կիսում հրապարակման մեջ Ինստիտուտում համակարգված լարվածության, ճնշումների կամ տնօրենի կողմից չարաշահումների վերաբերյալ ներկայացված պնդումները։

Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի աշխատակիցներ,
35 ստորագրություն

Առավոտի կողմից. Մենք 2 հրապարակումների դեպքում էլ ներկայացրել ենք ինստիտուտի տնօրենի տեսակետը, նյութերը պատրաստել՝ նրանից ստացած մեկնաբանությունը ևս զետեղելով նույն նյութում։

«Առավոտ» օրաթերթ

16.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել